Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի սբ․ Աստվածածին եկեղեցու մոտից լրագրողի արձանը թալանած Ավետիք Ավետիսյանը հայցում է լրագրողների օգնությունը: Նա ահազանգում է, որ քննչական մարմինը, դատախազությունը ոտնահարում են իր իրավունքները, բազմաթիվ ապօրինություններ գործելով իր նկատմամբ:
Հիշեցնենք՝ գողությունը տեղի էր ունեցել մարտին: Ավետիք Ավետիսյանը և նրա ընկերը գողացել էին լրագրողի արձանի լատունե մասերը, սակայն խոստովանել էին իրենց կատարած հանցանքը, փոխհատուցել էին հասցված վնասը՝ 170 հազար դրամի չափով:
Հենց այստեղից էլ սկսվել էր քննչական բեսպրեդելը: Նախ, Ավետիսյանը պնդում է, որ գողոնի արժեքը 170 հազար է եղել, սակայն հասցված վնասը գնահատելիս հաշվարկել են ամբողջ արձանի արժեքը՝ 5 մլն դրամը: Արդյունքում ստացվել է, որ իրեն մեղադրում են ոչ թե քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, այլ երրորդ մասով՝ «Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»: Այն ենթադրում է ազատազրկում 4-ից 8 տարի ժամկետով:
Ավետիյանը վստահեցնում է, որ նա այդ ժամկետը ոչ մի կերպ չի կարող նստել, քանի որ ծանր առողջական վիճակում է: Ունի կալանքի հետ անհետաձգելի հիվանդություններ:
Նրա փաստաբան Թամարա Բաղդասարյանը մի անգամ արդեն միջնորդել էր դատաբժշկական փորձաքննության ենթարկել նրան և ազատել կալանքից: Կալանքից ազատեցին, սակայն դատաբժշկական կենտրոնի փորձագետները որոշել են, որ Ավետիքյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ:
Այս եզրակացությունը նրանք արել են, ինչպես վստահեցնում է մեղադրյալը, մի անգամ իր մատից արյուն վերցնելով:
«Ինձ նորմալ չեն հետազոտել: Դատաբժշկական հանձնաժողովն իր գործը նորմալ չի կատարում: 12 հիվանդություններով տառապող մարդուն այսքան ամիսների ընթացքում ընդամենը մի անգամ մատից արյուն են վերցրել, ո՞նց են դրա հիման վրա որոշել, որ ինձ կարելի է տանել կալանքի: Դատաբժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը քննիչի հետ ժամերով առանձնազրոյւյց էր ունենում իրա սենյակում, ի՞նչ իրավունք ունի նման բան անելու: Հետո, նրանց գրած եզրակացությունը քննիչին ձեռքին էր, բայց նա ինձ չտվեց, հեռվից ցույց տվեց ու ձեռքս չտվեց, ին չ իրավունք ունի ինձ չտալ իմ եզրակացութունը: Ես այդ փաստաթուղթը պետք է բողոքարկեմ», — ասում է Ավետիսյանը:
Ընդհանուր առմամբ 12 տարատեսակ հիվանդություններով է տառապում նա, որոնք արձանագրված են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքում.
«ՄԻԱՎ վարակի երրորդ կիլինիկական փուլ, խորացած իմունային անբավարարություն, երկրողմանի էքսուդատիվ հայմորիտ, ձախակողմյան սալպինգոօտիտ,օրալ կանդիդոզ, քրոնիկ բրոնխոպնեվմոնիա, վիճակ թոքի տուբերկուլյոզի ապաքինումից հետո, վիճակ ծնոտի մետալոօստիոսինտեզից հետո, գոտկային օստեոխոնդրոզ, իրավիճակային ասթենոնեվրոտիկ վիճակ, ալերգիկ դերմատիտ /մաշկաբորբ/»:
Ունի նաև տեղեկանք, որում ծամողական ֆունկցիայի սուր խանգարում է ախտորոշված իր մոտ, ծնոտի վիրահատության կարիք մետաղապլաստե մասերը հեռացնելու համար: Այդ փաստաթղթում նշված է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հնարավոր չի կատարել նման վիրահատություն:
Ավետիսյանը բողոք է գրել առողջապահության նախարարին դատաբժիշկների դեմ, քանի որ դատաբժշկական գիտափորձնական կենտրոնը առողջապահության նախարարության ենթակայության տակ է գործում: Նախարարությունից նրա բողոքները կրկին վերահասցեագրել են արդարադատության նախարարությանը:
«Իրենք անընդհատ գրում են ինձ, որ իրենց իրավասության տակ չի այդ հարցը: Բայց դրա իրավունքը չունեն: Բացի դա, դատախազությունը, քննիչը չեն էլ գալիս դատարան: Դատարանում մեղադրանքը պաշտպանող չկա: Ոչ մի անգամ դատախազը չի եկել դատարան: Մեղադրող չի լինում ընդհանրապես», — ասում է Ավետիք Ավետիսյանը:
Քննիչը առգրավել է նրա բջջային հեռախոսը, անձնական իրերը: Անգամ տոնավաճառից գնված շորերը, որոնք Ավետիքի մեքենայում են եղել ձերբակալման պահին, քննիչ Սարգիս Հակոբջանյանը չի ցանկանում վերադարձնել:
Ինչո՞ւ չեք վերադարձնում Ավետիսյանի անձնական իրերը, հագուստը, ինչու չեք տալիս նրա փորձաքննության եզրակացությունը: Այս և մյուս հարցերին Սարգիս Հակոբջանյանը չցանկացավ պատասխանել, ասելով. «Նախաքննության գաղտնիք է» և «Ես պարտավոր չեմ ձեր հարցերին պատասխանել»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: