«Ես մինչև հիմա սարսափով եմ հիշում պատերազմի օրերը, չեմ էլ ուզում հիշել, բայց ուղղակի չեմ կարողանում մոռանալ․․․ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ մենք դուրս էինք գալիս մեր լիքը, երկու հարկանի տանից, ես չգիտեի՝ ինչ վերցնել ինձ հետ, բայց և զգում էի՝ գուցե այլևս չվերադառնամ մեր տուն։ Երբ Հադրութից Երևան էինք գալիս, եղբայրս էր ավտոմեքենան վարում։ Նա վիրավորում ուներ․ մի ձեռքը լրիվ ուռած էր, շարժել չէր կարողանում, մի ձեռքով էր վարում ավտոմեքենան։ Թշնամին անընդհատ ռմբակոծում էր, անօդաչու թռչող սարքերն անընդհատ հարվածներ էին հասցնում։ Եղբայրս ասաց․ «Չախենա՛ս, հավատա՝ մենք դուրս ենք գալու»։ Եվ այդպես էլ մի կերպ դուրս եկանք կրակների միջից ու հասանք Երևան», —ForRights.am-ին պատմում է Իննա Սարգսյանը, որն իր ընտանիքի հետ Հադրութից տեղահան է եղել պատերազմի օրերին ու այժմ ապրում է Երևանում։
Տիկին Իննան հավատացրեց՝ նույնիսկ ամենադժնդակ օրերին հույս ունեին, որ մեր քաջերը Հադրութը կվերադարձնեն, բայց ավաղ․․․
«Հոկտեմբերի 11-12-ին այդ հույսը կար, բոլորս հույս ունեինք, որ տղաները Հադրութը ետ կվերցնեն, բայց չէին թողնում։ Ջոկատները կազմավորված էին, պատրաստ էին առաջ գնալ։ Նույնիսկ ավելի վաղ՝ այն օրերին, երբ դեռ Հադրութից Երևան չէինք եղել, այսինքն՝ թեժ մարտերի օրերին, երբ Հադրութում՝ մեր խանութում էի, զինվորներն ասում էին․ «Չհավատա՛ք, որ մենք Ջրականը հանձնել ենք։ Մենք դիրքերը գրավել ենք, որ առաջ գնանք, մեզ ասում են՝ ետ նահանջե՛ք, մենք չենք հասկանում՝ սա ինչ պատերազմ է», — պատերազմի օրերը հիշեց տիկին Իննան։
Ամենասարսափելին այն տեսարաններն են եղել, երբ նա տեսել է մեր զոհված ու վիրավոր տղաներին։ Տիկին Իննան գնացել է հիվանդանոց՝ արյուն հանձնելու ու տեսել է սահմռկեցուցիչ տեսարաններ, որոնք հիշելիս աննկարագրելի ցավ է ապրում։
«Մի «Կամազ» ավտոմեքենա եկավ, մեր տղաներին էին բերում․ ով զոհվել էր, տակն էին դրել, ով վիրավոր էր՝ վրան․․․ այդ երեխեքն անճանաչելի էին՝ այրված էին․ այդ ինչ զենքեր էր կիրառել թշնամին, որ մեր տղաներն այդպես այրվել էին․․․․ Ես հիշում եմ արյան հոտը, պատգարակներերի վրա այնքան արյուն կար, ասես դույլով դրանց վրա արյուն լցրած լինեին․․․ սարսաափելի էր․․․ Մեր բժիշկները հերոսներ են», — արցունքները զսպելով պատմում է տիկին Իննան։
Նա ասում է՝ անասելի ցավ է ապրում, երբ տեսնում է՝ թշնամին իրենց տանն է։
«Թուրքերը մեր տանը ման էին գալիս․ նկարել էին ու հրապարակել «ՏԻԿ-ՏՈԿ»-ում, մենք էլ պատահական տեսանք։ Մեր խանութը կոտրել էին, մեր տան մեջ էին։ Մենք ամուսիններով երեսուն տարի աշխատել ենք, հայրենիք ենք շենացրել, որ մեր երեխաները լավ ապրեն։ Մենք, իսկապես, երկիր ենք շենացրել․ Արցախում տարվա լավագույն հարկատու ենք եղել, իսկ այսօր մեզ սարքել են զրո; Այս երկրի ղեկավարը,,,, մի՞թե երկիրը կարելի է հասցնել այս վիկճակին։ Դու մեր ղեկավարն ես, քեզ այս պաշտոնին են դրել․ եթե զգում ես՝ պարտվում ես, չես կարողանում, տեղդ զիջի՛ր, թո՛ղ մի գրագետ մարդ գա, այս երկրի հարցերը լուծի։ Չի՛ կարելի երկիրը բերել, այս վիճակին հասցնել․․․ », — ասում է տիկին Իննան։
Նա նշեց՝ կան ընտանիքներ, որոնց դեռ 90-ականների Արցախյան պատերազմից նոր-նոր էին ուշքի գալիս ու նորից պատերազմ տեսան։
«Հորեղբորս կինը երեսուն տարի առաջ իր քսան տարեկան զավակին դրեց հողի մեջ․ որդին զոհվել էր պատերազմում։ Հետո երկրորդ երեխային ամուսնացրին, տղա երեխա ծնվեց, ու նա զոհված հորեղբոր անունն էր կրում։ 2020 թվականին, երբ այդ տղայի հորեղբոր մահից երեսուն տարի էր անցել, ինքն էլ քսան տարեկան էր, ինքը զոհվեց պատերազմում․․․ հորեղբորս կինը 2020-թվականին իր թոռանը հուղարկավորեց․․․ Չի՛ կարելի այս ազգի հետ, այդքան ճակատագրերի հետ այսպես խաղալ․․․Եռաբլուրում ննջող տղաների չապրած կյանքերի մեղքն ո՞ւմ վիզն է, ո՞վ է պատասխան տալու, չգիտեմ՝ ինչ ասել», — ասում է տիկին Իննան։
Տիկին Իննան ասում է՝ իր ամուսինը հրաշքով է փրկվել․ հավանականությունը մեծ էր, որ թշնամու շրջափակման մեջ կարող էր ընկնել։
«Այդ ժամանակ ամուսինս պատերազմին էր մասնակցում։ Նա ռադիոտեխնիկայի մասնագետ է և իր մասնագիտական հմտությունների շնորհիվ ինքն ու իր ընկերները փրկվել էին, ԱԹՍ-ների հարվածներից կարողացել էին խուսափել, անտառներից դուրս էին եկել», — պատմեց տիկին Իննան։
Նա հիշում է այն չարաբաստիկ օրը, երբ ստիպված եղան հեռանալ Հադրութից։ Տանից իր հետ վերցրել է ձեռքի տակ եղած գումարը, զարդերը, դաշնամուրին դրված՝ զավակների լուսանկարներն ու իր խոհանոցում գտնվող էլեկտրական հարիչը, որը որդին Գերմանիայից էր բերել։ Ասում է՝ որդին չարչարվել էր ու այդ քսան կիլոգրամանոց հարիչն արտերկրից բերել, չէր կարող թողնել այնտեղ։ Հիմա այդ հարիչով տիկին Իննան համեղ թխվածքներ է պատրաստում, ընտանիքի ապրուստ վաստակում․․․
Սարգսյանների ընտանիքը Երևան տեղափոխվելուց հետո փոքր բիզնես է հիմնել․ տիկին Իննան քրոջ՝ Նարինեի ու իր ընտանիքի անդամների օգնությամբ առաջ է մղում փոքրիկ բիզեսը՝ «Hadrut’s bakery»-ն։ Երևանի Արաբկիր համայնքում՝ Ավետ Ավետիսյան 25/2 հասցեում գտնվող այս ջերմ խոհանոց-խանութում Արցախի բույրն է՝ ժենգյալով հացի, փախլավայի ու տարատեսակ թխվածքաբլիթների․․․
Մինչև չարաբաստիկ պատերազմը նրանց ընտանիքը բիզնես ուներ Հադրութում։ Տիկին Իննան ասում է՝ այնտեղ՝ հարազատ Հադրութում, հրուշակեղենի արտադրամաս ու խանութ ունեին․ իրենց ընտանիքն այդ գործում է հմուտ ու փորձառու, ուստի որոշեցին և կարողացան անգամ այդչափ ցավ ու դավ տեսնելուց հետո շարունակել արարել Երևանում։
«Մենք հոկտեմբերի 3-ին Հադրութից Երևան եկանք։ Նոյեմբերի 10-ից արդեն Երևանում գործի անցա, սկսեցի թխվածքաբլիթներ պատրաստել ու վաճառել։ Ի սկզբանե մեր բիզնեսը գրանցված է եղել․ աշխատել ենք ամեն ինչ անել օրենքով՝ հենց ի սկզբանե», — մեր թղթակցի հետ զրույցում պատմեց տիկին Իննան։
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Բալեյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: