«Ինձ կանչել են փոխմարզպետի աշխատասենյակ լայք դնելու համար». ինչու է աշխատանքից ազատվել պոլիկլինիկայի տնօրենը

910

Վանաձորում նախընտրական շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն անհանդուրժողականություն են դրսեւորում: Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանն ահազանգում է, որ իրեն աշխատանքից ազատել են անօրինական:

Սյուզաննա Բալայանը պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանի՝ նոյեմբերի 24-ին կայացրած որոշմամաբ: Ըստ մարզպետի պաշտոնակատարի՝ Սյուզաննա Բալայանի աշխատանքից դժգոհություններ կան:

Սյուզաննա Բաբայանը, սակայն, իրեն աշխատանքից ազատելու լրիվ այլ պատմություն է ներկայացնում: Օրերս Հակոբ Մկոյանը՝ Վանաձորի բնակիչ, Ֆեյսբուք սոցալական ցանցում հրապարակել է լուսանկար, որում Լոռում ՔՊ-ական մարզպետ, Վանաձորի համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանի նախընտրական պաստառն է՝ պատառոտված եւ գետնին գցված: Օգտատերը նախ դիտողություն է անում աղբը գետին գցելու համար եւ քաղաքական մեկնաբանություն թողնում: Հակոբ Մկոյանի այս գրառումը հավանել է Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապեւտ Մարինա Սերոբյանը, ինչն էլ չի վրիպել Լոռու ՔՊ-ականների աչքից:

«Ինձ զանգեց  մարզպետարանի Առողջապահության եւ սոցալական հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի քարտուղարուհին ու ասեց, որ բժշկի հետ գնանք մարզպետարան: Այդ հրապարակման մեջ Արամ Խաչատրյանի նկարն է եղել եւ գրված, որ աղբը պետք է լինի աղբամանում: Մեր բժշկուհին լայքել է այն իմաստով, որ պետք չէ աղբը գցել գետին, իսկ մարզպետարանում լրիվ այլ իմաստով են հասկացել: Մտածել են՝ դա անձին է վերաբերվում եւ պետք է ազատվի: Մենք քննարկեցինք եւ ես ասացի, որ սա այն հարցը չէ, որ պետք է բժշկուհին ազատվի աշխատանքից՝ այն էլ այս կորոնավիրուսի ծանր շրջանում»,- ասում է Սյուզաննա Բալայանը:

Նախկին տնօրենը պատմում է, որ փոխմարզպետին եւ վարչության պետին առաջարկել է, որ ինքն ու բժշկուհին ներողություն խնդրեն Արամ Խաչատրյանից, եթե նրան այդ լայքով վիրավորել են: Ըստ Սյուզաննա Բալայանի, իր առաջարկության հետ կապված քննարկում են իրականացրել եւ արդեն իրեն պահանջել աշխատանքից ազատման դիմում գրել: «Եկան ասացին՝ բժշկուհուն նկատողություն տվեք, իսկ դուք դիմում գրեք, հեռացեք: Իմ հարցերին՝ ինչու պետք է հեռանամ աշխատանքից հստակ պատասխաններ չտրվեցին»,- ասաց բժշկուհին եւ նշեց, որ դիմում ներկայացրել է, բայց մեկ օր հետո գնացել եւ հետ է վերցրել, սակայն, նա ազատվել է աշխատանքից մարզպետի պաշտոնակատարի որոշմամբ:

«Ինձ ասացին, որ եթե դիմումդ հետ էլ վերցնես, մեկ ա պետք է քեզ ազատենք: Դիմումը վերցնելու հաջորդ օրը հրաման եկավ, որ ինձ աշխատանքից ազատում են»,- ասաց նախկին տնօրենը:

Գործազուրկ դարձած Սյուզաննա Բալայանին մարզպետարանից փոխանցել են, որ աշխատանքից ազատվելու պատճառը իր վատ աշխատանքն է՝ բողոքներ կան:

«Բողոքները մի երկուսը կարող են լինել, որը կապված է այն հանգամանքի հետ, որ երկու պոլիկլինիկա՝ Վանաձորի 1-ին եւ 4-րդ պոլիկլինիկաները միացված են, դրա համար հերթեր են գոյանում, քանի որ շենքային պայմանները թույլ չեն տալիս: Մենք ունենք 120 աշխատող եւ սպասարկում ենք 43 հազար բնակչի: Հիմնական բողոքները սրա հետ են կապված եւ մեկ-երկու բողոք է եղել, որը ես փորձել եմ հարել»,- ասում է նախկին տնօրենը:

Հանդիպմանը ներկա բժշկուհի Մարինե Սերոբյանը, որի դրած լայքի պատճառով մարզպետարանը ճնշումներ է գործադրել, միջադեպից հետեւյալը փոխանցեց.

 «Ինձ կանչել են փոխմարզպետի աշխատասենյակ լայք դնելու չարաբաստիկ պատմության համար: Մեզ տնօրենի հետ կանչել են մարզետարան, մտել ենք փոխմարզպետն արդեն նստած էր, բայց տարօրինակ էր, որ ինձ բան չհարցրեց: Ես բացատրեցի, որ լայքը թյուրիմացություն է եղել, նպատակ չեմ ունեցել որեւէ անձի վիրավորել, այլ երեւույթն եմ քննարկել: Հետո ինձ ասեցին դուրս արի սենյակից, տնօրենը մնաց, քիչ հետո էլ նա դուրս եկավ եւ ասեց, որ կամ ինձ պետք է աշխատանքից ազատի, կամ ինքը պետք է դիմում գրի գնա: Այդ ընթացքում, երբ ես եւ տնօրենը դրսում էինք իրենք չգիտեմ ում հետ խորհրդակցություն ունեցան, հետո էլի կանչեցին տնօրենին ու նույն բանն էին էլի ասել»,- ասաց նա:

Թեմայի Վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ տնօրենին աշխատանքից ազատած մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյաննից: Նա մեզ հետ զրույցում հակասական տեղեկություններ տվեց, արդյունքում, սակայն, հաստատեց, որ իր կողմից եղել է պահանջ ազատել Արամ Խաչատրյանի հետ կապված գրառումը լայքած բժշկուհուն:

-Պարոն Ասրյան, պոլիկլինիկայի նախկին տնօրենը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառը ֆեյսբուքյան գրառման պատմություն է:

-Չէ, ֆեյբուքյան գրառումը կապ չունի: Կա մարզպետքի որոշում, որտեղ օրենքի հղումները տված են, թե ինչու է ազատվել: Հիմք ընդունեք պաշտոնական գրությունը:

-Դուք եք այդ որոշումն ընդունել, դուք եք հիմա պաշտոնակատարը:

-Ես եմ ընդունել: Առաջնորդվեք պաշտոնական որոշումով: Ինքը թե ինչ է ասում, ինքը շատ բան է ասում, բայց դա իրականության հետ առնչություն չունի: Եթե ֆեյսբուքյան նշումը կապ ունենար, ապա կոնկրետ բժշկուհուն էլ ինչ-որ պատիժ կլիներ:

-Նախկին տնօրենը պնդում է՝ քանի որ Ձեր պահանջով հրաժարվել է լայք դրած բժշկուհուն հանել աշխատանքից դուք իրեն եք ազատել:

-Ինքը շատ բան կարող է ասել:

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ստատուսին դրված լայքն ու նախկին տնօրենի աշխատանքի մասին բողոքները համընկան:

-Չեմ կարող ասել: Ուղղակի, չգիտեմ, ինչ-որ համընկնում, ուրիշ ոչ մի բան:

-Դուք նախկին տնօրենին եւ լայք դրած բժշկուհուն կանչե՞լ եք ձեր աշխատասենյակ:

-Կանչել եմ:

-Ի՞նչ հարցով:

-Աշխատանքային:

-Գրառմանը դրված լայքը քննարկե՞լ եք:

-Չէ:

-Չե՞ք առաջարկել լայք դրած բժշկուհուն աշխատանքից ազատել:

-Առաջարկել եմ, այդ բժշկուհուն…

-Իսկ ինչու՞ եք առաջարկել:

-Որովհետեւ աշխատանքային անհամաձայնություններ են: Խնդրում եմ ինձ երկուշաբթի զանգահարեք, կպատասխանեմ:

Մենք Գոռ Ասրյանից ցանկանում էինք նաեւ հետաքրքրվել, թե ինչու են պոլիկլինիկայի թերապեւտին, որը լայքի հեղինակն է, տնօրենի հետ կանչել մարզպետարան, ինչ աշխատանքային քննարկում պետք է ունենային ընտանեկան բժշկի հետ, ինչու այլ բժիշկների չեն հրավիրել, սակայն, նա պատճառաբանեց, որ խիստ աշխատանքով է զբաղված եւ չի կարող այլ հարցերի պատասխանել:

Նարեկ Կիրակոսյան