«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտում է 1lurer.am-ը։
Ըստ հիմնավորման, համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի էսքիզային նախագիծ-առաջարկը, որը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: Աշխատանքներն նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ գերեզմանների հատվածի կառուցապատում, ներառյալ հաստատված ձևաչափերով հուշաքարերի (տապանաքար, նկարաքար, ծաղկաման և խնկաման) տեղադրում, հուշահամալիրի տարածքի բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:
2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 96,410.0 հազար դրամ: Գումարը տրամադրվելու է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Վարդանյանի հեղինակային նախագիծը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: