Չորս երեխաների մայր, 32-տարեկան այրի Իզաուրա Բալասանյանին ողջ Արցախը՝ պաշտոնական վերնախավով, ֆեյսբուքյան օգտատերերով, հեռուստադիտողներով, ճանաչեց օգոստոսին: Նա երեխաներին վերցրել, է գնացել էր Շուշի քաղաք, իր նախկին բնակության վայրը: Բայց կնոջը կանգնեցրել են ռուս և ադրբեջանցի սահմանապահները և հանձնել են Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը:
Իր ծայրահեղ քայլը Իզաուրան բացատրել էր նրանով, որ տան տիրուհին, որտեղ նա բնակվում էր, բարձրացրել էր բնակվարձը, հասցնելով ամսական 150 հազար դրամի, և ինքը չուներ միջոցներ, որպեսզի շարունակեր ապրել այդ կիսանկուղային բնակարանում:
Իզաուրան խնդրում է, որ իրեն չհամարենք ձրիակեր, պետության հույսին մնացած: Իր և երեխաների համար պետության տված 68 հազարական դրամները ստանալով, Իզաուրան ահռելի գումար հավաքեց՝ 300 հազար դրամ: Բայց չծախսեց՝ հավեր գնեց, հորթուկ, խոզ:
Հպարտանում է. «Իմ բիզնեսն է, ես եմ ստեղծել»:
Միայն տուն ոչ մի կերպ չի կարողանում ստեղծել Իզաուրան: Հարկադիր վերադարձից հետո նրան պետությունը տեղավորել էր Ասկերանի շրջանի Խանձք գյուղում, օձերով լի տանը, որտեղ երեխաների հետ մնալ հնարավոր չէր: Այստեղից ծանոթների միջնորդությամբ բազմազավակ ընտանիքը տեղափոխվեց Խնածախ գյուղից 2-3 կմ հեռու գտնվող Ջամալու կոչվող տեղանք, առանց տարրական պայմանների՝ ջրի, լույսի, բաղնիքի: Երեխաներին վառարանի վրա տաքացրած ջրով էր լողացնում:
Forrights.am-ի «Արցախցի կինը 4 երեխաների հետփորձել է վերադառնալ Շուշի» հոդվածից հետո Իզաուրայի շուրջ իրարանցում, աղմուկ սկսվեց: Նրան չինովնիկներ էին այցելում, բարեգործներ, լրագրողներ: Արցախի հեռուստատեսությունը ռեպորտաժ նկարեց Իզաուրայի ու նրա երեխաների մասին: Արցախի օմբուդսմենը այցելեց Իզաուրային, սոցապ նախարարությունից եկան, կահույք նվեր բերեցին: Մի ռուս բարեգործ հայտնվեց: Պարտավորվեց, որ ամեն ամիս Իզաուրային գումար կուղարկի: «Ու ուղարկում ա, ամեն ամիս 100-150 դրամ ա ուղարկում, երեխեքին նրա փողերով պահում եմ», — ասում է Իզաուրան:
Ամենամեծ խոստումը՝ ամենաճոխ, ամպագոռգոռ, տվեցին նախագահականի պաշտոնյաները:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Արմեն Մանգասարյանը զանգահարեց ու խոստացավ, որ տունը, որտեղ մնում է Իզաուրան երեխաների հետ, պետությունը կգնի ու կնվիրի նրան, ինչպես նաև կվերանորոգի այն:
«Խոստումը չկատարեցին: Ես հոգնել եմ, էլ չեմ կարողանում ապրեմ էս վիճակում, տունս ոչ լոգարան կա, ոչ զուգարան, ոչ պոլ, ոչ պատալոկ: Երեկ գնացի նախագահական, ղժղժացի, եթե տունը չսարքեն, երեխեքիս հավաքելու եմ, գնամ արայիկենց տուն, որ ինքը տեսնի մեզ ու ամոթից գետինը մտնի», — «սպառնում» է Իզաուրան:
Երիտասարդ կնոջ բողոքը, որը նա մեզ հայտնել էր, վերահասցեագրեցինք Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանին: Նա տեղյակ չէր, ոչ խոստումներից, ոչ խնդրից առհասարակ: Ասաց, որ կխորանա, նոր կպատասխանի:
Իզաուրա Բալասանյանը մարմնավորում է 44- օրյա պատերազմից հետո ծանր կացության մեջ հայտնված ու ամեն ինչ կորցրած, բայց մոխրից վեր հառնող հազարավոր արցախցիների հավաքական կերպարը: Նա կորցրել է ամեն ինչ՝ ամուսնուն, նրա գերեզմանը, որը ադրբեջանցիները քանդել են, հավասարեցնելով հողին, ունեցվածքը, և հազարավոր արցախցիների նման նա կյանքը սկսում է զրոյական կետից: Ասում է, որ հետ է գնալու ու նորից սարքելու է ամուսնու՝ Էրիկի գերեզմանը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: