Հաագայի դատարանն այսօր կհրապարակի Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերով վճիռները

188

Հաագայի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն այսօր կհրապարակի  Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերով վճիռները։ Երկու երկրները միմյանց մեղադրում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան (ICERD) խախտելու մեջ և միջնորդել են շտապ քայլեր ձեռնարկել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երևանը հոկտեմբերին հայց էր ներկայացրել Բաքվի դեմ՝ Ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդվածները խախտելու մեղադրանքով։ Հայկական կողմը ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների և պահվող այլ անձանց նկատմամբ խոշտանգումներ և նվաստացումներ իրականացնելու փաստերի վերաբերյալ։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։ Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել, որում նմանատիպ մեղադրանքներ կան հայկական կողմի դեմ։