Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մեր՝ Սյունիք կատարած այցը նպատակ ուներ ուսումնասիրել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները փակվելու՝ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդկանց վրա ազդեցությունը՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Ճանապարհների դիտարկելիության, վիճակի, անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Երկու ճանապարհն էլ՝ այլընտրանքայինը, որ առաջարկվում է կառուցել, թե՛ Կապանից Ճակատեն և մյուս գյուղեր, թե՛ դեպի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Նոր Առաջաձոր տանող ճանապարհները մարդու անվտանգության լրջագույն սպառնալիքի տակ են, կյանքի իրավունքը ոտնահարված է»,-ասել է Թաթոյանը՝ նշելով, թե երկու ճանապարհներն էլ ուղիղ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։
«Ի՞նչ ազդեցություն ունեն այլընտրանքային ճանապարհները, երբ նույն կերպ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանն ամեն օր ատելություն է տարածում ու խրախուսում»,-նշել է ՄԻՊ-ը։
Դիտարկմանը, թե պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, Թաթոյանն արձագանքել է․ «Ես այս մոտեցումը համարում եմ բացարձակ անթույլատրելի, և շատ դատապարտելի են այն պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք ասում են՝ դա ադրբեջանական տարածք է։ Դրանք մարդու իրավունքների խախտումների հիմքը դնող հայտարարություններ են, ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություններ անել, հատկապես երբ ո՛չ դելիմիտացիա է տեղի ունեցել, ո՛չ դեմարկացիա»,-ասել է նա՝ նշելով, թե դիտարկելով միայն ռազմական-քաղաքական հարցերը՝ սահմանափակում ենք պետության հնարավորությունները։
«Միջազգային չափանիշների ոսկե կանոններից է՝ եթե սահմանների որոշման արդյունքում խաթարվում է բնականոն կյանքը, անգամ՝ ավանդույթները, ապա ամբողջ գործընթացը պետք է զրոյանա։ Ադրբեջանական զինված ուժեր այս տարածքներում չպետք է լինեն, մարդու իրավունքների միջազգային պահանջներ կան, որոնք կոնկրետ ասում են՝ այս վիճակը միջազգային տեսանկյունից անթույլատրելի է»,-ասել է նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: