Նոյեմբերի 15-ին Ճամբարակի զորամասում մահացել է պայմանագրային զինծառայող, 29 տարեկան շարքային Գևորգ Ավետյանը:
Ըստ ՊՆ-ի տարածած նախնական վարկածով, որը հրապարակվեց հանրային հեռուստատեսությամբ, Ավետյանի մահվան պատճառը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորումն է եղել, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց և հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, մահացել է:
Գևորգ Ավետյանի եղբայրը՝ Գուրգեն Ավետյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախարարության հրապարակած տեղեկությունը սուտ է, չի համապատասխանում իրականությանը: Նա համոզված է, որ իր եղբորը սպանել են:
«Մենք մոտը չենք եղել, բայց նրան ծեծելով սպանել են: ՊՆ-ն ներկայացրել է, թե եղբայրս անփույթ կրակելու արդյունքում է մահացել, նախ՝ ինքը 4-5 տարվա ծառայող էր ու չէր կարող անփույթ վարվել: Երկրորդ՝ ծեծի հետքեր կան: Գլխին խփած տեղ է եղել, վզից բռնած, կապտած տեղ, կրծքավանդակին հետք կա, թևին, ոտքին, մեջքին: Նա չէր կարող ծեծվելով, երեք տարբեր տեղերից ինքն իրեն կրակեր», — ասում է Գուրգեն Ավետյանը:
Եղբայրը վստահ է՝ երեք կրակոցի հետքերը Գևորգի մարմնին բացառում են անփույթ կրակոցի, զենքի հետ վարվելու կանոնների խախտման վարկածը:
Սպանված զինծառայողի ընտանիքը վիրավորված է: Գևորգով հետաքրքրվող չկա: Ոչ քննչական կոմիտեից են կապվել նրա հարազատների հետ, ոչ դատախազութունից, անգամ զորամասից, կամ զինկոմիսարիատից չեն զանգել: Անգամ մահվան վերաբերյալ նախնական եզրակացութուն Գևորգի հարազատներին չեն տվել: «Ոնց որ հավի ճուտ ա եղել, ոչ թե զինվոր»:
Գուրգենը պատահաբար է իմացել, որ եղբայրը մահացել է:
«Ես դրսում կանգնած էի, հիվանդանոցի ճամփան հենց այդ տեղով էր անցնում: «Վայեննի սկոռին» ես արագ անցնելուց տեսա, «ավարյոնկան» միացրած: Հասկացա, որ ինչ-որ բան եղել ա:Հետաքրքրության համար «սկոռու» հետևից ես հասա հիվանդանոց, տեսա՝ եղբորս միջից իջեցնում են, արյան մեջ կորած, արնաքամ եղած»:
Հուղարկավորությանը զինկոմիսարիատից, կամ ՊՆ-ից որևէ պաշտոնյա ներկա չի գտնվել: Իսկ զորամասից միայն Գևորգի ծառայակից ընկերներն են եկել: Անգամ դագաղով չեն օգնել ընտանիքին: Չեն հոգացել թաղման ծախսերը:«Ամեն ինչ մեր վրա է եղել: ՊՆ-ից ոչնչով չեն օգնել», — ասում է Գուրգենը:
Նա եղբոր մահից երկու օր առաջ տեսել է նրան, բերել է Մալայանի անվան ակնաբուժարան, քանի որ Գևորգ Ավետյանի աչքի տակ կապտուքներ էր նկատել: «Աչքերի տակերը սևացել, ուռել էր, նայեցին, դեղ նշանակեցին, ասեցին՝ գերհոգնածությունից է: Բայց ես հիմա ամեն ինչ էլ արդեն մտածում եմ, գուցեև դա կռվի հետք ա եղել: Նա ինձ պատմել էր, որ երկու հոգու հետ զորամասում խնդիր է ունեցել: Բայց հետո ասեց, որ էդ խնդիրը հետո լուծել ենք ընկերներով: Փաստորեն, չէին լուծել», — ենթադրում է Գուրգեն Ավետյանը: Ըստ նրա, եղբորը զորամասում ճնշել են, սոված են թողել, անգամ աշխատավարձը չեն փոխանցել:
ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ Գևորգ Ավետյանի մահվան նախնական վարկածը, որը հրապարակվել էր պաշտպանության նախարարության կողմից, փոխվել է: «Քրեական գործ է հարուցված երեք հոդվածներով՝ 360.1՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, և 359՝ «Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը և 365-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս: Երկու անձի մեղադրանք է առաջադրված», — հայտնեց քննչական կոմիտեի խոսնակը: Փաստորեն, քննիչները մեկ անհեթեթ վարկածը փոխարինվել է այլ անհեթեթ, բայց նրանց կողմից սիրված ինքնասպանության վարկածով:
Դատախազութունից էլ խոստանում են, որ օբյեկտիվ քննություն կկատարվի, բոլոր հանգամանքները կպարզվեն: «Երկու անձ է կալանավորվել: Տուժողի իրավահաջորդի ճանաչման հարցը առաջիկայում կլուծվի», — տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրաբամյանը:
Այսօր Գևորգ Ավետյանի մահվան ութերրորդ օրն է:
Հ.Գ. Նախկինում, երբ զինծառայող էր մահանում, պաշտպանության նախարարությունը պարտադիր հաղորդագրություն էր տարածում դեպքի վերաբերյալ: Այս անգամ առանձին հաղորդագրություն չի եղել: Տեղեկությունը Գևորգ Ավետյանի մահվան մասին ՊՆ-ն հրապարակել է միայն հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրով: Այսպիսով, պաշտպանական գերատեսչությունը նոր վարքագիծ է դրսևորում՝ հնարավորինս կոծկել տեղեկատվությունը, խտրականություն դնելով ԶԼՄ-ների միջև:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: