Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշումը հրապարակվել է ՄԻԵԴ-ի կայքում:
Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները:
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո:
77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, նա Հայաստան էր վերադարձվել, որոշ ժամանակ անց՝ մահացել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:
Կարեն Պետրոսյանը 2014 թվականի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը, հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր, հաջորդ օրը հայտարարել, որ նա մահացել է սրտի կաթվածից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: