Նախատեսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացնել 1.92 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:
«Աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022-ին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված են 3 միջոցառումներ: Հանրագումարով 2022-ի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 մլն 700 հազար դրամ, 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 մլն 500 հազար դրամի դիմաց: Աճը կազմում է 1.92 տոկոս»-ներկայացրեց Խաչատրյանը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հիշեց՝ այս տարվա մարտ-ապրիլ ամսին Ֆինանսների նախարարությունը պատրաստել էր օրենսդրական նախաձեռնություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի հոդվածներից մեկը փոխելու, ֆինանսավորումը կրճատելու: «Մեծ աղմուկ բարձրացավ, այդ թվում միջազգային, և դա առկախվեց»,-ասաց պատգամավորն ու հարցրեց, թե արդյոք այդ նախագիծը դեռ մնում է օրակարգում:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ նախագիծը, քանի դեռ կառավարության կողմից ԱԺ սահմանված կարգով քննարկման ներկայացված չէ, նշանակում է՝ չունի այն կարգավիճակը, որ հիմա դա քննարկեն:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման մոտ 2 տոկոսով աճը: «Մենք գիտենք, որ ՄԻՊ-ի գրասենյակի ծանրաբեռնվածությունն այս տարիներին ավելի է մեծացել, և ենթադրաբար հաստիքների համալրման ավելի շատ կարիք կար: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրվել այդ չափով բարձրացումը»,-հարցրեց պատգամավորը:
Ֆինանսների նախարարը վստահեցրեց. «Ինչպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այնպես էլ մյուս բոլոր գերատեսչությունների դեպքում բյուջեի նախագծում ներառված վերջնական ֆինանսական ցուցանիշներն արտացոլում են այն իրավական ակտերի ֆինանսական պատկերը, որոնք կայացված են: Այսինքն, եթե մենք խոսում ենք հաստիքակազմի վերաբերյալ, Ֆինանսների նախարարությունը պետբյուջեի նախագիծը քննարկելու, ամփոփելու փուլում իրավասու չէ քննարկել, թե որ պետական կառավարման մարմինը որքան հաստիքներ պետք է ունենա կամ այդ հաստիքներն ինչպիսի պաշտոնային աստիճաններ պետք է ներկայացնեն, այլ մենք միայն ստուգում և պետբյուջեի նախագծում արտացոլում ենք այդ կայացված որոշումներին համապատասխան իրավական ակտերով ամրագրված ֆինանսական ցուցանիշները»:
Թովմասյանը հնչեցրեց թվեր: 2018-ին ՄԻՊ գրասենյակին դիմել է 10 հազար 740 քաղաքացի, 2019-ին ՝ 13 հազար 140 քաղաքացի, 2020-ին՝ 14 հազար 780 քաղաքացի: «Այսինքն` այս տարիներին շեշտակի աճել է ՄԻՊ-ին դիմող քաղաքացիների թիվը: Հետևաբար` պետք է սպասարկել այդքան դիմումները: Դրանից ավել ի՞նչ հիմք է պետք, որ կառավարությունը համարժեք պատասխան տար այս իրավիճակին՝ բյուջեի տեսքով, աշխատակիցների ներգրավման տեսքով»,-ասաց պատգամավորը:
Խաչատրյանը նշեց, որ եթե անգամ դիմումների քանակը մնար նույնը, սակայն հիմնավորվեր, որ եղած աշխատակազմը իր հաստիքային կազմով դիմումների բնույթի փոփոխության պատճառով ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում, այդ հարցը կարող էր քննարկվել: «Եվ քննարկվել է հավանաբար: Ես վստահ եմ, որ, եթե կան համապատասխան հիմնավորումներ, ապա այդ դեպքում կայացվում են որոշումներ: Նաև հետագա ամիսներն են դրա համար, որ եթե օբյեկտիվորեն աշխատանքի ծավալն ավելանա այնպես, որ պետք լինի վերանայել աշխատակազմին վերաբերող հարցերը, ապա կառավարությունը սահմանված կարգով այդ որոշումները կկայացնի»,-ասաց նախարարը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: