Հարուցվել է քրգործ ճաշարանում հրազենից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ

43

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները, ինչի արդյունքում 2021թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, մարտական դիրքի ճաշարանում, հրազենից արձակված կրակոցից վիրավորում է ստացել նշված մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Սահակի Վարդանյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: