Հայաստանում համաճարակային իրավիճակը կրկին սրվել է։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման օրվանից Հայաստանում վարակվածության և մահացության ամենաբարձր ցույցանիշը գրանցվել է 2021 թվականի հոկտեմբեր ամսին։
Հոկտեմբերի 18-24 ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել է 109364 թեստավորում, դրական ախտորոշում է ունեցել 13369 քաղաքացի։ Մեկ շաբաթում հիվանդությունից մահացել է 250 մարդ։
Առողջապահության նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պատվաստվել։ Հոկտեմբերի 24-ի դրությամբ կատարվել է 677032 պատվաստում։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, բժիշկներ կոչ են անում կառավարությանը կրկին անցնել «լոքդաունի»՝ փակել ժամանցի վայրերը, արգելել մեծ միջոցառումների անցկացումը, անցնել հեռավար աշխատանքի և կրթության։
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների որոշմամբ դպրոցների արձակուրդները երկարաձգվեցին մեկ շաբաթով, իսկ բուհերն անցան հեռավար կրթության։
Լոքդաունի անցնելու անհրաժեշտության և վարակի թվերը նվազեցնելու համար անհրաժեշտ քայլերի մասին Forrights.am-ը զրույցեց բժիշկ Վահե Տեր- Մինասյանի հետ։
Տեր- Մինասյանն իր խոսքում ընդգծեց, որ բժշկական տեսանկյունից լոքդաունը ամենալավ տարբերակն է, որովհետև կարողանում ես կոտրել վարակի շղթան, բայց տնտեսական իմաստով այսօր Հայաստանը իրեն չի կարող թույլ տալ անցնել լոքդաունի։
«Կա շատ ավելի պարզ ու պրիմիտիվ տարբերակ դա պատվաստումն է։ Քեզ տալիս են հեշտ տարբերակ և ազդեցիկ աշխատող տարբերակ, բայց դու գնում ես մի միջոցի, որը օգտագործում էր ամբողջ աշխարհը այն ժամանակ, երբ ուներ գիտելիքների պակաս, չգիտեր ինչպես է փոխանցվում, ինչ ձևով, ինչ արագությամբ և չուներ պատվաստանյութը։ Բոլոր այն երկրները, որտեղ շատ պատվաստումներ են արվել բնականաբար նրանց մոտ և՛ վարակվածության, և՛ մահացության թվերը նվազել են։ Եվ հակառակը՝ մեզ նման երկրները հիմա արդեն պետք է պատեպատ խփվեն, թե ինչ պետք է անել այս մուտացված շտամերի դեմ պայքարելու, իրավիճակը կարգավորելու համար»,- հավելեց բժիշկը։
Տեր- Մինասյանը սակայն շեշտեց, որ պատվաստման գործընթացը շատ արագ իրականացնել նույնպես հնարավոր չէ, այսինքն ինչ էլ արվի, միևնույնն է մոտակա ամիսներին մահացության և վարակվելիության տեմպը պահպանվելու է։ Բժիշկը հորդորում է այդ պարագայում գոնե պատվաստումներին զուգահեռ պահպանել հակահամաճարակային, անվտանգության կանոնները։ Տեր Մինասյանը հավելեց․
«Անվտանգության կանոնները միայն դպրոցներով ու համալսարաններով չի սահմանափակվում, որովհետև դպրոցում ու համալսարանում սովորող երեխայի ծնողը, երբ առանց դիմակի մտնում է տրանսպորտ, իրար գլխի լցված գնում է, դպրոցը և համալսարան փակելը դառնում է անիմաստ։ Երբ սովորողը իր ընտանիքի հետ գնում է 400 հոգանոց հարսանիքի, որտեղ ոչ ոք դիմակ չի դնում, երբ փողուցում մարդիկ իրար տեսնում, գրկում, համբուրում են, դու ինչքան ուզում ես դպրոց ու բուհ փակի մեկ է իրավիճակը չի կարգավորվելու։ Դրա համար պետք է անել այն, ինչ անում են այսօր բոլոր երկրները ՝ առանց հիստերիայի» ։
Բժշկի խոսքով, ոչ ոք քաղաքացիներին չի ստիպում բաց տարածքում դնել դիմակ, բայց ցանկացած փակ տարածք մտնելուց անմիջապես հետո պետք է դիմակ կրել, ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն։ Տեր- Մինասյանի կարծիքով այս իրավիճակից կարելի է դուրս գալ, եթե հնարավորինս արագացվի վակցինացիայի տեմպը և հենց այսօրվանից ամենախիստ ձևով պահվեն հակահամաճարակային կանոնները, իսկ չպահպանելու դեպքում գործի դնել ուժային բոլոր հնարավոր միջոցները։
«Մեզ մոտ երկու ծայրահեղությո՞ւն է կամ պետք է լոքդաուն լինի՞ և ավտոմատներով շենքերի մոտ կանգնեն, ով դուրս գա գնտակահարեն, կամ ընդհանապես առանց դիմակի ով ինչ ուզում է անի՞։ Հնարավոր չէ՞ լոքդաունի չգնալ․ բայցպահել անվտանգության կանոները, ինչո՞ւ ենք մենք միշտ ծայրահեղացնում »,- ասաց բժիշկը ։
Առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզել, թե արդյոք հնարավոր է անցնել լոքդաուն ռեժիմի և ինչ քայլեր է նախատեսում նախարարությունը ստեղծված դրությունը մեղմելու համար, սակայն գերատեսչությունից պատասխան ստանալ չհաջողվեց։
Ասպրամ Փարսադանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: