72-ամյա քաղաքացին պնդում է՝ Վեդիի ՀՀԿ-ական քաղաքապետը իրեն ունեզրկում է

177

72-ամյա Սիրուն Միսակյանը պնդում է, որ 1999 թվականից Վեդի համայնքը ղեկավարող Վարուժան Բարսեղյանը փորձում է իր ունեզրկել՝ խլելով իր հոր թողած ժառանգությունը: Forrights.am-ի խմբագրություն ահազանգած տարեց քաղաքացին նշում է, որ Վեդի համայնքի Թումանյան  15 հասցեի  ՀՀԿ-ական քաղաքապետը ապօրին ճանապարհներով համայնքապատկան է դարձրել հոր կողմից ժառանգություն ստացած իր անշարժ գույքը: Խոսքը, մասնավորապես, 2260 քմ հողամասի մասին է:

Խնդրի նախապատմությունն, ըստ Սիրուն Միսակյանի հետեւյալն է, դեռ խորհրդային տարիներին՝ 1980-ական թթ.-ներին Թումանյան  15 հասցեի  (նախկինում Թումանյան 13) հողատարածքը իր շենք-շինություններով, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող վեց այլ անձանց սեփականություն հանդիսացող տարածքները, ճանաչվել են գերակա հանրային շահ՝ Վեդիում մշակույթի տուն կառուցելու նպատակով:  Սիրուն Միսակյանի հոր տունը, հողամասն ու օժանդակ շինությունները գնահատվել են  40 հազար ռուբլի:

«Խորհրդային միության փլուզումից հետո մշակույթի տուն կառուցելու որոշումը կյանքի չի կոչվել, իսկ հորս՝ Գուրգեն Միսակյանին եւ մյուս սեփականատերերին փոխհատուցում չի տրվել: 2002 թվականի Վեդի համայնքի կադաստրային քարտեզագրման մեջ այդ հասցեի հողամասը եւ շինությունները հատակակծով պատկանում է հորս, ինչը փաստում է փոխհատուցում չի տրվել»,-ասում է Սիրուն Միսակյանը:

22 տարի համայնքը ղեկավարող Վարուժան Բարսեղյանն, ըստ Սիրուն Միսակյանի, այդ տարածքի գերակա հանրային շահ ճանաչվելու մասին հիշել է միայն հոր՝ Գուրգեն Միսակյանի մահից հինգ տարի անց՝ 2015 թվականին:

«Տարածքի հետ կապված կան խնդիրներ, որոնք ստեղծել է համայնքապետ Վարուժան Բարսեղյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանի եղբայրը: Մենք 50-ական թվականներից բնակվել ենք այստեղ, իմ ծնողները տուն են կառուցել, որը չկա, Վարուժան Բարսեղյանն ապօրինաբար քանդել է: Մի օր անցա եւ տեսա, որ ամբողջը հավասարեցվել է հողին»,- նշում է Սիրուն Մինասյանը եւ հավելում, որ Վեդի համայնքի ավագանին իրենց տարածքը ճանաչել է համայնքապատկան, իսկ Վարուժան Բարսեղյանը դիմել է Կադաստրի պետական կեմիտե այն պետականորեն գրանցելու համար, որպես համայնքային գույք, սակայն, Կադաստրի կոմիտեն մերժում է, քանի որ համայնքապետը չի ներկայացնում գույքի ձեռքբեումնը հաստատող փաստաթղթեր:

Սիրուն Միսակյանն ասում է, որ 2260 քմ հողատարածքի վրա  գտնվող իր հայրական տունը գյուղապետը քանդել է՝ իրենց տարածքում մայթ է կառուցվել, իսկ տան մյուս մասն էլ, ըստ ժառանգորդի, քանդվել է, որպեսզի ցույտ տա, որ այդ տարածքում բնակելի տուն չկա:

«Հայրս ու մայրս այս տանն են ապրել մինչեւ 2010 թվականը: Նրանց մահից հետո՝ 2010-15 թվականներին Վարուժան Բարսեղյանը ոչինչ չէր ձեռնարկում, իսկ 2015 թվականից հետո սկսեց դիմել Կադաստրի կոմիտեի՝ տիրանալու այս հողատարածքին: Կա արբայնակային քարտեզ, կա հատակագիծ հորս՝ Գուրգեն Միասկյանի անունով, որն ապացուցում է, որ սա իմ հոր պատկանող գույքն է: ես 2014 թվականին դիմել եմ Կադաստրի կոմիտե եւ ինձ տեղեկացրել են, որ այդ շենք-շինությունն ու հողամասը պատկանում է Գուրգեն Միսակյանին:  2018 թվականին համայնքի ավագանու որոշմամաբ քանդել են իմ հոր տունը: Խորհրդային տարիներին ոչ մի փոխհատուցում չի եղել, եղել է միայն գնահատում, որը հիմա ներկայացնում են որպես փոխհատուցում: Իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում, միայն բանավոր խոսում են: Ես ընդունել եմ ժառանգությունը»:

Այս հողատարածքի վեճը քաղաքացին եւ համայնքապետը վիճարկում են դատարանում: Սիրուն Միսակյանը նշում է՝ հույս չունի, որ դատարանն արդար որոշում է կայացնելու, քանի որ համայնքապետ Վարուժան Բարսեղյանը դատական համակարգում ամուր հենարան ունի:

«Նա դատական համակարգում բարձրաստիճան հարազատ ունի: Նկատի ունեմ եղբորը՝ վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանին, ինձանից խլում է այս հողատարածքը, սա ինքնիրավչություն է: Եթե համայնքային հող էր, ապա ինչպես եղավ, որ միայն հորս մահից հինգ տարի հետո հիշեց այդ մասին եւ այդ ամբողջ ընթացքում հայրս ապրել է այստեղ»,- ասում է 72-ամյա քաղաքացին:

Դատարանում Սիրուն Միսակյանի շահերը պաշտպանող փաստաբան Մոնիկա ….. մեզ հետ զրույցում նշում է, որ դատական նիստն անցնում է խախտումներով:

«Դատաքննությունը վերսկսել էր եւ այդ փուլում հայցի հիմքն ու առարկան էր հստակեցնում, մինչդեռ դա պետք է արվեր նախապատրաստական փուկում: Երկարատեւ քննությունն անցել էր, իսկ հայցի հիմքն ու առարկան չէր հստակեցրել դատարանը: Սա խոսում է այն մասին, որ իմ կարծիքով, գործի բազմակողմանիությունը չի ապահովվել»,- ասաց փաստաբանը:

Վեդին շուրջ քառորդ դար ղեկավարող, ՀՀԿ-ական Վարուժան Բարսեղյանը թեմայի հետ կապված հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:  Forrights.am-ն հարցերը Վեդիի քաղաքապետին կուղարկի գրավոր տարբերակով:

Նարեկ Կիրակոսյան