Զինված ուժերի բարեփոխումներին ու զարգացմանն ուղղված գործողությունների մասին հանրությունը պատշաճ տեղեկացված չէ։ Հրապարակված տեղեկություններն էլ վկայում են, որ իրականացվող գործողությունները համարժեք չեն հռչակված առաջնահերթություններին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է, թե որքանով է Կառավարությունն իրականացրել 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզում և 2021 թ․ օգոստոսի 18-ին Կառավարության հնգամյա ծրագրով՝ զինված ուժերին և անվտանգային հարցերին վերաբերող գործողությունները և պարզել, որ հռչակված առաջնահերթությունների և դրանց ուղղված գործողությունների մասին պատշաճ, ամբողջական տեղեկություններ հանրության համար չկան։
Չնայած պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարբերաբար հայտարարում են թե անհրաժեշտ գործողություններ են իրականացնում զինված ուժերի բարեփոխումների և զարգացման ուղղությամբ, սակայն առաջնահերթություններով սահմանված խնդիրների և առկա տեղեկությունների համադրումը վկայում է, որ որոշ դեպքերում անգամ ակնհայտ ու մեծ խզումներ կան հայտարարված նպատակների, սահմանված գործողությունների, դրանց հասնելու քայլերի և իրականացված գործողությունների միջև։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2021 թ. հունիսի 30-ին հարցմամբ դիմել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ իմանալու, թե ինչ գործողություններ են իրականացվել և ինչու չեն դրանք լուսաբանվում։ Օգոստոսի 2-ին ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ դեռևս քննարկումների փուլում է ամեն ինչ, և տեղեկատվություն տրամադրել չեն կարող։
Այս ուսումնասիրությունը ՀՔԱՎ-ն իրականացրել է իրավասու մարմինների հանրային ելույթների և պաշտոնական տեղեկատվության հիման վրա։
Այսպես՝ Կառավարության հնգամյա ծրագրով զինված ուժերի բարեփոխումների հռչակված առաջնահերթությունների վերաբերյալ հանրային ելույթներն ու հրապարակումները հետևյալ պատկերն են ցույց տալիս։
1․ Զինծառայության ժամկետների էական փոփոխություն՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի:
Ինչքան էլ պրոֆեսիոնալ բանակին անցումը առաջնահերթություն է հռչակվել, պաշտոնյաների հանրային ելույթներում դրա մասին էական փաստեր չենք գտնում։ Ավելին՝ ՀՀ գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ «ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի»՝ առանց նշելու անգամ, թե որքան ժամանակով։
2․ Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, նոր ռազմական դոկտրինի մշակում, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում:
Չնայած Կառավարության ծրագրում բավականին մանրամասն ձևակերպված են գործողությունները՝ այս առաջնահերթության իրականացման մասին նույնպես որևէ տեղեկություն չկա։ Մասնավորապես՝ հայտնի չէ, թե ինչ քննարկումներ ու որոշումներ կան՝ ազգային անվտանգության նոր ռազմավարության, նոր ռազական դոկտրինի մշակման ուղղությամբ։
3․ Արդյունավետության բարձրացում զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով:
Վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 4 անձ, իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը՝ 2 անձ, նրանցից մեկը՝ 2 անգամ։
Վերջին 2 տարում Գլխավոր շտաբի պաշտոնյաների 19 փոփոխություն է եղել, որի գերակշիռ մասը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այս վերջին շրջանի 15 կադրային փոփոխություններից 6-ը վերաբերել են զինվորական այն պաշտոնյաներին, ովքեր ստորագրել են ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը, որով զինված ուժերի ներկայացուցիչները պահանջեցին Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Կառավարության հրաժարականը։ Եթե հայտարարությունն ստորագրած զինվորականների պաշտոնանկությունները կարելի է մեկնաբանել զինված ուժերի քաղաքական չեզոքության սկզբունքը խախտած լինելով, ապա բացարձակ անհասկանալի է, թե ինչու հայտարարությունն ստորագրած բոլոր զինվորականները չեն ազատվել պաշտոնից։
Այս մասով ևս մեկնաբանություններ չեն տրվել և անհասկանալի է, թե ինչպես են այս կադրային փոփոխությունները, մասնավորապես պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի փոփոխությունները նպաստել զինված ուժերի արդյունավետության բարձրացմանը։
Ուշագրավ է, որ թափուր պաշտոններում նշանակումները որոշ դեպքերում եղել են բավականին ուշ՝ մինչև 6 ամիս, իսկ 5 պաշտոններում ընդհանրապես նոր նշանակումների մասին հրապարակումներ չկան։
4․ Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում:
Այս տեսանկյունից, բացի ՀՀ և ՌԴ պաշտպանական ոլորտի ղեկավարության հանդիպումներից, հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերի բարեփոխումների և զարգացման, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման նպատակով տեղի են ունեցել հայ — ռուսական առնվազն 18 հանդիպումներ, դրանցից 10 դեպքում ՌԴ բաձրաստիճան զինվորականներն են այցելել Հայաստան, 8 դեպքում ՀՀ զինվորական պաշտոնյաներն են այցելել Ռուսաստան։ Սրանք միայն հրապարակայանացված հանդիպումներն են։
Բացի նրանից, որ հստակ չէ, թե որքանով են այդ հանդիպումների արդյունքներն ուղղված այս առաջնահերթությանը, տեսանելի գործողություններ չենք տեսնում «գործընկեր այլ պետությունների» (Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա և այլն) հնարավորություններն ու ռեսուրսները օգտագործելու մասով, ինչպես նշված է Կառավարության հնգամյա ծրագրով։
Նկատենք, որ ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ժամկետն ավարտվել է 2019 թ․-ին, իսկ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործողությունների նոր ծրագիր մինչ այժմ մշակված չէ։
5․ Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում:
Այս մասով էլ որևէ նորություն հայտնի չէ։ Միակ բանը, որ կարող ենք արձանագրել, որ վարժական հավաքներն իրականացվում են դեռ մինչև 44-օրյա պատերազմը եղած մեխանիզմներով, իսկ դրանց շրջանակում արձանագրված խնդիրները վկայում են, որ իրոք փոփոխությունների կարիք կա։
6․ Ռազմական կրթության և գիտության զարգացում:
Չնայած կրթական ծրագրեր ներդնելու մասին հայտարարություններին՝ հստակ տեղեկություններ, թե որքանով են դրանք նպաստում ռազմական կրթության և գիտության զարգացմանն ու որակի բարձրացմանը, չկան։ Բայց պետք է արձանագրենք, որ իրոք տարիներ շարունակ այս ոլորտում խնդիրներ են արձանագրվել և այդ խնդիրների լուծումը կարող է որոշիչ դեր ունենալ։
7․ Տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտի բարեփոխումների մասով էլ հանրային տեղեկատվություն չկա։
Մինչդեռ Ազգային կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն նախատեսված է ստեղծել մինչև 2022 թ․-ը։
8․ Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:
Սա այն խնդիրներից է, որին ՀՔԱՎ-ն անդրադարձել է տարիներ շարունակ։
Հոգեբան-սպաների թվի վերաբերյալ ՀՔԱՎ հարցմանը պատասխան չենք ստացել, քանի որ դրանով, ըստ իրավասու մարմինների, կբացահայտվեր գաղտնի տեղեկատվություն։ Այլ տեղեկություններ չեն հրապարակվել։
9․ Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացում, զինծառայության գրավչության բարձրացման և զինծառայողի հեղինակության մեխանիզմների կատարելագործում, զինծառայողների բնակարանային ապահովության ուղղությամբ ծրագրերի իրականացում, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական նոր ծրագրեր:
Այս խնդրին ևս ՀՔԱՎ-ը տարիներ շարունակ անդրադարձել է։ Այս մասով էլ պարզ չեն, թե ինչ մեխանիզմներ են կիրառվելու, իսկ աշխատավարձերի բարձրացումն էլ համակարգային բնույթ չի կրում։
10․ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերի կարգապահության խթանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության կարևորության մասին բարձրաձայնել է դեռևս 2012 թ․-ից։
Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի 37 %-ը, իսկ 2020 թ.՝ 24 %-ը սպանության և ինքնասպանության հետևանք է:
Ակնհայտ է, որ զինված ուժերում շարունակվում են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության մտահոգիչ դեպքերը, որոնք զինված ուժերում մարդու իրավունքների և զինվորական կարգապահության ոչ պատշաճ պահպանման հետևանք են:
Այս համատեքստում ՀՔԱՎ-ը նաև առաջարկել է ստեղծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմ՝ ռազմական օմբուդսմենի ինստիտուտ, որին անդրադարձ չկա Կառավարության ծրագրում։
Այս առաջնահերթության ուղղությամբ էլ, ինչպես ցույց են տալիս փաստերը, գործողությունները արդյունավետ չեն կարող համարվել։
11․ Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում:
Այն հանգամանքը, որ քաղաքացիական անձինք ու զինվորականները տարածքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինքնին վկայում է հատկապես սահմանային ռազմական ենթակառուցվածքների ոչ պատշաճ ամրապնդման մասին։
Պաշտոնյաներն, իհարկե, հայտարարություններ են անում այդ գործողությունների մասին, բայց կրկին հստակ տեղեկություններ չեն հրապարակում։
Կառավարության հնգամյա ծրագրում անդրադարձ կա նաև զինված ուժերում կանանց ավելի մասշտաբային ներգրավմանն ու պաշտպանական կարիքների համար նախատեսված գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերին։
Առաջին մասով, բացի նախկինում կիրառվող մեխանիզմներից, նորություններ կրկին չեն հրապարակվում և հայտնի չեն։
Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, աակնհայտ է, որ տարիներ շարունակ զինված ուժերում տարածված կոռուպցիոն ռիսկերը դեռևս չեն հաղթահարվել, չեն ստեղծվել հատկապես պաշտպանության բնագավառի պետական գնումների նկատմամբ պատշաճ վերահսկողության, շահերի բախումը կանխող մեխանիզմներ։
Չնայած հարուցված քրեական գործեր կան, բայց թե ինչ ընթացք կստանան դրանք, պարզ չէ։ Իսկ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտության համաձայն՝ Հայաստանի պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բարձր են։
Այսպիսով՝ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին հանրությունը պատշաճ տեղեկացված չէ՝ չնայած այս բարեփոխումներն անմիջապես ու կենսականորեն կապված են հենց քաղաքացիների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ, իսկ իրականացվող ջանքերի արդյունքները դեռևս տեսանելի չեն։ Ավելին՝ որոշ դեպքերում ակնհայտ խզում կա հռչակված նպատակների և իրականացված գործողությունների միջև։
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: