Չպետք է գնանք լոքդաունների․ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ

55

Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Covid պացիենտներին։ Այս մասին infocom.am-ի փոխանցմամբ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին գրեթե անընդհատ զբաղված է։ Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 307 և թոքային օդափոխության միացված՝ 152 քաղաքացի։ Պետք է նշեմ, որ այս շտամի (Covid19-ի դելտա շտամ — խմբ․) առանձնահատկությունն է, որ այն թե՛ իր ծանրության, հիվանդության ընթացքի առումով, թե՛ վարակելիության առումով, թե՛ տարիքային առումով իսկապես մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում»,- նշեց նա։

Ավանեսյանը ցավով արձանագրեց, որ շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ․ «Այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»։

Նախարարը ներկայացրեն նաև, թե հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստում ստացած քաղաքացիները․ «Ընդհանուր առմամբ, այս պահին դրական, ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացու շրջանում պատվաստվածները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որ պատվաստված է»։

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխարհում շատ երկրներ գնում են լոքդաունների, բայց մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք չպետք է գնանք լոքդաունների։ Վարչապետը չբացառեց, որ նոր որոշումներ կլինեն, և առաջիկայում կգնան նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը։

«Առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են։ Մենք այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ»,- ասաց վարչապետը։