Արման Թաթոյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումները Հայաստանի տարածք

9

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները:

ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք։

Ներկայացվել են նաև Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք հիմնված են Արցախի իր գործընկերոջ զեկույցների վրա:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի, Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի, Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումների ժամանակ ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայված են ՀՀ քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, խաթարել են մարդկանց բնականոն կյանքը։

Հայաստանի օմբուդսմենն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների (այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածների) անհապաղ վերադարձին և արհեստական, իրավական հիմքերից զուրկ դատավարություններին՝ կարևորելով միջազգային ատյանների արձագանքը:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը: