Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում

150

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշված համայնքների ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:

Ստացված 12 հաղորդում-ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից՝  

·  1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն,

·  3-ը՝ Աբովյան և Հրազդան խոշորացված համայնքներում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,

·  1-ը Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը,

·  6-ը՝ Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,

·  1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրել գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:

Իսկ հաղորդումներից 9-ի դեպքում մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության բաժիններում և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեադատավարական կարգով սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:

Ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ ստուգողական գործողությունները բոլոր դեպքերով ընթացքի մեջ են: