Հրանտ Պետրոսյանը սեպտեմբերի 27-ին կամավոր մեկնել էր Արցախ: Նա զոհվել է դիպուկահարի գնդակից` հոկտեմբերի 23-ին Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում:

Հրանտ Պետրոսյանը ծնվել էր Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, 1974թ-ին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել, երկարատեւ բուժումները մեծ օգուտ չէին տվել, եւ նա տարիներ շարունակ ապրում էր` բեկորները մարմնում։

Ոսկեվազում Պետրոսյանների տան դիմաց կարելի է տեսնել նոր կառուցված ցայտաղբյուր, որի վրա գրված է Հրանտի եւ տարիներ առաջ նրա մահացած եղբոր` Գրիգորի անունները: Մայրն ասում ` որդիներիցս մնա ց այս մաքուր ջուրը:

Զոհված կամավորի դուստրը ամուսնացած է,իսկ որդին ունի առողջական խնդիրներ, ինչի հետեւանքով ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից: Հարազատները հիշում են` Հրանտը միշտ ասում էր, որ երբ կարիքը լինի, ինքը մեկնելու է առաջնագիծ ու կռվելու է երկու հոգու` իր ու իր որդու փոխարեն:  Այդպես էլ լինում է:Նա որպես կամավոր Արցախ է մեկնում 2020թ-ի հենց սեպտեմբերի27-ին: Մի քանի օրից վերադառնում է, հավաքում է իր ջոկատը ու նորից ետ գնում առաջնագիծ:

Հարազատներին ասում էր, որ իր համար չանհանգստանան, որ ինքը անում է այն, ինչ պետք է անի:

«Ես իրան ասում էի` հետ արի, դու քո կռիվն արդեն կռվել ես, ոտքերդ ամբողջը բեկորներով է, բայց ինքը ասում էր, որ իր տեղն այնտեղ … Շատ նպատակներ ուներ տղաս: 45 տարեկան էր ընդամենը , երեք պատերազմի միջով էր անցել, բայց այսպիսի դաժան բան չէր տեսել: Շնորհակալ եմ իր ընկերներից, որ կարողացան որդուս մարմինը տուն բերել»,- ասում է կամավորի մայրը:  

Պատերազմից հետո Հրանտի զինակիցները նրա ընտանիքին պատմել են, որ նա կռվել է արիաբար ու ընկերներին օգնության հասնելով:  Իսկ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցածի մասին հայտնի է հետեւյալը. հարեւան դիրքից օգնության կանչ է հնչում,  Հրանտը վերցնում է իր ջոկատի տղաներին ու հասնում օգնության։ Այդ ժամանակ կողքի անտառից հայտնվում է թշնամական դիվիզիան։ 5 հոգով սկսում են կռվել 55 հոգու դեմ, ոչնչացնում են շատերին, ինչի ընթացքում Հրանտը ոտքերի շրջանում վիրավորում է ստանում, սկսում է արնահոսել, սակայն մարտից դուրս չի գալիս: Իսկ երբ Հրանտը փորձում է իր դիրքից առաջ շարժվել հնչում է դիպուկահարի կրակոցը:

Հրանտի մայրը այժմ պահում է որդուց վերադարձած իրերը եւ այն հեռախոսը, որը մահվան պահին եղել է նրա կրծքի գրպանում, եւ որի միջով անցել է դիպուկահարի գնդակը:


Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest