Երբ  թշնամին պատերազմ  սանձազերծեց Արցախի դեմ, 18-ամյա զինծառայող Էդգար Մհերյանը մի քանի ամիս էր, ինչ զինվոր էր, զինակոչվել 2020 թվականի հուլիսի 29-ի, Էդգարն ապագա ծրագրավորող էր․ ճակատագրի բերումով այդ գիտելիքները ևս պետք  եկան ռազմադաշտում։ Պատերազմի օրերին Էդգարն իր զինակից ընկերների հետ թեժ մարտեր  էր մղում Ջրականում, Վարանդայում, Հադրութում, Կարմիր շուկայում։ Վերջին վայրը, որտեղ մարտնչել է էդգարը, Մարտունու շրջանի Քերթ գյուղն էր, որտեղ հոկտեմբերի 30-ին  հերոսաբար զոհվել է։ Նա ընկել է թշնամու ԱԹՍ-ի հասցրած հարվածից։

Երևանի Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցի բակերից մեկում՝ այնտեղ, որտեղ ապրել է հերոսը,  էդգարի հիշատակն անմահացնող հուշաքար ու հուշաղբյուր է բացվել։ Հերոսի քույրը՝ Նոնան, ասում է, հիմա էլ բակում նրա ներկայությունն է զգացվում։
«Պատերազմի օրերին, երբ հեռախոսազանգի միջոցով խոսելու հնարավորություն էր լինում, Էդգարը միշտ ասում էր՝ ապահով տեղում է, աշխատում էր մեզ լարվածության մեջ չպահել մեզ։ Էդգարն արդեն համապատասխան վարժանքներ էր անցել, առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ականանետի հետ կապված՝ բոլոր հմտություններին պիտի տիրապետեր, և ստացվեց այնպես, որ ականանետով առաջին փորձերը եղան ռազմադաշտում», — պատմում է հերոսի քույրը։

Նոնան ասում է՝ 2020 թվականի  հոկտեմբեր ամսվա վերջին օրերին իրենց տեղեկացրել են՝ ԱԹՍ-ի հարվածցից պայթել է մեքենա, որում եղել է նաև Էդգարը։

«Մեզ ասացին՝ Էդգարը ողջ է, վիրավորում ունի։ Մի ամբողջ օր մենք զանգահարում էինք հիվանդանոցներ՝ փորձելով գտնել Էդգարին։ Հետո տեղեկացանք, որ տեղափոխելու են «Մուրացան»-ի հոսպիտալ։ Մենք նրան հոսպիտալի մոտ սպասում էինք, բայց նա այդպես էլ չեկավ, ավելի ուշ նրա մարմինը բերեցին․․․», — պատմում է հերոսի քույրը։

Էդգարի մասին խոսելով՝ քույրը պատմում է՝ նա շատ ուժեղ է եղել, բայց և  նույնքան  բարի։

Դավիթ Գրիգորյանը՝ Էդգարի զարմիկը, պատմում է՝ պատերազմի օրերին Էդգարը  երբեք չէր տրտնջում, չէր պատմում, թե ինչ սարսափազդու գործողություններ են կատարվում ռազմադաշտում։

«Միայն մի անգամ, երբ էդգարի հետ զրուցում էի, ասացի․ «Էդգա՛ր, քո ծնողներն էլ են վատ օրի, անորոշության մեջ են։ Դու գոնե այդտեղ ես գիտես, տեսնում ես՝ ինչ է կատարվում, քո ծնողներն ավելի վատ պայմաններում են, եթե հնարավոր է, մի քիչ ավելի շատ խոսիր իրենց հետ»։ Էդգարի ասած խոսքերը միշտ կհիշեմ, նա ասաց․ «Ընկե՛ր, դուք չեք պատկերացնում այստեղ ինչ է կատարվում, ոչ մի տեղ ավելի վատ չէ, քան այդտեղ»։ Դա միակ նկարագրությունն էր, որ ես հասկացա՝ այնտեղ իրավիճակն, իսկապես, շատ վատ է», — պատմում է  էդգար Մհերյանի զարմիկը՝ նշելով՝ հասարակության մեջ, ցավոք,  շատ սխալ պատկերացումներ  էին ձևավորվել պատերազմի ընթացքի ու հավանական ելքի վերաբերյալ, մինչդեռ մեր հերոս տղաներն այնտեղ հանուն հայրենիքի կռվում էին ամենասարսափելի պայմաններում․․․

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Բալեյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest