Առերևույթ չարաշահումներ՝ Պտղնիի համայնքային հողամասի օտարման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

26

ՀՀ Կոտայքի մարզպետից ՀՀ Կոտայքի մարզի դատախազին հասցեագրվել էր գրություն մարզի Պտղնի համայնքում օրենսդրության կոպիտ խախտումներով համանքապատկան հողատարածքի օտարման վերաբերյալ, տեղեկացնում է Դատախազությունը:

Գրությունը և կից փաստաթղթերը մարզի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի բաժին՝ դրանում նշվող հանգամանքների կապակցությամբ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:  

Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համանքի ղեկավարի կողմից ներկայացվել Է աճուրդ-վաճառքի: Մարզպետարանում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել Է, որ հողամասի նկատմամբ սահմանված Է չմասնավորեցման իրավական ռեժիմ, քանի որ հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք:

Մարզպետարանի կողմից 15.09.2021թ.-ին ուղարկվել է համապատասխան գրություն նշված պատճառով աճուրդը չեղարկելու, հողամասի օտարման սահմանափակումների հետ կապված իրավական ռեժիմը սահմանված կարգով հանելուց հետո նոր աճուրդ-վաճառքի ներկայացնելու վերաբերյալ:

Այդ պայմաններում, սակայն, Պտղնու համայքապետարանի կողմից աճուրդի գործըթնացը շարունակվել է, և 2021թ.-ի հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդ-վաճառքով այն օտարվել է 42.000.000  ՀՀ  դրամով:

Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2012թ. փետրվարի 13-ին, Պտղնի համայնքի ավագանու որոշմամբ ջրային հանդիսացող այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հող:  

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժինը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: