Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում էր մի քանի մարզերի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրութունները ներառել են 621 բնակավայր, ձևավորվել էր մոտ 1000 ընտրատեղամաս։
Ընտրությունների ընթացքին հետևել էր առաքելության շուրջ 390 դիտորդներ:
Դիտորդական խումբը աձանագրել է մի շարք խախտումներ, օրինակ՝
քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 37.6%-ում, ընդհանուր՝ առնվազն 167 դեպք:
Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու 4 դեպք, որոնցից միտումնավոր էին արվել միայն երկուսը։Կուտակումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 23․9%-ում:
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ասուլիսի ընթացքում Դանիել Իոաննիսյանը ամփոփելով առաքելության եզրակացությունն ասաց․
«Համայնքների մեծ մասում խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, ընտրությունների արդյունքներն արտացոլում են ընտրողների կամքը և ընտությունները համապատասխանում են ազատ ու արդար ընտրությունների չափորոշիչներին, այդուհանդերձ խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար վարչական ու ֆինսանսատնտեսական ռեսուրսների չարաշահման արդյունքում։ Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթների էական բարելավման ճանապարհ պետք է անցնենք, քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման, հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով, իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի ֆինանսատնտեսական և վարչական լծակներով առավելությունների չեզոքացման ուղղությամբ»։
ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն էլ իր հերթին շեշտեց, որ ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական գործընթացի կազմակերպման, օրենսդրության իմացության հետ կապված հարցերը շարունակում են մնալ օրակարգում։
«Այս ընտրություններում գաղափարի ընտրություն չկար, կուսակցությունները համայնքներում կայացած չեն։ Ցանկացած ընտրություն պետք է ունենա քաղաքական բնույթ։ Մենք դեռ գտնվում ենք ժողովրդավարության սաղմնավորման սկզբում, քանի դեռ համայնքներում կուսակցությունները չեն զարգացել։ Այս ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր էին քաղաքական ուժերի՝ համայնքերում զարգացման, դերի բարձրացման առումով, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Մեր նշած խախտումները պետք է դիտարկվեն, որպեսզի դրանք հետագայում լիովին բացառվեն»,- նշեց Սաքունցը։
Լրագրողների դիտարկմանը, որ որոշ համայնքներում իշխող կուսակցությունը պարտվելէ, Սաքունցը նշեց, որ միակուսակցության ֆենոմենը ջարդվել է և պարտադիր չէ, որ բոլոր տեղերում ՔՊ-ն հաղթի։
«Մենք պետք է չանտեսենք հիմա արձանագրված խնդիրները։ Հիմա չկան այնպիսի խախտումներ, որոնք կային 2017 թվականին, օրինակ դպրոցի տնօրենները ներառված չեն, ցուցակագրում չեն անում, պարտադրված չեն ընտրել որևէ մեկին, կաշառքի մասին ահազանգեր նույնպես չենք ստացել։ Այսինքն փոխվել է վարչական ռեսուրսի օգտագործման ձևը։ Նման բան չենք արձանագրել, որ ինչ-որ աշխատակցի ասեն գան, ընտրիր այսինչ կուսակցությանը։ Փոխվել է նաև ընտրական օրենսգիրքը, սակայն մենք կարծում ենք, որ որոշ բաներ նույնպես պետք է փոխվեն։ Համայնքներում դեռ ամբողջովի լուծված չէ նաև բիզնեսի և քաղաքականության տարանջատման հարցը,- հավելեց Սաքունցը։
Նշենք նաև,որ Դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հանցագործության 17 հաղորդում է ներկայացվել։ Դրանցից 2-ը ԶԼՄ հրապարակումներ են, 12-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ: Շիրակի մարզում արձանագրվել է 12 ընտրախախտում, 4-ով նախապատրաստվում են նյութեր։ Կոտայքի մարզում տեղի ունեցած ընտրությունների վերայբերյալ ստացվել է 12 ահազնագ, դրանցից 9-ով նյութեր են նախապատրաստվում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: