«Մտածես ոչ, մամ, լոխ լյավ ա ինան»

461

-Կարեն, ցավդ տանի մաման, քեզ ո՞նց թողնեմ, գնամ։

-Մամ, ես լավ եմ, դու որ ստեղ ես, ես դրա համար եմ վատ։ Ես քո համար եմ անհանգստանում, մտքերս քո հետ են լինում, դուրս արի, որ ես էլ իմ գործողություններում ազատ լինեմ։

Կարեն Բեգլարյանի ու մոր վերջին հեռախոսազրույցն էր հոկտեմբերի 5-ին։

Կարենը

Կարենս զոհված ազատամարտիկի անուն էր կրում։ Առաջին պատերազմի ժամանակ ամուսնուս ընկերը՝ Կարեն Կոստանդյանը, 16 տարեկանում հենց իր ձեռքերի մեջ զոհվեց։ Դրանից հետո խոսք տվեց, որ եթե տղա ունենա, անունը, անպայման, Կարեն ա դնելու։ Էնքան էի հպարտանում իրենով, ասում էի՝ իմ նվերն ա։

Փոքր ժամանակվանից  մեր բակում բոլորը իրան Կոմանդոս էին անվանում, որովհետև շատ ժիր երեխա էր։ Իրա հայրը, հորեղբայրը, քեռին զինվորական էին, իրենց ճանապարհով էլ գնաց։ Ասում էր՝ «պապա, տղաները չեն լացում, չէ՞»։ Նովոսիբիրսկ էր գնացել սովորելու, հետախուզություն, շատ լավ էր տիրապետում իր գործին։

Ապրիլյան պատերազմի ժամանակ էլի հետախույզ էր, բայց կարծես հանգստություն կար իմ մոտ։ Դպրոցի զինղեկը գալիս էր, ասում՝ «Կարենը շատ լավ էր քողարկվում, շատ լավ, դուք չեք պատկերազնի, որ թուրքը տանկով վրայով էլ անցնի, չի իմանա, որ Կարենը էդտեղ ա»։ Կարծես իմ երեխայի մասին չէին խոսում։ Ասում էի՝ «ախր ի՞նչ են ասում է, իմ երեխեն փոքր երեխա ա», բայց իրենք, որ սխրանքները պատմում էին ապրիլյան պատերազմի, և՛ հպարտություն կար մեջս, և՛ մի քիչ հանգստություն։ Մտածում էի, որ ինքը կգա։ Որ բոլորն ասում էին՝ ինչի՞ ես թողնում՝ գնա ծառայելու, ասում էի, որ պատերազմն սկսվի, միևնույն ա՝ գնալու ա, էսպես գոնե սովորած կլինի պաշտպանվելու կանոնները։ Կարծես ինքս ինձ հանստացնում էի։ Ապրիլյանից հետո, որ մտավ նորից ծառայելու, ամուսինս շատ էր վախենում, համոզում էր, որ դուրս գա, ասում էր՝ «պապ, դու չգիտես՝ դա ինչ ա է»։ Հայրն ասում էր՝ «այ տղա, ո՞վ, ես չգիտե՞մ»։

Անընդհատ ասում էր՝ «մտածես ոչ, լոխ լավ ա ինան,մամ, լյավ ա ինան»։

Պատերազմն սկսվեց

Մենք տանն էինք, որ պատերազմն սկսվեց։ Կիրակի օր էր, Կարենն էլ առողջական խնդիրների պատճառով տանն էր, արձակուրդում էր։ 

Առավոտյան, որ վեր կացանք, բոլորիս իջեցրեց նկուղ, հարևաններին էլ ծիծաղելով ասեց՝ «իջեք նկուղ», հետո շորերը հագավ, ամեն ինչը վերցրեց, ու գնաց։ Ամեն օր առավոտյան զանգում էր, ասում էր՝ «լավ եմ, մամա, մի վախեցի, դու դուրս եկ»։ Իր կնոջն ու աղջկաս ուղարկել էի Երևան, հղի էին, ես մնացել էր նկուղում։ Ասում էր՝ «դու գնա, որ ես իմ գործողություններում ազատ լինեմ»։

Վերջին զանգը եղավ հոկտեմբերի 5-ին, ասեց․

-Մամա, չգիտես՝ ինչ ենք անում ստեղ, ձեր գյուղում ենք, փրթում ենք, կտորում ենք։ Ձեր գյուղը վերցնելու ենք։

-Կարեն, ինձ գյուղ պետք չի, ինձ դու ես պետք։

Հիմա Նոր այգեստան է կոչվում մեր գյուղը, Առաջին պատերազմից հետո մնացել էր ադրբեջանցիներին։

Զոհվեց

Կարենս եղել ա Վարանգաթաղ բարձունքը գրավելիս, առաջին անգամ երկուսով բարձրացել են, գրավել էին, հետո ՄՈԲ-ի տղաները պիտի պահեին դա, բայց չգիտես ինչի, ինչ պատճառներով իրենց ուղարկել էին ուրիշ տեղ պաշտպանելու, ու ադրբեջանցիները վերցրել էին էդ բարձունքը։ Կարենենք նորից են եկել գրավելու, ու հենց էդ ժամանակ էլ գլխուղեղի վնասվածք ա ստացել, բեկորային։ Ընկերը իջացրել էր, հետո իրենց կամանդիրներից ասել են, որ թողնի մոտակա հիվանդանոցում, ընկերն ասել ա՝ «ես Կարենին չեմ կարա էդ վիճակում թողնեմ, գնամ», հասցրել ա մինչև Մարտակերտ, էնտեղ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղարկել են Ստեփանակերտի հիվանդանոց, աղջիկս բուժքույր ա, իրա ընկերուհինեն են տեսել, ճանաչել, աչքերը տեսել են կապույտ իմացել են, որ ինքն ա։ Նորից են վիրահատել, հետո կոմայի մեջ էր, ուղարկել են Էրեբունի։

Ամսի 6-ի առավոտյան ես իրա ընկերներին հարցնում էի՝ զանգել են Կարենին, ասում էին՝ հա, բա ոնց, լավ ա։ Մենք վախենում էինք զանգել, որովհետև զանգի վրա խփում էին, ինքը պիտի հարմարեցներ, զանգեր։ Ամսի 6-ին առավոտյան կինը զանգեց Երևանից, ասեց՝ «մամա, չի կարող պատահել՝ ես զանգեմ, չպատասխանի, ընկերներին պատասխանի»։ Հետո զանգեց Կարենի հեռախոսին,  ծառայակից ընկերներից մեկը վերցրեց, ասեց, որ Կարենը զինվոր ա իջեցրել։ Բայց տարօրինակ էր, քանի որ ինքը մեքենա չէր վարում պատերազմի ժամանակ, ոնց կարող ա զինվոր իջեցնի։ Անգելինան չհավատաց, փորփրեց, տարբեր տեղեր զանգեց, սխալմամբ ընկերներից մեկն ասեց, որ վիրավոր ա, մենք ենք էնպես արել, որ կոմայի մեջ լինի։

Ամսի 6-ին դեղեր պիտի վերցնեի հիվանդանոցից, գնացի, բայց չէի հասկանում, որ էդ նույն պահին իմ տղային վիրահատում էին, կարծես ինչ-որ մեկը ինձ հրեր, ասեր, գնա հիվանդանոց, էնտեղ բոլորը շշմած ինձ էին նայում, երևի հասկացան, որ չգիտեմ, ինձ բան չասեցին։ Հոկտեմբերի 7-ին առավոտյան վեր կացա, եկա Երևան։ Հենց  հասա տուն, եղբորս ասեցի՝ «երևի ես դավաճան եմ, երեխայիս թողել եմ պատերազմի դաշտում, ես էնտեղից դուրս եկել, ես ինձ դավաճան եմ զգում»։ Ասաց՝ «դավաճան չես, երեխադ Էրեբունիում ա»։ Գնացինք հիվանդանոց, անգիտակից երեխաս պառկած էր, 5 օր պայքարեց․․․մահացավ։

Հետմահու պարգևատրել են Արիության մեդալով, Մարտական խաչ երկրորդ աստիճանի մեդալով։ Ինքը շատ պատվոգրեր, հավաստագրեր, գովասանագրեր ա ստացել զինվորական լինելու ընթացքում։  Ու ամեն ինչ էնքան խնամքով էր պահում։

Ընտանիքը

Պատերազմից 5 ամիս առաջ էր ամուսնացել Անգելինայի հետ։  Գրեթե 6 տարի հանդիպել են, շատ-շատ էին սիրում իրար։ Երեխա պիտի ունենային, երկար պայքարեցինք, բայց չմնաց։

Մենք բոլորով իրար հետ էնքան կապված էինք։ Ես հիմա եմ հասկանում, որ էն ժամանակ մենք ամենաերջանիկն ենք եղել։

ԱՆի Թորոսյան

Աստղիկ Գաուդյան

Ստեփանակերտ