-Այ տղա, ո՞ւր էիր, չէիր գալիս, գիտե՞ս՝ ինչերի միջով ենք անցել։
-Պապա, ուղղակի ներվս ձգվել էր, չէի կարողանում զանգեի։
Դեկտեմբերի 25-ին Գարիկ Գուլբանդյանը երազով եկավ հոր մոտ՝ հասկացնելու, որ իր դիակն արդեն Երևանում է։ Աճյունն ընտանիքին փոխանցեցին մի քանի օր անց՝ հունվարի 11-ին։
Գարիկը
Իմ էրեխեն հայրենասեր էր։ Էնքան սիրով ա միշտ եղել բանակի նկատմամբ։ Մինչև ծառայության անցնելն էլ շտապում էր՝ «շուտ գնամ, գամ»։ Էնքան էր ուզում՝ էդ զինվորական համազգեստը հագներ։ Բանակ զորակոչվել ա 2019 թվականի ամռանը։ Ծառայում էր Մարտունի երկուսում։ Ծառայությունից շատ գոհ էր, բացարձակ չի բողոքել։
Դպրոցը պրծել ա ու գնացել։ «Դոսաֆում» էր սովորում, հազիվ հասցնում էր համատեղել դասերի հետ։ Մտածում էինք՝ գնար, սաղ-սալամաթ գար, հետոյի համար պլաններ կկազմեր։
Պատերազմն սկսվեց
«Լավ ենք, դուխով»։ Գարիկը Սեպտեմբերի 27-ից մինչև վերջին օրն էլ զանգել ա։ Դուխ էր տալիս մեզ, վատ չէր տրամադրված։ Որ զանգում էր, հարցնում էր՝ «մամ, ի՞նչ կա, ի՞նչ նորություն», իրանք ոչ մի բան չգիտեին, ուզում էին իմանալ՝ երբ կդադարի, երբ կխաղաղվի։
Վերջին անգամ հետը խոսել ենք հոկտեմբերի 10-ին, էն էլ մի քանի անգամ։ Էդ օրը համարյա բոլորին էլ զանգել ա, երևի իմացել ա, որ պիտի տեղափոխեն, մեզ չի ասել։ Միշտ որ զանգում էր 1-2 րոպե էինք խոսում, բայց էդ օրը չէր ուզում անջատել։
Հոկտեմբերի 10-ին Մարտունի երեքից հրաման ա եկել, որ վարորդ չունեն տեղափոխության համար, մեքենայի անհրաժեշտություն կար։ Մարտունի երկուսից երկու մեքենա էին ուղարկել, ինքն ու իր ընկերը որպես վարորդ գնացել էին։
Հոկտեմբերի 10-ի գիշերը Մարտունի երեքի 1-ին «բատալյոնը» փախել, եկել ա, իրանց փոխարեն 7-րդ «վաշտի» էրեխեքին են վերցրել, ուղարկել Հադրութ։ 73 էրեխա գնացին, մնացին թուրքերի մեջ։ Հադրութում ա տեղի ունեցել դեպքը, Այգեստան գյուղի մոտակայքում, որն արդեն գտնվում էր Թուրքերի ձեռքում։ Էրեխեքը կռիվ են տվել, իրանց տարբեր հեռավորությունների վրա են գտել։ 3-4 ժամ կապ ա եղել իրանց հետ։ Օգնություն են խնդրել անընդհատ։ Բայց ոչ մեկ էլ չի հասել։ Թե ինչ ա կատարվել, ոչ մեկ չի իմանում։ Որ չտանեին, չէր զոհվի։
Դրանից հետո մի քանի անգամ գնացել ենք Ղարաբաղ, որ ղարաբաղցին գալիս էր, ցավակցում էր մեզ, բայց մենք հլը հույս ունեինք։ Հրամանատարությունը բան չէր ասում, դուխ չէր անում, բայց իրենք էլ գիտեին արդեն։
«Ո՞վ ա մեղավոր»
Հարցնում ենք՝ ո՞վ ա մեղավոր, Մարտունի երրորդի հրամանատար Գոռ Իշխանյանն ասում ա՝ Ջալալն ա մեղավոր։ Գործ էին հարուցել Կարեն Առուստանյանի դեմ, ինքն էլ ասում ա՝ «ես անմեղ եմ, չեմ իմացել, որ երեխեքը գալու են»։
Շատ պարզ ա․ծախել են համ երեխեքին, համ հողերը։ Իրանց զոհ ա պետք եղել, ուղարկել են էրեխեքին զոհվելու դիտավորյալ, որովհետև ոչ մեկ չի եղել ճամփի վրա, որ դեմները կանգնի, ասի՝ ուր եք գնում։ Ո՞նց կարողա հրամանատարը հրաման տա, ուղարկի, ու դիմավորող չլինի իրանց։ Եթե հատուկ գործողության եք ուղարկել էրեխեքին, ինչի՞ ա ամենաբարձր պաշտոնն եղել մայոր, ոչ թե փոխգնադապետ, առնվազն պետք ա փոխգնդապետ լիներ։
Ամենավատն էն ա, որ ոչ մեկ չի պատժվում։ Քննությունը շարունակվում ա, բայց արդեն մի տարի ա անցել, ու ոչ մի բան չեն արել։ Վարչապետի հետ էլ ենք հանդիպել, ասում ա՝ փաստաբան վարձի, էդ հեչ, վարձելու ենք, բայց մենք քեզ էրեխա ենք տվել, դու էլ ճշտի՝ ով ա մեղավոր, բեր մեզ ներկայացրու։ Ինչի՞ մենք պիտի ընկնենք փողոցներով, ճշտենք։ Էդ իրանց գործն ա, իրան ենք էրեխա տվել, իրանից էլ պահանջելու ենք։
Կբացահայտվի ամեն ինչ, սենց չենք թողնի, հետևողական ենք լինելու։ Գործը համ ԱԱԾ ենք տվել, համ Զինվորական դատախազությունն ա զբաղվում։
Ի՞նչի համար
Ամեն օր հարց եմ տալիս՝ ո՞ւմ համար, ինչի՞ համար։ Մենակ զինվորն ա, որ մտածել ա՝ գնամ հայրենիքիս համար, ծնողիս համար, տան համար, իմ համար, հողի համար։ Փնթի, անկազմակերպ պատերազմ էր։ Իրանք չեն իմացել, որ իրանց ծախելու են։
Ցավալին էն ա, որ անարժանների համար էդ էրեխեքը իրանց կյանքը տվեցին, իրանք ափսոս էին, էդ սերունդը ափսոս էր։ Մենք հիմա շատ տեղեր ենք գնում, ինչքան անարժան մարդիկ են կյանքը վայելում, բայց էրեխեքի հաշվին, իրանց թափած արյան հաշվին ։
Էս պատերազմում մենք պարտվեցինք, մեր ճակատագիրը մեզնից խլեցին, առանց մեզ ասելու։ Ցավ տվեցին, ասեցին՝ նստեք։ Ցավը մերն ա, իրանցը չի։
Գարիկից հետոն ․․․
Մայրը։ Գարիկը մեր տան խաղաղությունն էր, ուրախությունը, հանգստությունը, էդ ամեն ինչը տարել ա մեզնից։ Մենք հիմա համ վիրավոր սրտով, համ վիրավոր թևով ենք ապրում։ Կարելի ա ասել, չենք ապրում, ուղղակի գոյատևում ենք մյուս էրեխու համար։ Ինքը ինձ համ ընկեր էր, համ քուր, համ ախպեր, մենք մի ուրիշ ձև էինք կապված իրար հետ։ Էդ դատարկությունը, էդ կարոտն ա, որ խեղդում ա։
Հայրը։ Դժոխք
ԱՆի Թորոսյան
Աստղիկ Գաուդյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: