Ցմահ դատապարտյալների ռեժիմի փոփոխության անհրաժեշտության, օրենքի պահանջներն ի կատար ածելու մասին վերջերս պարբերաբար ահազանգում են  և իրավապաշտպանները, և հենց իրենք՝ դատապարտյալները:

Սակայն ոչ իրավապաշտպանների հայտարարությունները, ոչ բողոքի կյանքի համար վտանգավոր ձևերը արդյունք չեն տալիս:

Դատախազությունը կամայական որոշումներով, հաճախ առանց բացատրություն, կամ ժամանակին որևէ գրավոր հիմնավորում տալու շարունակում է մերժել ցմահների պահման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ դիմումները, չկատարել 2019 թվականին ընունված օրենքը:

Ըստ դրա, ցմահ դատապարտյալը, դրական վարքագիծ ունենալու դեպքում 15 տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ 18 տարի ազատազրկումից հետո՝ կիսաբաց, աշխատել, ՔԿՀ-ում մնալ միայն գիշերային ժամերին:

Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերին դատախազությունը 5 ցմահների պահման ռեժիմների մեղմացման որոշումներ կասեցրեց: Ցհամներից երեքը 20 տարուց ավելի կալանավայրում անցկացրած ցմահ դատապարտյալներ Արամ Պետրոսյանը, Ալիկ Գրիգորյանը, Արմեն Տեր-Սահակյանը ի պատասխան անժամկետ հացադուլ հայտարարեցին,  պահանջելով դատախազութունից իրենց կրկին կիսաբաց ռեժիմ տեղափոխել:

Ծայրահեղ հյուծված վիճակում,  նրանք, ի վերջո դադարեցրեցին հացադուլը, սակայն ոչ մի արդյունքի չհասան:

Հացադուլավորներից Արամ Պետրոսյանի հետ, որը պահվում է «Արմավիր» ՔԿՀ-ում և նստած է 2002 թվականից, կապ հաստատեցինք նրա հարազատներից մեկի միջոցով: Ուզում էինք իմանալ, թե ինչ են մտադիր անել հիմա, ինչպես են անելու, որ խուլ ու համր դատախազությունը վերջապես լսի իրենց:

Արամ Պետրոսյանը մեզ իր դատողությունները փոխանցեց, ապա նա զանգահարեց իր բանտի տաքսոֆոնից: Կարճ զրույցի ընթացքում նա հայտնեց իր կարծիքը: Արամ Պետրոսյանը համարում է, որ պահման ռեժիմի խստացումը պատիժ է, որը վատթարացնում է նրա վիճակը, ուստի չի կարող կիրառվել առանց որևէ խախտման նրա կողմից, առանց հիմնավորված և ապացուցված որոշման և դատապարտյալին դրանց հետ ծանոթացնելու:

«Վերահսկող դատախազը խախտում է այս սկզբունքը, կամայական և խտրական որոշումներով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը և տրված լիազորությունները, բազմաթիվ մարդկանց ճակատագրեր է որոշում: Նա տարբերակում է դնում որոշակի ժամանակով դատապարտվածների և ցմահ դատապարտվածների միջև, մինչդեռ դատապարտյալների ուղղված լինելը բնորոշելիս, պետք է  հավասար մոտեցում ցուցաբերցի բոլորի նկատմամբ: Սա խտրականություն է ցմահների նկատմամբ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մենք ավելի երկար ենք ապրել անազատության մեջ և ավելի բարձր ուղղման չափանիշներ ունենք, քան մյուսները», — փոխանցում է մեզ Արամ Պետրոսյանը:

Ըստ նրա, դատախազի այդ ապօրինի որոշումները զրկում են ռեժիմի փոփոխման համար կրկին դիմելու իրավունքից, քանի որ, եթե դատապարտյալը կրկին է դիմում, ապա նրա վարքում նոր, դրական բնութագրերն այլևս նշանակություն չունեն, իսկ հին խախտումները՝ «հեռախոսի հայտնաբերում խուզարկության ժամանակ», «զազրախոսութուն», «սպորտային միջոցառումներին չմասնակցելը», կրկնվում են յուրաքանչյուր նոր մեժման որոշման մեջ:

Արամ Պետրոսյանը Forrights.am-ի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ հայտնեց նաև, որ վերասոցիալականացման և ուղղվածության աստիճանը որոշող չափանիշները և ծրագրերը հաստատվել են երեք տարի առաջ: «Նախկինում նման չափանիշներ, կամ ծրագրեր չեն եղել, և մենք,, իհարկե, չէինք կարող նախկինում դրանց մասնակցել: Այդ ծրագրերին չմասնակցելը չի կարող ապացույց հանդիսանալ, թե մենք ուղղված չենք, ուղղակի այն ժամանակ մեր ուղղվածության աստիճանը չափող չի եղել: Սա շատ պարզ է: Եւ հետո՝ եթե մենք սկսում ենք գնահատել ցմահ դատապարտյալի վարքը այս երեք տարով, այդ դեպքում ուրեմն, նախկինում կատարված խախտումները պետք է հաշվի չառնել, ոչ թե որոշումից որոշում նույն խախտումները կրկնել: Նախկինում կատարածը չի կարող բնութագրել մարդուն ներկայում: Վերահսկող դատախազները չունեն հոգեբանական կրթություն, նրանք չեն էլ հետազոտում մարդուն, նրա մասին կարծիք հայտնելուց առաջ, կամ գոնե հանձնարարում այդ հետազոտությունը համապատասխան կրթություն ունեցող մասնագետներին: Վերահսկող դատախազի կարծիքները խիստ սուբյեկտիվ են և կողմնակալ», — ասում է դատապարտյալը:

Արամ Պետրոսյանը բողոքի նամակներ է գրել կառավարություն, վարչապետին: Բայց բոլոր նամակները ի վերջո վերադառնում են այն նույն պատիժների և հարկադրանքի միջոցների օրինականությունը հսկող դատախազ Իսախանյանին, կամ դատախազության համապատասխան վարչության պետ Չարխիֆալակյանին, որոնք մերժել էին դատապարտյալներին:

Ստացվում է արատավոր շրջանակ, որը մեր իրավապահ համակարգում արմատավորվել է դեռևս սովետ միության ժամանակից ու մինչ օրս չի փոխվել. կալանավայրերը վերահսկող դատախազն ու դատախազության պատիժների և հարկադրանքի միջոցների օրինականության հսկողության վարչության պետը, որոնց դեմ դատապարտյալները բողոքում են վերադասներին, ստանում են իրենց դեմ բողոքները: Հասկանալի է, որ նրանք չեն ընդունում իրենց սխալները: Հակառակ դեպքում մեկ-երկու սխալ ընդունելուց հետո տվյալ դատախազին պարզապես դուրս կնետեն համակարգից: Արդյունքում պահման ռեժիմը խստացնող որոշումները մնում են անփոփոխ:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest