-Մուշ ջան, հեչ տանկ-մանկ զարկե՞լ ես:

-… մենակ էսօր 4 հատ:

«․․․ու էլի պաուզա տվեց»։ Սեպտեմբերի 29-ին Մուշ Հակոբյանը վերջին անգամ զանգեց տուն։

Մուշը

Մուշ անունը պատահական չեմ դրել, իմ ապուպապերը Մուշից են։ Էդ անունը, որ դրել եմ, ասել եմ՝ «Մուշ ջան, Մուշ քաղաքը քեզի, Բաքուն ինձի: Էդ հոգեբանությամբ եմ դաստիարակել, իմ էրեխեն արել ա էն, ինչ պետքն էր․ ինքն իրա կյանքը չխնայեց: 

Մուշս յուրահատուկ էր։

Հիմա շատ ծնողներ կխոսան, կասեն՝ մեր տղեն յուրահատուկ էր, չէ՞, ես կհավատամ, որովհետև իմ էրեխեն յուրահատուկ էր։ Մուշս մարդու չէր վիրավորում, բայց իշխող էր, սառնասրտություն կար մեջը։ Ինքը շատ խելոք, հարգանքով տղա էր, բարձր չէր խոսում։ Ես 4 էրեխա ունեմ, Մուշս ամենափոքրն էր ու ամենախելոքը։ Իրան ասում էինք՝ «Մուշ ջան, ո՞նց եղավ, որ էդքան քաղցր եղար», ասում էր՝ «քաղցր շատ կուտեմ, դրա համար էլ քաղցր եմ»: Նախքան պատերազմն իմ էրեխուն արդեն երկու մեդալ են տվել:

Մուշս ժամկետային զինծառայող էր, Հադրութի գնդում էր ծառայում, համար 144 –րդ դիրքում։ 100 օր էր մնացել, որ ծառայությունն ավարտեր, բայց պատերազմն սկսվեց։

Պատերազմն սկսվեց

Սեպտեմբերի 27-ի առավոտը աղջիկս զանգեց, ասեց՝ «պապ, պատերազմ ա, կռիվ ա սկսվել»: Հետո, երբ համոզվեցի, որ, իրոք, լայնամասշտաբ պատերազմ ա, նստեցի մեքենան, ու տնից շարժվեցի, էլ ոչ մի բան աչքս չէր կտրում։ Երեք տեղ դիմացս առել են, չէին թողնում գնայի: Ասեցին՝ «ռմբակոծություն ա, չի կարելի», ասեցի՝ «ես եկել եմ իմ կամքով, ու գնում եմ պատերազմ, ինձ ոչ մի բան պետք չի:  Ես արդեն Քարվաճառից ռմբակոծությունը տեսել եմ, իսկ եթե մեռնելուց վախենայի, չէի գա:  Ինձ ոչ մեկ չի կարա կանգնեցնի, իմ աչքը մենակ դիրքն ա, պատերազմի դաշտը»:

Ամսի 29-ին 143-րդ դիրքից կապ են տվել Մուշին, կանչել են օգնության, որովհետև իրանց վրա տանկ ա գնալիս եղել։ Մուշը գնացել ա, խփել։ Իրա ընկերներից պատմում էին, որ երբ թուրքերն ուզեցել են փախնել, էդ պահին Մուշը «գռանատամյոտը» վերցրել ա՝ 200 պատրոնով, թռել, հելել ա դիրքի վրեն, ասել՝ «իրանցից մեկը պիտի կենդանի չգնա»: Մինչև վերջին «պատրոնն»  էլ դատարկել էր, մեկը կենդանի չի մնացել, դրանից հետո փետը վերցրել ա ձեռքը, դրանց արյան մեջ թաթախել ա ու ռուսերեն տառերով գրել «ԱՐՄԵՆԻԱ»։

Ես Մուշիս մոտ հասա սեպտեմբերի 30-ին։ Ինքը հանգստանում էր էդ ժամանակ, որ ես գնացի: Ձենս հենց լսեց, թռավ տեղից, հելավ՝ «բռոնիկը» հագավ, «կասկեն» դրեց: Ես չճանաչեցի մի պահ, էնքան էր փոխվել: Ու մենակ արտաքնապես չէր, ես իրա կողքին էնքան ապահով էի զգում: Ինքը էն մարդն էր դարձել արդեն, ոնց ես կուզեի իրան տեսնել, ես արդեն կզգայի, որ ինքը «բայեվիկ» ա, որ լիարժեք կռվող տղա ա դարձել: Ախ ու վախ չկար մեջ:

Երկու յաշիկ «պատրոն» էի տարել գնդից։ Հելավ, յաշիկները բացեց, ուրախացավ, իմ վրա էդքան չուրախացավ, ինչքան էդ «պատրոնների»՝ «Վախ, պապ ջան, տենաս գնդում մնացե՞լ ա էլի «պատրոն»: Ու նստեց, «զապռավկա» արեց: Բայց ինձ խաբեց, չասեց, որ իրան կապ են տվել, որ տանկեր են գալիս նորից, ինձ ասեց՝ «պապ ջան դու նստի, ես հեսա եկա»: Ու չթողեց՝ հետը գնամ խրամատ: Երկու զինակիցների հետ մտավ դիրք:

10 րոպե չէր անցել, ռմբակոծությունը սկսվեց: Թռա դուրս, ոչ մի բան չէր երևում աչքերիս դեմը, փոշին բարձրացել էր, մի քանի րոպե անցավ, մինչև թոզ ու փոշին նստեց, տեսա՝ երեքն էլ իրար կողքի են, երեքն էլ զոհվել էին: էնքան փոշի էր նստել վրեքները, մաքրեցի, ինձ թվաց, որ հլը կարամ փրկեմ, էն էլ արդեն զոհվել էին: Ընդամենը 45 րոպե տեսա Մուշիս։

Կնոջս խաբեցի, ասեցի, որ վիրավորվել ա, բժիշկն ասում ա 50/50 ա: Բայց արդեն հաջորդ օրը, որ պիտի բերեին, ասեցի, որ Մուշն էլ չկա:

Ինքը տուն մի երկու անգամ զանգել ա։

-Մուշ ջան, քեզի ուշադիր եղի, շատ եմ խնդրում։

-Մամ ջան, մի մտածի, իմ «լինյան» սաղ տոչնի ա : Մեր ջան, տղեդ հերոս ա:

Առաջին անգամ ինքն իր բերանով տենց բան ասեց: Կողքից ահավոր ձայներ էին գալիս պայթյունի, ասում էին՝  «Մուշ, հենա գալիս են էլի», իսկ ինքն ասում էր՝ ամեն ինչ լավ ա։

«Մեդալները»

Ես սովորական զինվոր չեմ կորցրել, սովորական տղա չեմ կորցրել։ Իմ էրեխեն դիրք ա հետ վերցրել, ինքը մի օրում 4 տանկ ա խփել, էլի հելել ա տանկ զարկելու, դրա համար ա զոհվել։

 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր վարչապետը պարտավոր են գալ նախ ինձ շնորհակալություն հայտնելու, ու հետո իմ էրեխուն հերոսի կոչում տալու։
Արայիկ Հարությունյանը ելույթի ժամանակ ասել ա՝ «զոհվել են հանուն հայրենիքի ու հանուն ապագայի»: Իսկ ես դրա հետ համաձայն չեմ․ ի՞նչ հայրենիքի մասին ա խոսքը, էդ հողերը, որ տվին թուրքին, էդ չի՞ մեր հայրենիքը, իսկ ապագա՞ն, ապագան էդ հողի տակ դրած տղերքն են։

Մեր տուն շատ մարդիկ են եկել, գեներալներ, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ ա եկել, կոնյակ էր բերել, սաղ նկարեց, ասեց՝ «անպայման, կտանեմ, ցույց կտամ, որ մեդալն էլ լինի, «վայեննի բիլետն» էլ»: Ոչ մի լուր չկա մինչև հիմա։

Իսկ իրանք կասեն հանուն հայրենիքի, տղա, բա հայենիքը ինչի՞ ես տվել թուրքին, ինչքան ցավալի ա։ Մի հատ Լոս Անջելեսից Քրիստինե Հալաջյան կա, մի անգամ ասեց՝ «ի՞նչ կուզեն Նիկոլից զոհված էրեխեքի ծնողները, քառօրյա պատերազմին ոչ մեկին փոխհատուցում չտվեցին, բայց Նիկոլը վատ ա՞, փոխհատուցում ա տվել։ Ես հիմա երկու տուն ունեմ, մեքենա ունեմ, էդ սաղ, որ ծախեմ, էդ փողը տամ Քրիստիկին, կարա՞ գոնե մի տղու հետ բերի, եթե էդ փոխհատուցում ա: Երգ ունենք՝ «կյանքը ծախու չէ․ նորից հետ առնեմ»։

 Հիման

Ինձ ցավալի մենակ մի բան ա մնում․ իմ ազգի ճակատագիրը, որը վտանգի տակ ա: Մեր ազգի մեջ մի բան ա բացակայում․ մարդասիրությունը, գնահատումը մարդու, էսօր ինչ էլ որ ինձ տան, երկրագունդն էլ ինձ նվիրեն, ինձ բան պետք չի, ես կորցրել եմ էն, որ չկա էլ իմ համար ոչ մի բան: Իմ էրեխեն արել ա էն, ինչ որ իրանից կախված էր․ տվել ա իրա կյանքը:

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան

Լուսանկարներ՝ Աստղիկ Գաուդյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest