-Մամ, ուզում եմ գնամ կռիվ։
-Ոչ մի տեղ չգնաս, դու քո բաժինը կռվել ես։ Շուշին վերցրել ե՞ք․․․ վերջ։
-Չէ, պիտի գնամ․ Սերոբը (քրոջ տղան) էնտեղ ա։
Վարուժան Հարությունյանի խոսակցությունն է մոր հետ 44-օրյա պատերազմն սկսվելու օրը։ Վարուժանը նաև մասնակից է նախորդ երկու պատերազմներին․ 1992 թվականին մասնակցել է Շուշիի գրավմանը որպես կամավոր․ «մինչև վերջ կռվել ա»։ Քառօրյա պատերազմին էլ էր որպես կամավոր գնացել։ Երբ արցախյան երրորդ պատերազմն սկսվեց, Վարուժանը Ստեփանակերտում էր։ Նրա ընտանիքը տեղափոխվեց Շուշի՝ քրոջ տուն՝ մտածելով, որ էնտեղ ավելի ապահով է։
-Պապ, էրեխուս լավ կնայես, ես ուզում եմ գնամ կռիվ։
-Դու կգաս, քո էրեխուն էլ կնայես։
«Բայց մեկա ականջ չդրեց, հելավ գնաց»,- պատմում է Վարուժան Հարությունյանի հայրը։
Ծնողներին հարևաններն են պատմել՝ ոնց Վարուժանը գնաց պատերազմ․ Վարուժանը բակում կանգնած ա եղել, եկել են ասել՝ մեքենաներ կան զինվորական զենքերով, պիտի բեռնաթափել, ո՞վ կարա գա, օգնի, Վարուժանն ասել ա՝ ես կգամ։ Երեքով հելել են, գնացել, որ օգնեն։ Հետո ասել են՝ «ո՞վ ա Հադրութ գալիս», Վարուժանն ասել ա՝ ես։ Ինքը գնացել ա, իսկ մնացած երկուսը հետ են եկել։
«Ամեն անգամ, որ զանգում էր, Սերոբից էր հարցնում։ Ասում էր՝ «տեսել ե՞ք, ո՞նց էր, քո աչքով ե՞ս տեսել»։ Անհանգստանում էր, շատ էր սիրում Սերոբին»։
Վերջին զանգը Վարուժանից եղել է հոկտեմբերի 15-ին, հենց էդ օրն էլ տան բոլոր անդամների հետ խոսել է։ Պատմել է, որ իրեն տարել են Ասկերան, մյուս օրն էլ պիտի տեղափոխեն Հադրութ։
«Հետո էլի ա զանգել Հադրութի ճանապարհին։ Ասում էր՝ «Հադրութում նենց կռիվ ա գնում, էլ չասած»։
-Մամ, կարկուտ ա թափվում, ահել-ջահել չի հարցնում, բոլորի վրա թափվում ա։ Էստեղից հետ գալ չի լինի․ Էրեխեքին լավ կնայեք։
Ասեցի՝ դու հետ դառի, չլսեց»,-հիշում է մայրը։
Վարուժան Հարությունյանը զոհվել է հոկտեմբերին Հադրութի Փեթակ տեղամասում, բայց գտել են հունվարի 22-ին՝ ԴՆԹ հետազոտության միջոցով։
«Մենք չգիտեինք, որ զոհվել ա։ Էրեխեքին էին ասել, իրանք էլ անընդհատ քչփչում էին, ասում էի՝ կարո՞ղա մի բան ա պատահել, ասում էին՝ «տատի, չէ», բայց հետո իմացանք, որ իրոք, պատահել ա։
«Նիզաշտո» գնաց, կորավ։ Ոչ գիտես՝ ո՞ւմ հետ ա գնացել, ո՞վ ա տարել, ո՞նց են տարել»։
Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: