Վերջին անգամ Ռազմիկը զանգել է ընկերուհուն: Ասել է` լավ է լինելու, որ չտխրի, որ միշտ ժպտա

356

Ռազմիկ Գալստյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում: Հայտնի է, որ մարտերից մեկի ժամանակ Ռազմիկը 4 կմ անցնելով ադրբեջանական սահմանը, իր ընկերների՝ Նարեկի, Գեւորգի, Հայկի հետ միասին հետ են շպրտել թշնամու 28 հոգանոց ջոկատը, խոցել մեկ զինտեխնիկա եւ վերադարձել սնունդով եւ ռազմամթերքով։

Ռազմիկը դպրոցական տարիներից հաճախում էր ֆուտբոլի։ 2014-ից խաղացել է Աշտարակի «Քասախ» ակումբում, այնուհետ շարունակել է խաղալ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում։

2019թ. ընդունվել էր Երեւանի պետական Ագրարային համալսարան, մասնագիտությունը՝ գինեգործ։ 2020թ. հունվարին զորակոչվել էր բանակ: Ծառայում էր Մարտունի 2 զորամասում որպես դիպուկահար:

Ռազմիկի ծնողները չեն կարողանում խոսել որդու մասին: Ասում են` հենց փորձում են խոսել, արցունքները խեղդում են:

Զոհված զինվորի եղբոր կինը`Անին ասում է, որ դժվար է որդեկորույս ծնողներին  ճիշտ խոսքեր ասելը. «Այնքան դժվար է, երբ որ դու տեսնում ես, թե ոնց է ծնողը երեկոյան իր տղայի նկարին բարի գիշեր մաղթում, առավոտյան բարի լույս մաղթում: Դա իրոք սարսափելի է: Երբեմն փորձում ենք սփոփանքի ինչ-որ բաներ ասել, բայց բառերն անզոր են»: Նա նշում է, որ Ռազմիկը բանակ էր զորակոչվել հունվարի 17-ին,  2022-ի  հունվարին պետք է զորացրվեր, եւ ինչքան մոտենում է հունվարը, այնքան ավելի ծանր է դառնում կորուստի գիտակցումը: «Մենք հիմա դեռ սպասում ենք իրեն: Շատ դժվար է իսկապես: Տեղի ունեցածից հետո սթափվել, փորձել ապրել դեռ չի ստացվում»,- ասում է Անին:

Զոհված զինվորի մյուս եղբոր կինը` Արմինեն պատմում է, որ պատերազմի նախօրեին Ռազմիկի մոր ծննդյան օրն էր. «Շատ ուրախ էինք բոլորս: Երեկոյան անակնկալ էր կազմակերպել մամայի համար: Տաքսիով ծաղիկներ էր ուղարկել: Մենք բոլորս գիտեինք, թե ինքն է բերելու ծաղիկները: Բայց ինձ թվում է` իրենք արդեն տեղյակ էին պատերազմի հետ կապված ու ինքը այդ օրը շատ հուզված էր: Ծնունդն անցավ, հաջորդ օրն առավոտյան պապան պատրաստվում էր տանից դուրս գալ, մամայի համար անակնկալ էր կամզակերպել:  Չստացվեց: Երբ պաերազմի լուրը լսեցինք, բոլորս խառնվեցինք իրար»:

Վերջին անգամ` հոկտեմբերի 7- ին Ռազմիկը զանգել է ընկերուհուն: Ասել է` լավ է լինելու, որ չտխրի, որ միշտ ժպտա :

Նույն օրը նա զոհվել է ՏՈՍ զհրանետային համակարգի կրակի հտեւանքով: Ռազմիկի եւ նրա չորս ընկերների դիերը հայտնաբերվել են ամիսներ անց` հունվարի 1-ին:

Անի Գևորգյան