Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արագորեն տարածվում է կորոնավիրուսային հիվանդությունը: Նոյեմբերի 3-ի դրությամբ ՔԿՀ–ներում վարակվածների թիվը 49-ն էր։ 1 հիվանդ դատապարտյալ նոյեմբերի 1-ին մահացել էր։
Իսկ արդեն նոյեմբերի 11-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կա Covid-19-ով վարակված 12 աշխատակից և 63 ազատազրկված անձ: Այս մասին Forrights.am-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը:
«ՀՀ հիմնարկներում նոր կորոնավիրուսային հիվանդության /Covid-19/ ներթափանցումը կանխելու նպատակով ՔԿՀ պետերին հանձնարարվել է առաջնորդվել բացառապես «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածով սահմանված դրույթներով», — հայտնում են ՔԿԾ-ից:
Դատապարտյալները գոհ չեն բուժման պայմաններից, հայտնում են, որ հիվանդությունը արագ աճում է, բայց չկա բավականաչափ դեղորայք և ուշադրություն նրանց նկատմամբ, մահվան դեպքերը, ըստ մեզ հասած տեղեկությունների, թաքցվում են:
Շաբաթվա ընթացքում Forrights.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներից, նրանց ընկերներից և հարազատներից: Մարդիկ վախեցած են և շատերը Քովիդով վարակվելու վտանգից սարսափած, հրաժարվում են հիվանդանոցում բուժվելուց:
«Հիվանդանոցում երևի, մի 100 մարդ կա, երեք հոգի մահացել են: Դատախազ Աշոտ Խաչատրյանն էր եկել, կպավ պետով-մետով, ասեց՝ խի չեք զեկուցել, որ սենց վիճակ է: «Արմավիր», «Կոշ», «Հրազտան», «Վանաձորից« նույնիսկ բերին», -փոխանցում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Հ. Գ-ն: Նա այս պահին առողջական խնդիր ունի, սակայն վարակից խուսափելով, հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:
Դատապարտյալը պատմում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդները չեն ստանում պատշաճ բուժօգնություն: «Քովիդը «վխտում» ա, բայց բուժմասը փակ է, «աբսլուգաներին» լցրել են այնտեղ, հիվանդներին քցել են խոնավ խցերը, ոչ մի նորմալ վիճակ»:
«Սրանից մի ամիս, երկու ամիս առաջ, մի հատ հսկիչ ունեինք, գալիս ա հիվանդ, տաքությունը վրեն, ասում ա՝ տաքություն ունեմ, ասում են՝ ջանդամ թե չունես, մարդ չունենք, գնա ներս, աշխատի: Էդ խեղճը տենց աշխատեց, աշխատեց, հետ թողեց, թքեց, դուրս եկավ, անունը Արթուր: Նենց որ իրանց մեղավորությունն ա, որ մարդ չունեն աշխատող, հիվանդ, առողջ ղրգում են աշխատանքի, իրանցից ա էդ վարակը գալիս, ուրիշ ոչ մեկից », — ասում է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներից մեկի ընկերը:
Նա տեղեկացրեց նաև, որ «Արմավիրի» մասնաշենքում, որտեղ պահվում է տվյալ անձը, այս պահին մեկ ջերմող դատապարտյալ է պահվում:
«Ընդեղ արդեն բոլորը ընկան, բուժվան, հելան, պրծան: Ինչ-որ հիվանդներ կան, որ գրիպ են, սեզոնային: Իսկ ով որ բարձր ջերմություն ունի, հավաքում, տանում են «ՑԲ»: Շատ ծանր մարդիկ չկան, բայց Էսօր «սվիդանիները» լկտիաբար փակեցին: Առավոտ ժամը տասից: Մարդիկ կային, Մոսկվայից հելե, եկել էին «Արմավիր», պատվաստված, թեստ հանձնած, չթողեցին մտնեն: Գոնե նախօլրոք ասեին», — գանգատվում է դատապարտյալներից մեկի հարազատը:
Մենք խնդրեցինք Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանին պատասխանել, թե ինչ միջոցներով և ինչ աշխատակազմով, ինչպես է իրականացվում կորոնավիրուսով հիվանդների բուժումը, մեկուսացումը, բուժօգնությունը, արդյոք դրա համար հավելյալ միջոցներ են տրամադրվել, և ամենակարևորը՝ ինչպես է ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը բացատրում այն փաստը, որ մեկուսացման պայմաններում աճում է վարակվածների թվաքանակը:
Մեր հարցերին ի պատասխան ստացանք օրենքներից արտագրված հատվածներ:
Մինչդեռ իրավիճակը սթափեցնող է և լրացուցիչ պարզաբանումների կարիք կա: Մանավանդ, որ նոյեմբերի 12-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել էր. «ՔԿՀ–ներում մենք պիտի ստիպված լինենք որոշակի խստացումների գնալ։ Հակառակ դեպքում վարակը սարսափելի տեմպերով տարածվում է»:
Մինչև 2022 թվայանի ՔԿՀ-ներում արգելված են երկարաժամկետ տեսակցությունները, իսկ կարճատև տեսակցության եկող հարազատներից պահանջվում է ՊՇՌ թեստ, կամ պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկանք:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: