2020 թվականի սեպտեմբերի 27-ինն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Այն ստորագրեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի և ՌԴ նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը։
Հայտարարության 8-րդ կետը վերաբերում էր երկու երկրներում պահվող գերիներին, նշվում էր նաև, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
Պատերազմից մեկ տարի անց Հայաստան է վերադարձվել ընդամենը 114 գերի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի պնդմամբ Բաքվում պահվող հայ գերիների թիվն առնվազ 3 անգամ շատ է. պաշտոնական Բաքվի և Երևանի նշած 40-ից բացի, ևս 80 հոգի, դեռ գերության մեջ է։
Forrights.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ այն մարդիկ, որոնց մենք կոչում ենք գերիներ, Ադրբեջանը իր հանցագործ գործողություններում նրանց կոչում է դիվերսանտներ։ Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շատ կոպիտ ձևով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքը։
«Երկրորդ հարցը, որին մենք պետք է անդրադառնանք, այն է, թե քանի հոգի է հայտնվել Ադրբեջանում նոյեմբերի 9-ից հետո։ Այսինքն փաստաթղթի ստորագրումից հետո, մեկ տարի առաջ ստորագրված և ուժի մեջ չմտած, շեշտում եմ, որ իրավաբանորեն այդ փաստաթուղթը ստորագրված և ուժի մեջ չմտած միջազգային պայմանագիր է։ Ինչպե՞ս և քանի՞ հոգի են հայտնվել գերության մեջ: Պնդում եմ, որ բանավոր պայմանավորվածությունները, որոնք չկային գրավոր հայտարարության մեջ, այն գործողությունները, որոնք ՀՀ իշխանության թույլտվոությամբ իրականացրել է Ադրբեջանը՝ սկսած նոյեմբերի 10-ից, հանձնվել են տարածքները դեռ այնտեղ պայքարող, մարտնչող ջոկատներով։ Ես ընդգծում եմ, որ ամսի 10-ից որպես պատանդ, որպես գերի վերցվում էին մարդիկ, որոնք տարբեր պատճառներով մնացել էին հանձնվող տարածքներում, այդ թվում այնպիսի տարածքներից էին գերևարվում, որոնք անգամ այդ հայտարարությամբ չպետք է անցնեին Ադրբեջանի հսկողության ներքո։ Չի ասվում, թե քանի հոգի է գերության մեջ և դա հստակ նրանից է, որ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում այն գործողությունների համար, որոնց արդյունքում՝ այդ թվում բանավոր համաձայնության արդյունքում հանձնված տարածքների հետ միասին հանձնվել են նաև այդտեղ դեռ մարտնչող ջոկատները»,- ասաց Ալավերդյանը։
Մեր զրուցակցի խոսքով նույնը վերաբերում է նաև դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպին, երբ Շիրակի մարզից գնացած մի ողջ ջոկատ՝ հայտնվելով տարածքներում, որոնք այդ պահին գտնվում էին հայակական կողմի վերահսկողության ներքո «հանկարծակի» հայտնվում են գերության մեջ։ Ալավերդյանը շեշտեց, որ դրանք ծանր հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողություններ են և բոլորը անպայման պետք է քննվեն և հստակ հաստատվի, թե ով ինչու և ինչ չափով է մեղավոր։
«Միջազգային օրենքով է դա սահմանված, որ Հայաստանը կարող էր խնդրել մի քանի օր կամ շաբաթ, որ կազմակերպված ձևով մարդիկ դուրս բերվեին այն տարածքներից որոնք հանձնվել են։ Դա չի արվել հայկական կողմից, դրանից օգտվել է Ադրբեջանը, և մենք գիտենք այսօր, դա պատահական քայլ չէ հայակական կողմից,: Այս մեկ տարում մենք տեսանք, որ գերիների հարցը դարձրել են կեղտոտ առևտրի առարկա՝ պահանջվում են քարտեզներ և այլն։ Պարզվում է, որ եռակողմ հայտարարության կատարումը միակողմանի էր քանի որ Ադրբեջանը պարտադրողն է, իսկ Հայաստանը այդ պահանջները կատարողը։ Ռուսաստանի՝ բալանսը պահելու քաղաքականությունը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն համաձայնվել է, այլ հնարավոր է որ նաև պլանավորել է այդպիսի կեցվածքը։ Մենք պետք է դեյուրե ընդունենք, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականությունը շարունակում է ոչ միայն արցախահայության, այլև ընդհանրապես հայության դեմ»։
Ալավերդյանը համարում է, որ որևէ այլ փաստաթղթի տակ որևէ մեկի ստորագրությունը պետք է չդրվի, քանի դեռ չեն իրականացվել նախորդ հայտարարության պահանջները՝ բոլոր գերիների վերադրաձը, պետք է հստակեցվի ,թե ինչ է նշանակում Արցախի կարգավիճակը։Առանց այդ երկու պայմանների, որևէ փաստաթղթի տակ չի կարելի ստորագրել, որքան էլ դրանցում պահանջները շատ գեղեցիկ ներկայացվեն։
Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունը գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր կատարում է աշխատանք։
«Մենք պետք է անհոգնել աշխատենք՝ օր առաջ մեր եղբայրներին վերադարձնելու ուղղությամբ: Եվ մենք այդպես էլ անում ենք: Ամեն օր այդ ուղղությամբ կատարվում է աշխատանք: Այո, պետք է արձանագրենք, որ այդ աշխատանքն արվում է ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,-ասել էր վարչապետը:
Ասպրամ Փարսադանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: