Արթուր Դավթյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 25-ին հաղորդագրություն է տարածել եւ պնդում է, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը՝ կոչումով մայրո եւ յոթ զինծառայող դիմել է փախուստի: Դատախազության փոխանցմամաբ մայորը կալանավորվել է: Նրան սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում:
Ինչ հանգամանքերում է մայորը կամ յոթ զինծառայողները դիմել փախուստի: Իրավապահ կառույցը մանրամասներ չի փոխանցում: Միայն նշվում է, որ նրանց ենթադրյալ փախուստի պատճառով հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: «Փահուստի առաջին պատճառն այն է, որ զինվորը կամ սպան իրենց վրա վստահ չեն լինում, չեն կարողանում իրավիճակը ճիշտ գնահատել, խուճապելու մատնվելով փախնում են»,- նման կարծիք է հայտնում Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
Հարցին՝ ինչու քրգործեր չեն հարուցվում, որ բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների մեղավորությունն էլ հանրությանը պարզ դառնա պարտության հարցում, Բաբայանը հավաստիացրել է, որ ՔԿ-ում գործեր կան հարուցված:
«Քննություն է գնում, Քննչական կոմիտեն աշխատում է փաստերով առաջնորդվի, այլ ենթադրություններով»,- ասաց նա:
Եւս մեկ անգամ հստակեցնող հարցին՝ բարձրաստիճա՞ն պաշտոնյաների մասով է քննություն ընթանում, Սամվել Բաբայանը պատասխանել է. «Այո»:
Մասնավորապես, որ պաշտոնյաների մասին է խոսքը, հարցին ի պատասխան, Բաբայանը նշել է. «Բոլորի»:
Արդյո՞ք կա ՔԿ-ում քրգործ, որը կհաստատի կամ կհերքի պատերազմի ընթացքում Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ստանձնած Նիկոլ Փաշինյանի թերացումները, Բաբայանը նշել է.
«Գերագույն գլխավոր հրամանատարի թերացումները պետք է տա Շտաբի պետը: Տվյալ ուղղության հրամանատարը, եթե զեկուցագիր է գրել, իսկ գլխավոր հրամանատարը չի կատարել կամ հրամանատարի որոշումներին հակառակ հրահանգներ է տվել, փոխել է ամբողջ ընթացքը, խնդրեմ թող ներկայացնեն՝ գլխավոր հրամանատարին պատժեն, բայց եթե չունեն ապացույց, թող պատասխանատվությունը վերցնեն եւ գնան դատվեն»:
2020 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, որտեղ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ արդեն 10 օր Հայաստանից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն։ «Ասում եմ մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերը պահեմ, չի ուղարկում»: Եղան պնդումներ, որ Արայիկ Հարությունյանը պատմում է իր եւ Նիկոլ Փաշինյանի զրույցը: Սամվել Բաբայանը նշեց, որ Արայիկ Հարությունյանի այս ասածը բավարար չէ, որ քրգործ հարուցվի եւ ներգրավվի ՀՀ վարչապետը:
«Արայիկ Հարությունյանի այդ ասածը բավարար չէ, քանի որ Արայիկ Հարությունյանը ոչ մի կապ չունի բանակի հետ: Երբ որ ասում են մարդ ուղարկեք, դա որոշում է Գլխավոր շտաբը: Շատ տղերք կան, որ տանը նստած ասում են՝ մեզ գրանցվել ենք, բայց մեզ չեն կանչում, մյուսն ասում է՝ մոբը եկավ փախավ: Դրա համար կստեղծվի քննիչ հանձնաժողովը եւ շատ բան պարզ կլինի»,- ասաց նա եւ մեր հարցին՝ արդյո՞ք ինքը չունի իրավապահներին փոխանցելու տեղեկություն, պատասխանեց.
«Ես ասելիք չունեմ իրավապահներին, քանի որ բանակի մասով որեւէ դեր չեմ ստանձնել»:
Այս տարվա հոկտեմբերին ընդդիմադիրները հայտարարեցին, որ նոյեմբերի 9-ից հետո այդ ընթացքում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանը, թեեւ հայտարարության այն կետի, որ կողմերը մնում են կանգնած իրենց զբաղեցրած դիրքերում, նահանջի հրաման է տվել: Հոկտեմբերի 27-ին Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց այդ տեղեկությունը եւ նշեց, որ Վաղարշակ Հարությունյանին ինքն է նման ցուցում տվել:
«Ոչ, ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը», — պատասխանել էր Հայաստանի ղեկավարը։
Սամվել Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ դրվագը եւս քրեական հետապնդում չի ենթադրում, նման պնդումներ անում են խորհրդարանական ընդդիմադիրները:
«Նիկոլ Փաշինյանն ասել է հետ եկեք, քանի որ պարտավորված էինք, ըստ փաստաթղթի, նոյեմբերի 9-ի փաստաթղթում չի գրվել, յոթ շրջան հանձնել՝ վերադառնալ ՀՀ սահման: Ուղղակի այդ մի քանի տարածքը չեն նշել, քանի որ փոքր տարածք է, քաղաքական մի շարք հարցերից ելնելով չի նշվել փաստաթղթում: Նշվել է Աղդամը, Քելբաջարը, Լաչինը, բայց մնացածը չի նշվել»,- ասաց նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: