Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

45

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նույն կենտրոնի տնօրեն Հ. Խ-ն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը:

«Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, այնուհետև ևս՝ 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին»,- գրված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի  կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։

2021թ. հոկտեմբերի 27-ին հրապարակած դատավճռով դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։

Միաժամանակ, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն ստանալու և դատարանի պատճառաբանությունների ու հիմնավորումների վերլուծության արդյունքում կլուծվի պատժի մեղմության առումով անհամաչափության տեսանկյունից այն բողոքարկելու հնարավորության հարցը: