Հրամանատարը․ «Ես իմ զորքին դեմ չեմ տա, ես հետևը «պաղկված» ղեկավարեմ»

2437

-Հրամանատար, առաջխաղացում կա թշնամու կողմից։

-Դիմացի գյուղը տեսնում ե՞ք։

-Հա։

-Էդ վերցնելու ենք ու մեր ուզած անունը դնենք, չմտածեք։

Սերոբ Մելքոնյանի զինակից ընկերն է հիշում։ 

Սերոբը

Սերոբը շատ էր սիրում բանակը, ուղն ու ծուծով, չափից ավելի նվիրված էր բանակին, միշտ ինքնակրթությամբ էր զբաղվում։ Հակաօդային պաշտպանությունում ծառայել ա, հակատանկայինում ծառայել ա, ինչքան մրցույթ լիներ, առաջինը պիտի լիներ, չէր ընդունում, որ ինքը կարա թույլ լինի, միշտ պիտի հաղթեր։ Մի անգամ էլ որ եկավ տուն, տխուր նստած էր, Սրբուհին հարցրեց՝  գերազանց ե՞ք ստացել, ասեց չէ, գերգերազանց։

Ինքը շտաբի պետ էր։ Հետո որ պատերազմն սկսվեց, տվեցին մայոր ու գումարտակի հրամանատար։ Մուշի տարածքն իրա վերահսկողության տակ էր։ Ինքը շատ հոյակապ էր ղեկավարում, էնքան լավ, որ նույնիսկ արդեն անցել էին թշնամու կողմը ու խորացել, բայց իրան հետ նահանջի հրաման էին տվել։ Էդտեղի խրամատները տարիներ առաջ ինքն էր սարքել թունելներով, Ղարաբաղում միակն ա։ Նույնիսկ ադրբեջանական հեռուստատեսությունն էր ցույց տվել էդ խրամատը։ Ասում էր՝ «մամ, նենց լավ եմ սարքել, որ հովանավոր լիներ, էնքան լավ խրամատներ կսարքեի»։

«Պատերազմի հոտ ա գալիս»

Սեպտեմբեի 25-ին գնացի խանութ, էնտեղ մարդիկ խոսում էին, մեկն ասեց՝ «լսել ե՞ք՝ երկու օրից պատերազմ ա սկսվելու»։ Մի տեսակ զարմացած եկա, տանն էլ ասացի, բայց ուշադրություն չդարձրեցինք դրան։ Փաստորեն ճիշտ էր, երկու օրից սկսվեց պատերազմը։ Ուրեմն մի բան իմանում էին։

Երբ պատերազմն սկսվեց, Սերոբը դիրքերում էր։ Արձակուրդի մեջ պիտի լիներ, բայց մի քանի օր շուտ իրան կանչեցին։ Դեռ հինգ օր ուներ, որ արձակուրդը ավարտվեր։ Ինքը չգիտեր, որ պատերազմ ա սկսվելու, բայց հետո ընկերները պատմում են՝ երբ սեպտեմբերի 25-ին դիրքերում տեսան Ադրբեջանական զորքերի կուտակումները, նայեցին իրար, Սերոբն ասեց՝ «պատերազմի հոտ ա գալիս»։

Մենք Շուշիում էինք սեպտեմբերի 27-ին։Հենց առավոտյան ռմբակոծության ձայներ լսեցինք։ Անսպասելի էր․ միանգամից վեր թռա էն մտքով, որ պատերազմն սկսվեց։ Ինչո՞ւ։ Որովհետև բոլոր արցախցիների համար 1 խնդիրը դա ա, որովհետև ես միշտ ասում էի ուսանողներիս՝ հաշվեք՝ դրախտում ենք ապրում, եթե թշնամի չունենայինք։ Ամեն օր քնելուց առաջ աղոթում ենք, ամեն օր։ Աղոթում էինք որ պատերազմ չլինի, հետո նոր պառկում, քնում էինք։

Որ ռմբակոծությունն սկսվեց, պատուհանը բացեցի, առաջին հարկ էր, բայց շատ բարձր էր, սաղ տարածքը երևում էր։ Ես ու ամուսինս նայեցինք իրար, ասեցինք՝ «պատերազմն սկսվել ա, էրեխեքին բա ի՞նչ անենք»։ Մարտունիում էին մնում էդ ժամանակ։ Բոլորին հավաքեցինք Շուշիում՝ մտածելով, որ Շուշին ապահով ա, բայց արդյունքում եղավ էն, ինչ եղավ։

Էրեխեքը մի երկու օր մնացին Շուշիում, բայց որ ռմբակոծում էին, անընդհատ իջնում էին նկուղ, հելնում, զգացինք, որ սթրես են տանում, դրա համար մտածեցինք, որ ավելի լավ ա՝  էրեխեքը դուրս գան Արցախից։ Ինձ չկարողացան համոզել, ասեցի՝ «հանկարծ ինձ չասեք՝ գնա»։ Բայց հետո վիճակն ավելի վատացավ․ Եկեղեցուն խփեցին, իսկ դա անմիջապես մեր տան կողքն ա։ Առաջին անգամը նկուղում էինք, որ խփեցին, էնքան ուժեղ էր, որ մտածեցինք՝ շենքին ա կպել։ Հետո մտածեցի՝ դե էլ չեն խփի, մտա տուն, ու տանն էի արդեն, որ երկրորդը խփեցին։ Հոկտեմբերի 16-ին երեկոյան զանգեց Սերոբը տագնապալից ձայնով, ասեց՝ «մամ, պիտի գնաք հենց հիմա»։ Ու գնացինք։ Ինքը տուն ընդհանրապես չէր գալիս։ Ասում էի՝ կարող ա գաս տուն, ասում էր՝

-Ա, չէ։ Տենց բախտ որտեղի՞ց մեզ։

 Բանից պարզվում ա, որ էդ ժամանակ ինքն արդեն իրա գումարտակով գնացել էր Կարմիր Շուկայի պաշտպանության կազմակերպմանը։ Ընկերներն ասում են, որ ինքն իրա աչքով տեսավ՝ ոնց են թուրքերը հազարավորներով շարժվում դեպի Շուշի։ Զանգել ա, Քարին Տակի գյուղապետին էլ ա զգուշացրել, որ գալիս են։ Ամուսնուս ասել ա, բայց ինձ չի ասել՝ որտեղ ա։

Զոհվեց հոկտեմբերի 26-ին անօդաչու թռչող սարքից։ 4 հոգով էին, մեկն ա ողջ մնացել, մեկի գլխին ա ընկել։ Ծանոթ մարդ կար, զանգեց, ամուսնուս ասեց։ Սերոբը որ գնաց Կարմիր շուկայի պաշտպանությունը ղեկավարելու, մինչև Շեխեր ազատագրեցին, դրանից հետո որ ինքը էլ չկար, նորից հետ տվեցին։ Ինքը զգում էր, որ իրա հետ մի բան էն չի լինելու, դրա համար բոլորին հետ էր պահում, պատճառ էր գտնում, որ մի տեղ ուղարկի զինվորներին, էնքան որ հեռացներ իրենից։

Ես՝մայրը

Ես չէի հավատում, որ Շուշին կվերցնեն, բայց զգում էի, որովհետև սկզբից որ ռմբակոծում էին, Շուշին չէին անում, ու մտածեցի, որ Շուշին չեն ռմբակոծում, ուրեմն չեն ուզում՝ ավերածություններ լինի, կարող ա՝ ուզում են վերցնեն, ու տենց էլ եղավ։ Տան մասին չեմ մտածում, մտքովս էլ չի անցնում։

Ժողովուրդը ուժեղ ա, ղեկավարն ա թույլ, թշնամին տեսավ, որ ով նստում, իր մասին ա  մտածում, շատ ճիշտ, հարմար պահ էլ գտավ։ Եթե ես լինեի թշնամի, ես էլ երևի հենց սենց կանեի։

Սերոբը՝ Զինակիցների աչքով

Սերոբը շատ լավ հրամանատար ա եղել մեր համար։ Գումարտակի սաղ զինվորները իրան սիրել են կարգապահության համար, ճշտապահության համար։ Ինքը բոլորին հավասար էր դասում, ու ճիշտ ղեկավարել ա պատերազմը։ Շատ ժամանակ, երբ հույս չէինք ունենում ապրելու, իրա ձենը լսելուց արդեն շունչ էինք առնում։ Ծառայության ժամանակ եղել են պահեր, որ ընկճված ենք եղել, ամեն տիպի օգնել ա մեզ, ծնող ա եղել մեր համար, ընկեր, ախպեր, մի խոսքով ամեն ինչ ա եղել մեր համար։

Մեր գումարտակից որ մի զինվոր վախենում էր, նստում էր, խոսում էր հետը, դուխ էր տալիս։ Որ ինքը ողջ էր, սաղ դուխով էին, տենց մարդ չկար որ վախենար, բայց իր մահից հետո գումարտակն էլ էն չէր։ Իրա մահվան օրը մենք նահանջ ենք արել, խուճապի մեջ էինք, չէինք հասկանում՝ ոնց կարա մեզ ամենաշատը դուխ տված հրամանատարը մահանար։ Կռվի ժամանակ որ իր հետ խոսում էինք, նենց էր ոգեշնչում, որ ավելի հանգիստ էինք լինում, ոնց որ քո հերը քո հետ լիներ, այ էդ զգացողությունն էր։

-Իմ տղան հզոր էր։

«Քո տղան ուժեղ է՞ր» հարցին էսպես պատասխանեց Սերոբ Մելքոնյանի մայրը՝ Վարդիթերը, ու ավելացրեց․ «սա ես չեմ ասում, իր ընկերներն են գրում ամեն օր, ասում են՝ ինքը մեր համար Աստված էր։ Միակ հրամանատարն էր, որ զորքի դիմացից էր կանգնած, ասել էր՝ «ես իմ զորքին դեմ չեմ տա, ես հետևը պաղկված ղեկավարեմ»։

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան