Չորս անչափահաս երեխաների հորը՝ սահմանամերձ Բերդավան համայնքում բնակվող Մհեր Շահումյանին, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը տուգանել է 700 հազար դրամով: forrights.am-ի հետ զրույցում 40-ամյա Մհերը հավաստիացնում է, որ պատճառը Իջեւան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող իր սեփական տնամերձ հողամասում արված շինարարությունն է, որն, ըստ նրա, երկու մետրով գտնվում է համայնքապատկան հողամասում:
«2016 թվականին Տավուշի մարզի Բերդավան համայնքում՝ ավտոճանապահի հարեւանությամբ, երկու տնամերձ հողամաս եմ գնել, քարաշեն ավտոտնակ եմ կառուցել եւ «Լվա ինքդ» ավտոլվացման կետ եմ ցանկանում բացել»,- ասում է Մհերը:
Մհեր Շահումյանը մասնագիտությամբ երաժիշտ է: Ընտանիքի անդամների՝ չորս անչափահաս տղաների եւ կնոջ հետ, բնակվում են տնամերձում տեղադրված տնակում, թեեւ Բերդավանում էլ տուն ունեն: Նշում է, որ գյուղում երաժշտի աշխատավարձով ապրել հնարավոր չէ:
«Ես երաժիշտ եմ, որ ռայնում հարսանիք է լինում գնում նվագում եմ: Մի հարսանիքից մի քսան հազար դրամ մնում է, բայց ինչ կռիվն եղել եւ պրծել է՝ հարսանիք չի լինում, երկու հարսանիք եմ նվագել այս ընթացքում:
Հիմա տնամերձում սվառկի կետ եմ բացել, ԱՁ եմ բացել, հարկայինում եմ գրանցվել: Գարաժին զուգահեռ՝ մյուս հողամասում, մոյկա եմ ուզում սարքել, որը գլխիս պատմություն է դարձել: Դեռ աշխատաքները չեմ ավարտել, միայն խողովակներն եմ դրել: Ուզում եմ փող աշխատել, որ ընտանիքս պահեմ»,- ասում է Մհերը:
Ավտոլվացման կետի աշխատանքներն ընթացքի մեջ են եղել, երբ Մհերին Նոյեմբերյանի համայնքապետարանից, որի կազմի մեջ մտնում է նաեւ Բերդավանը, տեղեկացրել են, որ շինարարությունն անօրինական է, պետք է քանդի, քանի համայնքապատկան տարածքում է, եւ, ինչպես Մհեր Շահումյանն է ասում՝ տուգանել են 700 հազար դրամով:
Համայնքապետարանից նկատելով շինաշխատանքերը կանխել են եւ նշել, որ մայրուղու հարեւանությամբ չի թույլատրվում որեւէ շինություն կառուցել: Մհերը նշում է, որ առանց դժկամության ավտոլվացման կետը տեղափոխել է ճանապարհից հինգ-վեց մետր այն կողմ:
«Այս պահին յոթ մետր այն կողմ եմ տարել, այն ժամանակ ես երկու մետր էի հեռու սարքել, գյուղապետը, որ զգուշացրեց եւս հինգ մետր հեռու տարա: Հետ գնացի, եկան ասեցին, որ դա էլ քո սահմանը չի, քանդելու ենք: GPS-ով նայեցինք տեսանք, որ երկու մետր համայնքի տարածքում եմ, 20 քմ-ի պատմություն է: Ասեցի ուզում եմ այդ հողամասը գնեմ, պատասխանեց, որ իրավունք չունեն վաճառելու»,- ասում է:
Սոցալապես անապահով ընտանիքի բազմազավակ հայրն այժմ հույս ունի, որ խնդիրը հանրային դարձնելով կարող է լուծման տարբերակների հասնել: Նա առաջարկում է չեղարկել կես միլիոն դրամից ավելի տուգանք ու իր խոսքով՝ երկու մետր համայնքային հողամասը իրեն վաճառե:
Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը Մհեր Շահումյանի խնդրի վերաբերյալ forrights.am-ին փոխանցեց, որ 13.07.2021 թվականին Նոյեմբերյանի ոստիկանապետը գրություն է ուղարկել Նոյեմբերյանի համայնքապետին, որ միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ իրականացվում է անօրինական շինարարություն: Համայնքապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը:
«Լիցենազվորված կազմակերպության կողմից իրականացվել է չափագրում եւ պարզվել է, որ ինքնակամ շինության 15,3 քմ-ն գտնվում է իր հողամասի տարածքում, իսկ 56,7 քմ-ն՝ համայնքային: Խախտումն իրականացրած քաղաքացուն հրավիրել ենք քննարկման, ժամանակ ենք տվել, որ իր ուժերով խախտումը վերացնի, որը չի կատարվել: Օգոստոսի 18-ին համայնքի ղեկավարը վարչական տույժ կիրառելու որոշում է կայացրել, տույժը չի վճարվել: Բնակիչը դիմել է դատարան, դատարանն ինչ որոշի այդպես էլ կառաջնորդվեն»,- ասաց Խաչիկ Գիշյանը:
Մհեր Շահումյանը, սակայն, հերքում է այս պնդումները նշելով, որ համայնքապետի տեղակալի տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Համայնքապետի տեղակալն անդրադառնալով սոցիալական խնդիրներ ունեցող բազմանդամ ընտանիքին խոշոր չափի գումարով տուգանելու փաստին, նշեց. «Համայնքայի հողը զբաղեցնելու առաջին տուգանքը 100 հազար դրամ է, իսկ ինքնակամ զավթելը՝ 200 հազար դրամ է: Իրեն առաջարկվել է տարածքն ազատի, որ հաջորդ տույժերը չկիրառվի, քանի որ չի քանդում այլ տուժեր են կիրառվում»:
Համայնքապետի տեղակալն ասում է, որ Մհեր Շահումյանը դիմել է անօրինական շինությունն օրինականացնելու համար, բայց օրենքով սահմանված կարգով դիմումը չի բավարարվել, քանի որ շինությունը գտնվում է միջպետական ավտոճանապարհից ոչ բավարար հեռավորության վրա:
Մհեր Շահումյանի հայցն առայժմ տեսանելի չէ դատական տեղեկատվական համակարգում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: