46- ամյա Վախթանգ Կարապետյանը կամավոր մեկնել էր Արցախյան պատերազմին`ծառայող որդու կողքին լինելու համար: Նա զոհվել է բեկորային վնասվածքից` մարտական հերթապահությունը ավարտելուց վայրկյաններ առաջ եւ այդպես էլ չհանդիպելով որդուն:
Զոհված կամավորը Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից էր, ամուսնացած էր, բացի ծառայող որդուց ունի նաեւ դուստր: Կինը` Նարինե Մնացականյանը պատմում է, որ որդին ծառայում էր Խոջալույում:
«Երբ սեպտեմբերի 27- ին լսեցինք չարաբաստիկ լուրը, ամուսինս ասաց, որ գնում է: Նա աշխատում էր Սպայկա ընկերությունում որպես վարորդ, ամսի 25- ից գործուղման էր մեկնել Մեղրի, հետո երբ վերադառնար, պետք է գնար ՌԴ: Լուրը լսելուց հետո եկավ տուն ու գնաց զինվորական կոմիսարիատ, որ գնա որդուս մոտ: Գնաց, բայց ոչ թե Խոջալու, այլ տարել էին Եղնիկներ: Հոկտեմբերի 4- ին առավոտյան զանգեց, ասեց` հերթապահությունս հանձնելու եմ, բայց տուն չեմ գալու, գնալու եմ էրեխու մոտ… ու իրոք չեկավ, բայց որդուս էլ չտեսավ…»,- պատմում է Նարինեն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վախթանգը արդեն դիրքում հերթապահությունը հանձնելուց է եղել, գնացել էր դիտակետից նայելու, երբ թշնամու տանկը արկ է արձակել ու դրա պայթյունից բեկորը հարվածել է նրա դեմքին:
Վախթանգի զինակիցները ընտանիքին են վերադարձրել նրա հեռախոսը, որի մեջ մի քանի լուսանկար է եղել` մեկը` տանկի հարվածից ընդամենը մի քանի րոպե առաջ, մյուսը` մի զինվորի հետ, որին շատ էր նմանեցրել իր որդուն: «Ասում են, որ երեք օր այդ զինվորի կողքն է քնել, մեր որդու կարոտն առնի»,- պատմում է զոհված կամավորի կինը:
Նա նշում է, որ իր որդին Խոջալույում տանկի հրամանատար է եղել, երբ Վախթանգի զոհվելու մասին լուրը հայտնի է դարձել, որդին ետ է կանչվել առաջնագծից եւ եկել տուն` հոր հուղարկավորությանը մասնակցելու.
«Ինքը չէր իմանում, որ հայրը զոհվել է: Անընդհատ զանգում էր, թե ինչ է եղել պապայի հետ, ստեցի, թե ոտքը վիրահատել են, քո գալը շատ կարեւոր է: Հետո երեւի արդեն գիտակցել էր, որ հայրը չկա… երբ եկավ, արդեն հուղարկավորեցինք»:
Նարինեն ասում է` պատերազմի հետեւանքով այն կորուստները, որ ունեցել ենք, անդառնալի են.
«Ոչ մի բառ, ոչ մի խոսք չի կարղ սփոփել ոչ մեկիս, այդ թվում եւ հազարավոր մյուս ընտանիքներին, ովքեր կորցրին: Բազմաթիվ մայրեր մնացին առանց որդի, բազմաթիվ կանայք մնացին առանց ամուսինների եւ բազմաթիվ երեխաներ մնացին առանց հայրերի… չգիտեմ… միայն մի ցանկություն ունեմ, որ մեր պաշտոնյա ղեկավարները, պաշտոնյա այրերը կարողանան ապահովել գոնե մեր երեխաների ապագան, ապահովեն մեր խաղաղ երկինքը, որ մեր երեխաները էլ նման բաներ չապրեն ու չտեսնեն»:
Վախթանգ Կարապետյանի հարազատները նրա մահից հետո համացանցում գտել են 44- օրյա պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում նրա տված փոքր հարցազրույցը, որտեղ նա ասում է.
«Մեր տղան ծառայում է, հենց հիմա առաջնագծում է: Որ տղաս էստեղ ծառայում է, ես ոնց կնստեմ տունը»:
Անի Գեւորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։