18- ամյա Գեւորգ Մանասարյանը դիպուկահար էր, ծառայում էր Ջրականում: Նրա ընտանիքի անդամները պատերազմի սկսելու պահին եղել են Ջրականում, նրա զորամասին շատ մոտ գտնվող բնակելի շենքում: Նախօրեին եկել էին Գեւորգին տեսակցելու:
«15 օր պոստերում էր: Սեպտեմբերի 25-ին իջավ պոստերից, hաջորդ օրը գնացինք Ջաբրայիլ: Ամբողջ օրը իրար հետ էինք: Այդ օրն էլ մեզ հետ մնաց, քնեց: Կամանդիրը թույլ տվեց, բայց ասեց` առավոտյան յոթին թող գա, ներկա ստանա, նորից գա ձեզ մոտ: Ժամը յոթին գնաց ներկա ստացավ ու չհասցրեց հետ գալ: 7.20 պատերազմը սկսվեց: Այդ ժամանակ շենքում նստած էինք: Շենքի լուսամուտները ջարդվեցին, թափվեցին: Շենքում կոմանդիրներ կային, գոռալով դուրս եկան` շենքից դուրս եկեք: Շենքից դուրս եկանք, ծառերի տակ թաքնվելով… Երբ շենքից դուրս եկանք, տեսնում էինք իրանց ԱԹՍ ները, նույնիսկ տեսանք, թե ինչպես մերոնք մի երկու հատին խփեցին: Մնացինք մինչեւ կեսօր, այնտեղ Արտաշատից մարդիկ կային, նրանք մեզ վերադարձի կարճ ճանապարհ ցույց տվեցին… սարերով, ձորերով մի կերպ դուրս եկանք Գորիս », -պատմում է հայրը` Դավիթ Մանասարյան:
Այդ ընթացքում Գեւորգը անընդհատ զանգահարում էր ծնողներին, ասում էր, որ արագ հեռանան, ուզում էր վստահ լիներ, որ ծնողներին արդեն ոչ մի վտանգ չի սպառնում: «Մինչեւ վերջին օրն էլ ինքը ասում էր, թե անվտանգ տեղում է, որեւէ վտանգավոր բան իր համար չկա»,- հիշում է հայրը:
Հարազատները Գեւորգի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 11-ին: Գեւորգը ծնողներին խնդրել էր իր եւ իր տասը ընկերների համար ձմեռային հանդերձանք գնել. «11 դիպուկահարներ էին: Ասեց` բոլորինը առ: մենք էլ առանց, որ տանենք… հաջորդ օրը չզանգեց: Մտածեցինք կապերը լավ չեն: Հետո ինձ զանգեցին, ասեցին, որ մի հեռախոս կա, որում տղայիս նկարներն էր…», — պատմում է զոհված զինվորի հայրը:
Տեղի ունեցածի մասին ընկերները Գեւորգի ծնողներին որոշ մանրամասներ են պատմել . «Ասում են` սնարյադը որ խփել է, ինքը կանգնած է եղել, թռել է, երկու հոգու փրկել է, բայց ինքը չփրկվեց… »:
Որդու մահվան մասին կնոջը հայտնել է Դավիթը ինքը` նախապես կանչելով շտապ օգնության մեքենա ու հարազատներին:
Զոհված զինվորի մայրը` տիկին Հեղինեն ասում է` իրեն մեղավոր է զգում, որ պատերազմի մեկնարկին լինելով որդու զորամասին այդքան մոտ, չգնաց ու թեկուզ ուժով որդուն չհանեց այնտեղից:
«Տղայիս մեծացրի ` սովորացնելով, թե ինչ լավ բան է կյանքը, որ կյանքում վատ բաներ չեն լինում… ու նա մեծացավ ու գնաց պատերազմ»,- ասում է մայրը` ով որդու հագուստից հայտնաբերված փոքր փուշը խնամքով պահում է: Ասում է` տղայիս փուշն է:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: