«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպք է գրանցվել

29

Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խումբը անհրաժեշտ է համարում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ՄԻՊ անհապաղ միջամտությունը ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ի՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքի առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Անձի ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցով դատական նիստը կայանալու է ս. թ. նոյեմբերի 19-ին (այսօր), ժ. 11։00-ին։

Հարկ ենք համարում արձանագրել, որ անձի նկատմամբ դրսևորվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ֆիզիկական ուժի գործադրում և ապօրինի ոչ հոժարակամ բուժման ռիսկ։ Անձը ենթարկվել է հոգեբանական ճնշումների, դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, հնչեցվել են խտրական և վիրավորական արտահայտություններ։

Անհրաժեշտ ենք համարում ՀՀ առողջապահության նախարարության և ՄԻՊ անհապաղ միջամտությունն անձի իրավունքների խախտումը վերականգնելու և Հաստատությունում բուժում և խնամք ստացող անձանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքը քննության առնելու հարցով՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա դատական գործընթացը։

2021 թ․ հոկտեմբերի 31-ին Խումբը արագ արձագանքման այց է կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որի ընթացքում արձանագրվել է, որ անձը հոկտեմբերի 27-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հաստատություն, հրաժարվում է բուժումից, հոկտեմբերի 29-ին ոչ հոժարակամ հոսպիտալացնելու վերաբերյալ հայցով Հաստատությունը դիմում է ներկայացրել դատարան։ 2021 թ․ նոյեմբերի 4-ին դատարանը որոշում է կայացրել դիմումը վերադարձնելու մասին՝ Հաստատության կողմից ներկայացված հայցադիմումում առկա թերությունները շտկելու  պատճառաբանությամբ։

Դեռևս 2021 թ․ հոկտեմբերի 31-ի այցի ժամանակ բուժանձնակազմի ներկայացուցիչները Խմբի անդամներին տեղեկացրել էին, որ անձը հանգիստ է և որևէ ագրեսիվ վարքագիծ չի դրսևորում։ Սակայն այցից ի վեր Խումբը պարբերաբար տեղեկություններ է ստանում բուժանձնակազմի կողմից իրենց հսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ անհարգալից և բացասական վերաբերմունքի դրսևորումների մասին։

2021 թ․ նոյեմբերի 12-ին անձը կրկին ահազանգել է Խմբին՝ հայտնելով, որ անձնակազմը վերցրել է իր բջջային հեռախոսը և որ նա նոյեմբերի 11-ից սկսած հացադուլ է հայտարարել՝ Հաստատությունից դուրս գալու պահանջով։ Բուժանձնակազմի հետ առանձնազրույցի ժամանակ վերջիններս պնդում էին, որ չեն վերադարձնելու անձի հեռախոսը մինչև վստահ չլինեն, որ նա բուժվել է։

Նույն օրը Խմբի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ անձը տեղեկացրել է բաժանմունքի ավագ բուժքրոջ՝ բուժում և խնամք ստացող անձանց, այդ թվում՝ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Անձը նաև նշել է, որ մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակիցներին՝ բժշկի և տնօրենի հետ հանդիպելու խնդրանքով, որպեսզի տեղեկացնի հացադուլ սկսելու իր մտադրության մասին, սակայն հանդիպում այդպես էլ չի կազմակերպվել:

Նոյեմբերի 18-ից դրությամբ անձը դադարեցրել է հացադուլը: