Բացահայտվել է անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք․ ԱԱԾ

45

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Մ.-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ` այդ կերպ ձեռք բերելով նրա վստահությունը:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ.-ն, մոլորեցնելով վերջինիս, նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետև, նրան իբր Ադրբեջանի Հանրապետության բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար:

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Մ.-ն ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, և որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ.-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

Քրեական գործի քննության ներկա փուլում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հիշյալ անձի կողմից նմանատիպ եղանակով կատարված հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: