Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, բողոքի ակցիան նախաձեռնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, երբ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ:

Քաղաքացիները փորձում էին մուտք գործել Կառավարության շենք՝ ուղիղ հարցեր տալու Կառավարության անդամներին, սակայն ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին և հրելով՝ նրանց հեռացրեցին մուտքի մոտից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի որոշման հետևանքով երեք գյուղ հայտնվում է շրջափակման մեջ, Պատգամավորը հիշեցրեց, որ դեռ երկու ամիս շարունակ հայտարարում էր, որ ադրբեջանական կողմը մայրուղու հատվածներում շինարարություն է կատարում, սակայն ըստ նրա՝ պետական մարմիններից պատասխան այդպես էլ չի ստացել, թե ի՞նչ են կառուցում:

Պատգամավորը նշեց, որ կան շատ հարցեր, օրինակ՝ ճանապարհով անցնողները ի՞նչ անվտանգություն պետք է ունենան:

«Ուսուցիչը, որ ամեն առավոտ Գորիսից Որոտան գնացող ճանապարհով է անցնում, ինչպե՞ս պետք է գնա դասավանդելու, այդ ԱԽՔ-ը որևէ ձև կարո՞ղ է բացատրել, կամ կառավարության նիստին մասնակցողները կարո՞ղ են պատասխան տալ՝ ի՞նչ է կատարվում, այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում է եղել»:

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհին` պատգամավորը  ենթադրում է, որ մայրուղին ամբողջությամբ հանձնվում է, այլընտրանքային ճանապարհը չի կարող լիարժեք փոխարինել գործող միջպետական ճանապարհին։

Գրիգորյանը հայտարարեց` պատրաստվում են մտնել կառավարության շենք, ստանալ պատասխաններ ու բարձրաձայնել մտավախությունները։ Պատգամավորը որոշում է կայացրել բողոքի ակցիայից հետո գնալ Կապան ու անցնել ճանապարհի այդ հատվածով՝ հասկանալու, թե ինչպես կարող է սովորական քաղաքացին անցնել այդ մաքսակետով։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest