Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր պիցցա» սննդի ցանցում սնվելուց հետո թունավորված քաղաքացիների թիվը հասել է շուրջ 100-ի: Այս մասին այսօր տեղեկացրել էին Հայաստանի առողջապահության նախարարությունից:
««Տաշիր Պիցցա»-ի երկու մասնաճյուղերում թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի, հայտնում է Առողջապահության նախարարությունը: Հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են: 32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։ Երեք հոգու առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել»,- նշվում է հաղորդագրությունում:
Թունավորվածների թվում նույն ընտանիքից մի քանի հոգի կա: forrights.am-ը երեկ ՌԴ-ում բնակվող քաղաքացուց ահազանգ է ստացել, որ իր երկու անչափահաս երեխաները եւս թունավորվել եւ հայտնվել են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Երեխաներն այժմ մորաքրոջ խնամքին են, որը եւս իր անչափահաս երեխայի հետ թունավորվել եւ գտնվում է նույն հիվանդանոցում:
«Նոյեմբերի 3-ին քույրս, իր երեխան եւ մյուս քոջս երկու երեխաները գնում են Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա»: Այնտեղ սնվում են պիցցայով, հոթ դոգով եւ «Ցեզր» աղցանով: Տուն գալուց հետո իրենց մոտ առկա էր սրտխառնոց, փսխումներ եւ բարձր ջերմություն, որից հետո շտապօգնությունով տեղափոխում ենք հիվանդանոց»,- նշում է երեխաների մյուս մորաքույրն՝ Ամալյան:
Ընտանիքի չորս անդամներն արդեն երրորդն օրն է ստացիոնար բուժում են ստանում Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Հիմա սիստեմաների տակն են, միայն մեր ընտանիքը չէ: Ամբողջ բաժանմունքը զբաղված է, պալատներում ազատ տեղ չկա: Քուրս եւ իր երեք երեխաները մեկ պալատում են: Երեխաներից երկուսը տասը տարեկան են, մյուս աղջիկը 13 տարեկան է, իսկ քույրս 40 տարեկան է: Կողքի պալատում հինգ տարեկան երեխա, որի ջերմությունը չի իջնում»,-ասաց Ամալյան:
forrights.am-ին հիվանդանոցի ղեկավար կազմից թույլ չտվեցին բաժանմունքում նկարահանում իրականացնել, չնայած որ հիվանդերը կողմ էին, ցանկանում էին բարձրաձայնել խնդրի մասին:
Թունավորման մասսայական դեպքից հետո «Տաշիր Պիցցա»-ի թիմը հայտարարել է, որ մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն: «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է», — ասված է հայտարարությունում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: