«Կոնրադ Ադենաուեր » եւ « Լույս» հիմնադրամների նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցավ միջոցառում-քննարկում` «Սահմանադրական բարեփոխումներ. արդյո՞ք կա անհրաժեշտություն » թեմայով:
Գերմանացի դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նշեց, որ դեռեւս 90-ականներից, երբ Հայաստանը նոր էր անկախություն ձեռք բերել եւ աշխատում էր առաջին Սահմանադրության վրա, եղել է Հայաստանում, աշխատել Ազգային ժողովում, քանի որ այդ ժամանակ ինքը խորհրդատվություն էր տրամադրում հետխորհրդային երկրներին: Նա մանրամասն հիշեց, թե ինչպես էին Սահմանադրության նախագծեր ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու այն ժամանակվա ընդդիմությունը, ինչպես նրանք ստացան հավասար թվով ձայներ, ինչպես ստեղծվեց սահմանադրական հանձնաժողով, որի նախագահը դարձավ Վլադիմիր Նազարյանը:
Պարոն Լուխթերհանդթը հիշեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք կատարված սահմանադրական բարեփոխումները, կատակեց, որ հայերն ամեն տասը տարին մեկ իրենց Սահմանադրություն են նվիրում: Իսկ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանության փոփոխությունը Օթթո Լուխթերհանդթի բնորոշմամբ` հեղափոխություն չէր, քանի որ այդ ամենը տեղի ունեցավ 2015թ. գրված Սահմանադրության շրջանակներում, այդ Սահմանադրության հիման վրա:
Հատկանշական է, որ դեռեւս 1992թ. Օթթո Լուխթերհանդթը զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, որում նշել է, որ ԼՂ-ի հայերն ունեն ազգերի ինքնորոշման իրավունք, այդ իսկ պատճառով նրանց ազատագրական պատերազմը, որը 1990-ականների սկզբներին դեռ ընթացքի մեջ էր, միանգամայն լեգիտիմ էր:
Այդ առթիվ մի քանի հարց ուղղեցինք պարոն Լուխթերհանդթին:
-Պարոն Լուխթերհանդթ, Դուք տեղյակ եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, այդ մասին զեկույց եք հրապարակել 90-ականներին: Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված, որ երբ Ադրբեջանն անցյալ տարի, սեպտեմբերի 27-ին, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, պատերազմ սանձազերծեց, միջազգային հանրությունը լռություն պահպանեց սկզբում, իսկ հետո էլ բավականին պասիվ էր իր դիրքորոշումներում:
-Ինչպե՞ս բացատրել միջազգային հանրության լռությունը: Թույլ տվեք որոշակիացնել Ձեր հարցը` ինչպե՞ս պատահեց, որ Ռուսաստանը, Կրեմլը լռեց:
-Հայաստանը մեծապես տուժեց այդ պատերազմում, ունեցավ տարածքային եւ մարդկային մեծ կորուստներ, ունենք ռազմագերիներ, լարվածությունը սահմաններին շարունակվում է: Դուք ինչպե՞ս եք վերաբերում հումանիտար իրավունքների, մարդու իրավունքների խախտումներին:
-Ես պնդում եմ, որ միջազգային հանրությունը չլռեց, այլ երկու կողմերին էլ անընդհատ կոչեր էր անում դադարեցնել պատերազմը, դադարեցնել հումանիտար իրավունքի խախտումները, բայց այդ ամենը մնում էր, այսպես կոչված, քամու մեջ, քանի որ ոչ ոք ականջալուր չէր լինում այդ կոչերին: Բայց այն ժամանակ իրենց խոսքն ասացին եւ՛ ԵԱՀԿ-ն, եւ՛ Եվրոպայի խորհուրդը, եւ՛ Եվրոպական միությունը, եւ՛ Միավորված ազգերի կազմակերպությունը, պարզապես լսող չեղավ: Հիմա ասեմ, թե ինչու: Պարզապես տարբեր երկրներ, պետություններ ներկայացնող միջազգային հանրությունը համառորեն մնում է այն կարծիքին, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում, եւ Ադրբեջանն իրավունք ունի հետ գրավելու ԼՂ-ն: Իսկ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չեղավ համոզելու միջազգային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ունենալու սեփական պետություն: Միջազգային հանրությունը պատերազմից առաջ լռել էր, երբ շատ ուժեղ չափով զինվում էր Ադրբեջանը, երբ Թուրքիայից մեծ օժանդակություն էր ստանում եւ երբ Ռուսաստանը միլիարդավոր գումարներով նաեւ Ադրբեջանին զենք էր սպասարկում: Այդ ողջ ընթացքում միջազգային հանրությունը լռել է:
-Որպես Արցախի հարցի լուծման տարբերակ` տարբեր շրջանակների կողմից առաջարկվում է «անջատում հանուն փրկության » (remedial secession) դոկտրինը: Կիրառելի՞ է այն Արցախի հարցում, թե՞ ոչ:
-Դա նոր գաղափար չէ, դա ինքնորոշման իրավունքի բովանդակությունն է: Ներեցեք, Լեռնային Ղարաբաղը 1993-94 թվականներին հաղթել էր Ադրբեջանի դեմ պատերազմում: Այն ժամանակ նա հասավ իր անկախությանը, իսկ հիմա Ադրբեջանը դիմեց ռեւանշի: Սակայն սրանով չի փոխվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Դուք, որպես հայուհի, կարող եք պահանջել, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես անկախ պետություն: Պատերազմի ժամանակ բազմիցս այդ պահանջը ձեւակերպվել է: Եվ գիտենք, թե, օրինակ, Գերմանիան, ինչ պատասխան է տվել դրան: Անգամ Հայաստանի Հանրապետությունը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
-Պատերազմից հետո, մեկ տարվա ընթացքում, Ադրբեջանը պարբերաբար ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Օրինակ` վերջերս այդ միջադեպերը հաճախակիացել են Սյունիքում:
-Միջազգային իրավունքի տեսանկյունից շատ պարզ է այդ ամենը, քանի որ խախտվում է ինքնիշխան պետության նկատմամբ բռնության կիրառման արգելքը: Ես զարմանում եմ, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը ոչինչ չեն անում, որպեսզի պաշտպանեն այն սահմանը, որն առկա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով պահանջի իրականացնելու դեմարկացիա` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Դրա համար պետք է ստեղծվի խառը հանձնաժողով, որում պետք է ընդգրկվեն հայերն ու ադրբեջանցիները, եւ որը պետք է գլխավորի Ռուսաստանը: Հայաստանը պետք է անպայման պահանջի, որ այդ լանդշաֆտում անցկացվի դեմարկացիան, որոշվեն սահմանները:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: