Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրը մարմնով ծածկել է որդուն, զոհվել, բայց փրկել տղայի կյանքը:
Արցախյան առաջին պատերազմի մասնակից Գագիկ Ավետիսյանը պատերազմի մասին լուրը ստանալուց անմիջապես հետո մեկնել է առաջնագիծ՝ 20-ամյա որդու մոտ:
«Ես չհասցրեցի զանգել տուն, առաջին օրը ժամանակ չեղավ, երկրորդ օրն արդեն պապաս եկավ»,- պատմում է Ավետ Ավետիսյանը:
Ավետը 44-օրյա պատերազմի մեկնարկին շուրջ մեկ ու կես տարվա ժամկետային զինծառայող է եղել: Ծառայել է Եղնիկներում: Թշնամում դեմ սեպտեմբերի 28-ից սկսած ապքարել է նաեւ հոր հետ:
«Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 21 միասին ենք եղել, 21-ին զոհվեց»,- ասում է Ավետը: Տղան հիշում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Եղնիկների դիրքերը հերտանակոծվել են գրավյալ Մատաղիսից՝ հայկական կողմի զինամթերքով:
«Մատաղիսի կողմից այդ օրը խփեցին մեր դիրքին: Մի պահ աչքերիս դեմը սեւացել էր, հետո բացեցի աչքերս տեսա, որ բոլորը պարկած են գետնին: Հրթիռը որ տրաքեց պապաս դեմն էր կանգնած, ինձ փակեց ասկոլկեկից: Պապաս հենց առաջին վայրկյանից զոհվեց»,- ասում է Ավետը եւ նշում, որ սկզբից չի մտածել, որ հայրը զոհվել է, այլ կարծել է՝ վիրավոր է:
Պատերազմը Եղնիկներում սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:00-ին: Պատերազմն ընդհատել է զինվորների նախաճաշը:
«Նստել էինք, որ հարց ուտեինք եւ հենց այդ ժամանակ էլ սկսեցին կրակել ու ժամանակ չեղավ ուտելու, հելանք կրակելու: Սկզբի մի քանի օրն էր անսովոր, հետո սովորական դարձավ, առավոտը հելնում կրակում էինք, երեկոյան՝ քնում էինք, բայց մեկ-մեկ լինում էր որ գիշերն էլ էին կրակում»,- հիշում է Ավետը եւ նշում՝ պատերազմի մասին սեպտեմբերի 26-ի ուշ գիշերն է ընկերոջ հետ խոսել, ընկերն ասել է՝ պատերազմ է սկսվելու:
«Առավոտ 07:00-ին սկսեցին կրակել: Համ վախենալու էր, համ ադրենարին կար, անհասկանալի իրավիճակ էր»:
Եղնիկներն այժմ էլ հայկական է մնացել: Պատերազմի ընթացքում մի քանի դիրք են կորցրել, բայց հետո հաջողվել է հետ բերել:
«Մեր մոտ ուզում էին նահանջ տալ, բայց վերջին պահին հրամանատարը փոշմանեց: Մեզ նահանջի հրաման ուզում էին տալ, երբ Մատաղիսն արդեն գրավել էին»:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: