Երեւանցի 25-ամյա Հովսեփ Առաքելյանը,  որպես կամավոր,  մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին եւ զոհվել հոկտեմբերի 26-ին:

«Իմ որդին հայրենասեր էր, գնաց, որ կանգնի այդ 18-20 տարեկան երեխաների կողքին եւ նրանց հետ հավասար կռվի: 25 տարեկան տղան ո՞նց կարող էր այստեղ ման գալ, երբ 18-20 տարեկանները ռազմաճակատում էին, դա ճի՞շտ կլիներ »,- հարցնում է  զոհված  զինծառայողի  մայրը` Անահիտը:

Երբ պատերազմը սկսվել է, Հովսեփը սկզբում մասնակցել է զինավարժությունների, որպեսզի լիակատար տիրապետի զենքին (մայրն ասում է, որ նա որոշ խնդիրների պատճառով ժամանակին չի ծառայել):  Հովսեփն ընդամենը հինգ օր է կռվել Հադրութում, հոկտեմբերի 21-ին մեկնել է ռազմաճակատ, հինգ օր անց`  հոկտեմբերի 26-ին, զոհվել: Այնտեղ նա հայտնվել էր շրջափակման մեջ, զոհվել ԱԹՍ-ից:

Անահիտն ասում է, որ երբ Հովսեփն ու իր ընկերները մեկնել էին Հադրութ, այն արդեն գտնվում էր ադրբեջանցիների տիրապետության տակ, սակայն դա չի խանգարել, որ նրանք կռվեն հակառակորդի դեմ:

Հովսեփի աճյունը գտել են երկու ամիս անց` դեկտեմբերի 26-ին:

«Ադրբեջանցիները վերցրել էին Հադրութը, չէր թույլատրվում որոնողական աշխատանքներ կատարել, մինչեւ թույլատրեցին որոնումները, նոր այն ժամանակ մտան եւ հանեցին զոհվածների աճյունները: Ընկերները գիտեին, թե ինքը որտեղ է զոհվել, որտեղ է գտնվում զոհվելու վայրը: Ընկերները պատմում են նաեւ, թե ինչպես է իմ տղան այդ քանի օրը կռվել, պաշտպանել իր ընկերներին»,- ասում է Անահիտը, որը համոզված է, որ եթե ԱԹՍ-ն չխփեր` որդին առանց  քերծվածքի էլ կվերադառնար:

Անահիտն ասում է, որ 44 օր շարունակ հավատացել է հաղթանակին, քանի որ հայերը երբեք չեն պարտվել, ուր էր մնացել, որ այսպիսի տեխնիկա ունեցող դարում պարտվեինք, այն էլ` այդքան  զոհերի գնով:   

Հովսեփի քույրը` Մարիամը, նշում է, որ եղբայրը նախքան պատերազմ մեկնելը` զբաղվել է վիդեոմոնտաժներ անելով, ընկերների մի խմբի հետ տեսահոլովակներ են նկարել իրենց ստուդիայում: Այդ խումբը, ըստ նրա, դեռ գործում է, միայն Հովսեփը  չկա:

Մարիամն արտասվելով պատմում է, որ Հովսեփի ընկերը` Գեւորգը, թույլ չի տվել, որ մայրը լվանա այն վերնաշապիկը, որի վրա թափվել է զոհված ընկերոջ արյունը: Եվ մինչ օրս նա այդ վերնաշապիկն իր մոտ է պահում սրբորեն:

Անահիտն էլ ասում է, որ Եռաբլուրը պատերազմում  զոհվածների համար դարձել է հարազատ վայր. միմյանց հետ երբեւէ առնչություն չունեցած մարդիկ հարազատացել են, գնում են այնտեղ, մեկը երազ է տեսած լինում, գալիս, մյուսներին պատմում է: Այդ պահերին էլ նրանք հավատում են, որ որդիները չեն զոհվել, ողջ են եւ հեռու մի տեղ…

Իսկ բակում, որտեղ ապրել է արցախյան երկրորդ պատերազմի հերոսը, հուշաքար են տեղադրել:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest