Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:
Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերի էր ընկել 2014-ի հունվարի 28-ին: Նրան գերության մեջ պահեցին մինչև մարտի 4-ը: Հայաստան վերադառնալուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով սահմանվել էր բժշկական խիստ հսկողություն, սակայն Հայաստան վերադառնալուց շուրջ մեկ ամիս անց Խոջոյանը մահացել էր։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ վերջինիս մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: Խոջոյանի արյան փորձանմուշների մեջ հայտնաբերվել էր նավթամթերք, հոգեմետ ղեղամիջոց:
Նույն տարվա օգոստոսի 7-ին գերի էր ընկել նաև Տավուշի մարզի Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը։ Նա գնացել էր անտառ՝ փայտ բերելու և մոլորվել էր ։ Ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանը մեկ օր էլ չապրեց: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հայտնեց, որ Պետրոսյանը մահացել է, մահվան պատճառ է դարձել սրտանոթային սուր անբավարարությունը։
Մինչ այդ Պետրոսյանը սրտանոթային որևէ խնդիր չի ունեցել, իսկ այդ օրը Ադրբեջանի կողմից տարածված տեսանյութում ակնհայտ երևում էր, թե ինչպիսի դաժան վերաբերունքի է արժանանում ՀՀ քաղաքացին։ Ադրբեջանական կողմը նրան ներկայացնում էր որպես դիվերսանտ։
ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Forrights.am-ը զրուցեց իրավաբան Արա Ղազարյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, թե չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԴ-ը դիմումի ոչ բոլոր կետերն է հաստատել, սակայն սա հաղթանակ է և պետք է գնահատել։
«Առավել կարևոր է կյանքի իրավունքի խնդիրը , այսինքն ոչ միայն ֆիզիկական բռնությունն է վերագրվում Ադրբեջանին, այլև նրանց կյանքից զրկելը։ Իհարկե ցանկալի է, որ խտրականությունը և ռասիզմը նույնպես սահմանված լիներ, բայց ՄԻԵԴ-ը սովորաբար դժվար է դրան գնում։ Վերջին որոշումներում ուղղակի ակնարկել է, որ նրանց հայ լինելն է եղել պատճառը։ Բոլոր դեպքերում 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածները ցույց են տալիս, որ քաղաքացիների հայ լինելու հանգամանքով է այդ վերաբերմունքը պայմանավորված»,- հավելեց Ղազարյանը։
Ղազարյանն իր խոսքում նշեց, որ մեսիջների ժամանակաշջանն արդեն անցել ենք, դրա մասին կարող էինք խոսել 5-6 տարի առաջ, իսկ հիմա՝ հետպատերազմյան շրջանում ՄԻԵԴ որոշումները այնքան շատ են և դրա հակառակ պատկերը չկա, այսինքն ընդդեմ Հայաստանի ընդունված որոշումներ չկան, և արդեն բոլորը համոզվել են, որ Ադրբեջանը վարում է ռասիզմի քաղաքականություն։
«Ամենակարևորն այն է, որ այս ամենում համոզվի նաև Արդարադատության միջազգային ատյանը, իսկ այս վճիռները շատ կարևոր հիմք են հանդիսանալու, որ այդ դատարանի դատավորները իրենց ավելի վստահ զգան և ի վերջո բավարարեն Հայաստանի պահանջները, որ Ադրբեջանը ոչ միայն վարել է և վարում է ռասիզմի քաղաքականություն, այլև այն, որ դա պատերազմի ընթացքում օգտագործվել է որպես պատերազմի գործիք, իսկ դա կարող է հարցականի տակ դնել 2020 թվականի պատերազմի օրինականությունը, արդարացիությունը»,- ասում է փաստաբանը։
ՄԻԵԴ որոշման կատարման համար հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք կարճ ժամանակում Ադրբեջանը կկատարի իր առջև դրված պահանջները և չկատարման դեպքում Հայաստանը ի՞նչ կարող է անել։ Ղազարյանը ընդգծեց, որ մեկ այլ գործով վերջնաժամկետից անցել է մեկ տարի, իսկ Ադրբեջանը դեռ վճարում չի կատարել։
«Ադրբեջանը կփորձի վճիռները կատարել ընդհանուր համատեքստում՝ հայ- ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Դա իրեն ավելի ձեռնտու է՝ տեղափոխել այդ կոնտեքստ, ընդհանուր առմամբ հնարավոր է, որ եվրոպացիները նույնպես դրան համաձայն լինեն, որովհետև ակնկալվում է, որ այդ կոնտեքստում կստեղծվեն մեխանիզմներ, այդ թվում, եթե լինի խաղաղության պայմանագիր, ապա ի թիվս այլ հարցերի կլուծի վճիռների հարցը, սկսած՝ փոխանցման վճարներից»,- եզրափակեց Ղազարյանը։
Ասպրամ Փարսադանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: