Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի, թե արդյոք 2021 թվականի ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում եղել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակներ կամ մասունքներ։ Այդ մասին պաշտպանական գերատեսչությունը հայտնել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։

2021 թվականի ապրիլի 8-ին համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաքվից Երևան է ժամանում ռուսական խաղաղապահ առաքելության ինքնաթիռը, որը Հայաստան է տեղափոխում գերիների հերթական խմբին։ Լուրը նույնիսկ հաստատել էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է վերադարձել, իսկ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ գերիների վերադարձի շուրջ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ պնդելով, թե «կեղծ պրովոկացիա էր: Նրանք (խմբ. Հայաստանի իշխանությունները) թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։

Ավելի ուշ, Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, թե գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված էր մեկնաբանության մեջ։

Հաջորդած ամիսների ընթացքում որոշ լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռով իրականում բերվել են զոհված զինծառայողների դիակներ և մասունքներ։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով ի սկզբանե հարցում էինք ուղարկել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ 

Հարցման պատասխանի մեջ, որն ստորագրված է փոխվարչապետ Պապիկյանի գրասենյակի ղեկավար Համլետ Բատիկյանի անունով, նշվում էր, որ «անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարությանը»։ 

Նույն հարցումը «Հետք»-ը ուղարկեց նաև պաշտպանական գերատեսչությանը։ Վերջինից փորձում էինք ճշտել, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այն տեղեկատվությունը, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան են տեղափոխվել զոհված զինծառայողների դիակներ ու մասունքներ։ Եթե այո, ապա քանի դիակ, արդյոք դրանց մեջ եղել են խեղված կամ անդամահատված դիակներ։ Բացի այդ, ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք նույնականացվել են այդ բոլոր դիակները և մասունքները։ 

Մեր հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հարցումն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանման կողմից և համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում»։ 

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest