Ոստիկանության զորքերի ծառայող Արտյոմ Բալայանը զոհվել է 2020 թ- նոյեմբերի 7-ին` Շուշիում` իր 40 ծառայակիցների հետ: Նրա հետ զոհվել են համագյուղացի չորս տղաները` երկու եղբայր երկու ընտանիքից` Տիգրան ու Սամվել Մելքոնյանները, Գեւորգ ու Կարապետ Մելքոնյանները:
Արտյոմը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից էր, ամուսնացած էր, պատերազմի մեկնելու պահին նրա որդին մեկ տարեկան էր:
Սվետլանան հիշում է, որ ամուսինը պատերազմի առաջին մեկ ամիսը եղել է Քարվաճառում, ապա մի քանի օրով վերադարձել է տուն.
«Հոկտեմբերի 25-ին առավոտյան ժամը չորսին զանգեց, ասեց` Սվետ, դռները բացիր, գալիս եմ տուն, ես էլ մի քիչ վախեցա, երբ իր զանգը տեսա: Հետո ուրախացա, տան բոլոր անդամներին արթնացրի… Նոյեմբերի 2- ին նորից գնացին: Ասում էին, թե Վարդենիս պետք է գնան, բայց Շուշի տեղափոխեցին… երբ ամսի 5- ին զոհվեց մեր գյուղից Սամվելը, իմացանք, որ տղաները Շուշիում են ու շրջափակման մեջ են… երբ տղաներից մեկի դին գտան, փնտրում էինք, որ գոնե Կարապետը, Տիգրանը, Արտյոմը ողջ լինեն, բայց ոչ: Արդեն լուրերը քիչ քիչ սկսեցին գալ, որ նրանք զոհվել են… մեզ ասացին, որ Արտյոմը արկից է զոհվել: Վայրկենական մահ է եղել »:
Կնոջ խոսքով, Օհանավանի բնակիչներ տեւական ժամանակ չէին կարողանում ուշքի գալբոլոր հինգ ընկերների զոհվելու մասին լուրից:
Թեեւ հայտնի են շատ դեպքեր, երբ գտնվելով շրջափակման մեջ ու հասկանալով, թե ինչ է իրենց սպասում, շատ զինծառայողներՇուշիից զանգահարել են հարազատներին ու հրաժեշտ են տվել նրանց կամ էլ օգնություն են խնդրել, Արտյոմը այդպես չի արել: Կինն ասում է` երեւի նա չի ցանկացել, որ հարազատներն իմանան իրավիճակի ողջ դաժանությունն ու անելանելիությունը:
Խոսելով պատերազմից հետո շարունակվող սահմանային բախումների մասին, Սվետլանան ասում է . «Երբ գիտես, որ քո ամուսինը գնաց քո տղան, եղբայրը գնացին ու զոհվեցին որպեսզի մեր ապագան լինի անկախ Հայաստանում, երկինքը խաղաղ լինի, բայց նորից դիրքերում լարված է, դա մի ուրիշ սարսափ է քո ներսում: Երբ այդքան տղա զոհվեց, բայց, փաստորեն, ոչինչ չփոխվեց: Շարունակվում է արյուն թափվել, տղաներ են զոհվում, գերիներ… դա սարսափելի է»:
Արտյոմի մայրը` Մարինա Շաքարյանն ասում է, որ միշտ դեմ է եղել որ որդին ծառայի, սակայն նա որեւէ այլ աշխատանք իր համար չէր պատկերացնում. «Իրան շատ աշխատանքներ էին առաջարկում, բայց ինքը չէր ուզում, իր միակ ձգտումը ծառայությունն էր… հետո էլ պատերազմի գնաց»:
Պատերազմից մեկ տարի անց մայրը մինչեւ հիմա չի կարողանում հանգիստ նայել ոստիկանության զորքերի համազգեստին. «Գնացել էի բանկ, ասում են` մորքուր, լավ չե՞ս, ասում եմ` չէ, տղա ջան, լավ եմ, ուղղակի չեմ կարողանում այս համազգեստը տեսնեմ: Ցավն այն է, որ ոչ մեկին ոչինչ պետք չէ, ոչ մեկ չի այցելոմւ, չի հետաքրքրվում: Միայն ոստիկանության ներկայացուցիչները ու վերջ»:
Տիկին Մարինան ասում է` հնարավոր չէ հաշտվել տեղի ունեցածի հետ, անգամ իր որդու փոքրիկը չի հաշտվում: Այս տարվա նոյեմբերի7-ին ` Արտյոմի մահվան տարելիցի ժամանակ երկու տարեկան դարձած նրա որդին մոտեցել է մի ոստիկանի, ով արտաքինով շատ նման էր հորը, բարձրացել է գիրկն ու գլուխը դրել ուսին` կարծելով, թե հայրը վերադարձել է:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: