Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակի արարողությունից հետո:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական թիմը նպատակ ունեցե՞լ է վերաբացել գործը, գտնել իրական մեղավորներին, ասաց. «Կարծում եմ, որ հիմնական պատճառները, հիմնական մասնակիցները և այն հարցերը, որոնք բաց են մնացել, մեր հանրությունը գիտի, ինչպես գիտեր, որ ընտրությունները քսան ու ավել տարիների ընթացքում կեղծվում են: Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով»:
Սիմոնյանը նշեց՝ ինքը պաշտոնյա է և իրավունք չունի որևէ հայտարարություն անել, որը կարող է մեղադրանք պարունակել և հետագայում նաև ազդել իրավական պրոցեսների վրա: «Բայց քաղաքական առումով ես արդեն ասացի, որ բնական է, հիմնական դերակատարները պատժված են, նրանք գտնվում են բանտում: Մենք այսօր խնդիր ունենք և հարց ունենք ՝ հասկանալ պատճառները, իրականում այն դրդողները, այն մարդիկ, որոնք այդ ամենից, միգուցե, քաղաքական, միգուցե, ոչ քաղաքական շահ են ունեցել: Իսկ այդ մարդկանց շահագրգռվածությունը մեր հանրությունը գիտի, և ես չեմ կարծում, որ իրավասու եմ հիմա բարձրաձայնել դա»,-ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ ոճրագործությունը «Մեղրիի փոխանակման հետ» կապ ուներ՝ Սիմոնյանը չբացառեց: «Այսօր այն իրավիճակը, որ մենք ունենք պատերազմի հետ կապված, սկսվել է հենց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այս օրվան չէինք գա»,-հավելեց նա:
ԱԺ նախագահը միևնույն ժամանակ վստահեցրեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում, դրա մեջ, կարծում եմ, որևիցե մեկը պետք է կասկած չունենա: Այն, ինչ տեղի ունեցավ, մեր պետականության ողնաշարը կոտրել էր: Այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ին, դրա հետևանքն այդ օրվանից մինչև օրս քաղում ենք: Մենք պետք է հենց դրանից զգույշ լինենք, մտածենք այն բանի մասին, որ ինչ-որ պահի դադարեցվի այդ պրոցեսը, որովհետև այդ թափանիվը, որը սկիզբ առավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, մինչև օրս, ցավոք, պտտվում և իր հետևանքն է ունենում»:
Ըստ ԱԺ նախագահի՝ այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի այդ օրվա մասին, քանի որ դա տեղի է ունեցել նրանց իշխանավարման օրոք: «Թե հանրությունը, թե մենք բոլորս շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, թե, օրինակ ինչու ԱԱԾ ղեկավարն այդ օրն ԱԺ-ում չի եղել»,-ասաց նա:
Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ 21 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: