Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և հանցավոր ճանապարհով ստացված 875 մլն .200 դրամ օրինականացնելու համար:
Վարդան Մինասյանը պաշտոնավարել է մեկ տարի: Նա նշանակվել էր պաշտոնի 2015 թվականի ապրիլին, երբ այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փոձում էր բարեկարգվող ոստիկանության իմիջ ստեղծեր և մի քանի կադրային խոշոր փոփոխություն արեց, այդ թվում փոխելով պետական պահպանության գլխավոր վարչության պետին:
Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տվյալների, բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք: Հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը տարբեր տնտեսվարողների հետ պայմանագրեր է կնքել և Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողները համապատասխան գումարների դիմաց իրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը:
«Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանը, չունենալով տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, Վարդան Մինասյանի կազմակերպմամբ և թողտվությամբ, նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն օբյեկտների պահպանության դիմաց ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ», — ասվում է հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:
Փաստորեն, պետական օբյեկտների պահպանությունը ոստիկանության կողմից եկամտաբեր բիզնես է եղել համակարգում: «Առանց պայմանագրի, «սևով» օբյեկտների պահպանությունն են ապահովել, հարկման դաշտում չի երևացել գործունեությունը», — պարզաբանեց Forrights,am-ի աղբյուրը իրավապահ շրջանակներից:
Այսօր էլ Վարդան Մինասյանի ընտանիքին է պատկանում «Սպեցնազ», «Էլիպս» պահնորդական ծառայությունները: Նա իրականացնում է այնպիսի կարևոր օբյեկտների պահպանությունն, ինչպիսին են Սոդքի հանքավայրը, երկաթուղին:
«Սպեցնազ» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի նոյեմբերին, այսինքն, Վարդան Մինասյանի պետական պահպանության գլխավոր վարչության պետ նշանակվելուց մի քանի ամիս հետո:
Հանդիսանալով ոստիկանության կողմից պետական օբյեկտների պահպանության գլխավոր պատասխանատուն, փաստորեն, գնդապետ Մինասյանը նույն գործով զբաղվող մասնավոր ձեռնարկություն է ունեցել:
Արդյո՞ք մյուս ընկերությունները, որոնք անվտանգության ծառայություններ են մատուցում և չունեն հզոր ուժայիններ իրենց մեջքի հետևում, չեն հայտնվում անհավասար մրցակցության պայմաններում:
Պահնորդական ընկերւթյուններից մեկի տնօրեն Վ. Բ-ն, մեր հարցին պատասխանելով, ասաց. «Ոստիկանության տարբեր պաշտոնյաներ միշտ էլ տանիք են ապահովել պահնորդական ծառայությունների համար: Կանխավ ցածր գներով նրանք օբյեկտները խլում էին շուկայի այլ մասնակիցներից: Պայմանագրեր են կնքում, որոնց մեջ ծառայության բնույթին չհամատասնանող ցածր գներ են գրում, իսկ գումարը ստանում են սև կանխիկով: Պահնորդները չեն գրանցվում որպես աշխատողներ, գրանցվելուց էլ ստանում են անհամապատասխան փոքր աշխատավարձ: Արդյունքում համ շահագործում են մարդկանց, համ էլ չեն գրանցվում հարկային մասով, նենգաբար խուսափելով սոցիալական վճարների վճարումից»։
Մենք զանգահարեցինք Վարդան Մինասյանին պատկանող «Սպեցնազ» ընկերություն մի քանի հարցադրում անելու համար, սակայն ընկերությւոնից պատասխանեցին, որ մեզ չեն ճանաչում և չեն կարող որևէ տեղեկավություն տրամադրել, անգամ հրաժարվեցին ասել թե երբ է հիմնադրվել «Սպեցնազ»ՍՊԸ-ն:
Փաստորեն, անցնող շաբաթ հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շրջապատից առնվազն երկու նախկին ոստիկանների կալանավորեց՝ Վարդան Մինասյանին և Վլադմիր Գասպարյանի տիկնազորի պետ Արշակ Հակոբյանին:
Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է առանձնապես խոշոր չափերով գույք, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22 մլն դրամի չափով:
Այսպիսով, հակակոռուպցիոն կոմիտեն սեղմում է օղակը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շուրջ: Նախկին ոստիկանները մասնավոր զրույցներում քննարկելով այս աղմկոտ գործերը, կարծիք են արտահայտում, որ յուրացումներն ու փողերի լվացումը չէին կարող արվեին առանց Վլադիմիր Գասպարյանի գիտության և որ նախաքննության մարմինը յուրացումների ու փողերի լվացման շատ ցածր արժեքներ է նշել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: