Բանկերը զրոյացրել են զոհված զինծառայողի պարտքը, և միայն ռուսական ՎՏԲ բանկն է հրաժարվել օգնել

1926

Հուլիսի 14-ին Երասխում ադրբեջանական զինուժի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհված պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյյանի ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է հայտնվել:

Ալավերդյանի կինը՝ Հասմիկ Ալավերդյանը,  նրա մահից հետո սկսեց պատահական գործեր անել՝ ափսե լվանալ սրճարանում, տներ մաքրել, որ կարողանա պահել երկու անչափահաս երեխաներին: Որդին՝ Հայկը 13 տարեկան է, դուստրը՝ Սյուզաննան՝ 11:

Երեխաների և իր թոշակը ձևակերպելու համար 5 ամիս պահանջվեց: Հուլիսից Հասմիկը պետական դռներում է, փաստաթղթերն էր ձևակերպում: 

«Հիմա նոր ստացա երեխաների ու իմ 50 հազարականները», — ասում է:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նույնպես ձգձգել է գումարների տրամադրումը: Անգամ հուղարկավորության համար հատկացվող 700 հազար դրամը ընտանիքը մինչև վերջերս չէր ստացել:

Ամուսնու հուղարկավորության և կյանքի փոխհատուցման գումարը Հասմիկը ստացավ այն բանից հետո, երբ մյուս զոհվածների կանանցից պատահական իմացավ, որ նրանք իրենց հատկացումները ստացել են:

«Ամուսնուս գումարը ոչ մի կերպ չէր նստում: Ես զանգեցի հիմնադրամ, ասեցին՝ Ձեր փողը վաղուց նստել է: Հարցրեցի՝ բա ինչո՞ւ չէիք զանգում, ասեցին՝ «Հայբիզնես» բանկը պետք է տեղեկացներ, չի տեղեկացրել: Ասենք թե, ես եմ, չէի իմանում, որ նման բան կա: Ի՞նչ էր լինելու»,- հարցնում է Հասմիկ Ալավերդյանը:

Բանկերի հետ նրա խնդիրները սրանով չեն սահմանափակվում:

Երեք բանկի էր պարտք ամուսինը, նաև «Մոգո» և «Ֆինկա» վարկային կազմակերպություններին: Պայմանագրային զինծառայողի աշխատավարձով նա աստիճանաբար վերադարձնում էր պարտքերը: Հասմիկը օգնում էր: Պահածոյացման արտադրամասներից մեկում էր աշխատանքի տեղավորվել, տներ էր մաքրում, մատուցող էր աշխատում:

Սամվելի մահը փոխեց ամեն ինչ, ծրագրերը ձախողվեցին: 4 մլն վարկը անհաղթահարելի բեռ դառձավ Հասմիկ Ալավերդանի ուսերին: Սկսվեց այրու պտույտը բանկերով, դիմում-խնդրանքները հիմնականում բավարարվում էին:

«Մոգո» վարկային կազմակերպությունը, տեսնելով ընտանիքի վիճակը, պարտքի չմարված մասը զրոյացրեց: «Ֆինկա» վարկայինի պարտքը Հասմիկը ճարեց: «Ինեկոբանկը» և «Յունիբանկը» զիջեցին Հասմիկի պարտքը, «ջնջեցին և տոկոսները, և մայր գումարը:

Միայն մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կապիտալով ստեղծված  ՎՏԲ բանկը հրաժարվեց օգնել Հասմիկին: ՎՏԲ-ին նրա պարտքը հասել է 2 մլն դրամի:

«Արդեն 5-րդ դիմումն եմ գրում ՎՏԲ-ում: Ոչ մի կերպ չեն համաձայնվում  զրոյացնել գումարը: Ասում են՝ Փաշինյանը մեզ գումար չի փոխանցել զոհվածների համար, որ մենք էլ զրոյացնենք ձեր գումարները: Էդ գումարը ինձանից են ուզում: Հիմնադրամից ստացած փողերից կտայի, բայց ջեռուցում եմ քաշել երեխեքի համար, կսառչեին ձմեռը, որոշ պարտքեր ունեի ես, փակել եմ: Հիմա աշխատանքի էլ չեմ կարող մտնել: Բանկը կալանք է դրել իմ քարտերի վրա, եթե աշխատեմ, կեսը տանելու է, ինչքան աշխատեմ, որ երկու միլիոնը փակե՞մ»:

Հասմիկը դիմել է նաև Կենտրոնական բանկ, խնդրել է ընդառաջեն, ջնջեն ամուսնու պարտքը: ԿԲ-ից  պատասխանել են. «Հարգում ենք զոհվածների հիշատակը, բայց ոչինչ չենք կարող անել: Վարկի չեղարկումը տվյալ բանկի հայեցողության հարց է»: «Եթե հարգեին, մի բան կանեին», — ասում է Հասմիկը:

Միակ գործուն օգնությունը կնոջը ցույց է տվել 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը: Նա կապել է Հասմիկին Պետերբուրգում բնակվող հայերի հետ: Նրանք փաստաթղթեր են ուզել Հասմիկից և խոստացել են Հասմիկի հարցը հասցնել ՎՏԲ բանկի ղեկավարությանը:

Հիմա սպասում է:

Հ.Գ. Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ Forrights.am-ը անդրադարձել էր զոհված զինծառայողի ընտանիքի վիճակին: Մեր հրապարակումից հետո Հասմիկ Ալավերդյանին և նրա երեխաներին այցելել են լրագրողներ և առանձին անհատներ, ով ինչով կարողացել է, օգնել է:

Մենք դիմեցինք ՎՏԲ բանկի մամուլի ծառայություն, խնդրելով պարզաբանել, թե ինչու են հրաժարվում չեղարկել զոհվածի պարտքը: Այնտեղից որևէ պատասխան դեռ չենք ստացել: Ստանալուն պես  կհրապարակենք:

Սյուզան Սիմոնյան