Քաղաքացի Էդիկ Մարտիրոսյանին, որին մեկ ամիս առաջ օրը ցերեկով փողոցից ոստիկանները ստիպողաբար նստեցրել էին մեքենա և տարել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, արդեն ազատության մեջ է:

Այսօր հոգեբուժարանի ղեկավարությունը նրան դուրս է գրել:  Էդիկ Մարտիրոսյանն ինքը մեզ տեղեկացրեց այդ մասին: Թեև այս մեկ ամսվա ընթացքում նա կորցրել էր աշխատանքը, բայց և այնպես ուրախ էր ազատության մեջ հայտնվելով:

Forrights.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը ասաց, որ հոգեբուժարանի ղեկավարությունն առավոտյան հանձնաժողովի նիստ է հրավիրել, որոշել են, որ իր վիճակը լավ է և նրան դուրս են գրել: Նրան ազատեցին ՄԻՊ գրասենյակի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության միջամտությունից հետո միայն:

Հիշեցնենք՝ Մարտիրոսյանին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն էին տարել Բաղրամյան փողոցից, շաուրմայի վաճառքի կետի մոտակայքից, որտեղ նա, իր բառերով՝ «կանգնած, շաուրմա էի պատվիրում»: «Եկան, կայնան, խոսակցություն, բան, ուզեցին հրահրել, որ ես իրանց խփեի, բայց ես ոչ մի բան չարեցի, բերեցին ստեղ»,- պատմել էր նա Forrights.am-ին: Հոգեբուժարանում Մարտիրոսյանին ուժեղ դեղեր էին սրսկել և պահանջել էին, որ ինչ-որ փաստաթղթեր ստորագրեր, բայց նա չէր ենթարկվել բժիշկներին: Հոգեբուժարանում գտնվելու ընթացքում Մարտիրոսյանին զրկել էին հեռախոսից: Այն տրամադրվում էր օրական հինգ րոպեով:

Ոստիկանությունից այս արտառոց միջադեպը պարզաբանեցին հետևյալ կերպ. «Քաղաքացին ինքն է ահազանգել ոստիկանությանը: Սկզբում ասել է, որ իրեն ծեծել են, ինչը չի հաստատվել, հետո՝ թե իր շանն են գողացել: Նրա կողմից նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողները և պարզել են, որ ծեծկրտուք չի եղել: Քաղաքացու վարքը ադեկվատ չի եղել: Ոստիկանները  զանգել են շտապօգնություն, բրիգադը եկել է և գնահատելով քաղաքացու վիճակը, նրան տեղափոխել են հոգեբուժարան», — ասված էր ոստիկանության պատասխանում: Իսկ հոգեբուժարանի աշխատողները Forrights.am-ի հարցերին հրաժարվել էին պատասխանել, նշելով միայն, որ քաղաքացուն բերել են, ապա դիմել են դատարան»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը, տեղեկանալով կատարվածի մասին, դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, հայտնելով, որ Մարտիրոսյանին առանց որևէ հիմքի պահում են հոգեբուժարանում:

Մարդու իրավունքների գրասենյակը արձագանքեց իրավապաշտպանի ահազանգին և վարույթ հարուցեց քաղաքացի Էդիկ Մարտիրոսյանին ապօրինաբար ու բռնի կերպով «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու դեպքի առիթով:

ՄԻՊ գրասենյանկից Forrights.am-ի հարցմանը պատասխանեցին. «Պարզվել է, որ օրենսդրական թերությունների և անթույլատրելի պրակտիկայի պատճառով ոտնահարված են քաղաքացու իրավունքները, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը։ Հաշվի առնելով, որ անհրաժեշտ են օրենքով պահանջվող գործողություններգործի մանրամասները վեր հանելու համար, Պաշտպանի նախաձեռնությամբ նախաձեռնվել է վարույթ»։

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների այցից հետո Մարտիրոսյանի բջջայինը վերադարձրել էին, նրան փաստաբան էին տրամադրել: «Ես գնացի երեկ հոգեբուժարան և պարզեցի, որ իմ պաշտպանյալին այնտեղ անիմաստ, առանց որևէ հիմքի պահել են: Նա առողջ մարդ է, նորմալ դատողությամբ: Զարմանալի էր ինքնին այդ փաստը, որ նա հայտնվել էր այնտեղ:  Հոգեբուժարանի անձնակազմը ինձ որևէ հիմք չի  ներկայացրել, չի պատասխանել, թե ինչ հիմքով է պահում Էդիկ Մարտիրոսյանին», — ասաց Մարտիրոսյանի փաստաբան, հանրային պաշտպան Հրաչ Թորոսյանը:

Ի՞նչ հետևանքներ կունենա այս միջադեպը, արդյոք կքննվ՞ի, արդյոք ոստիկաններն ու հոգեբուժարանի աշխատակիցները պատասխանատվության կենթարկվեն քաղաքացուն առևանգելու և անազատության մեջ ապօրինաբար պահելու համար: Պետք է որ: Հակառակ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուրիս օրը ցերեկով, ուղիղ փողոցից, խախտելով օրենքը, կարող են բռնել, առանց որևէ հիմքի տանել հոգեբուժարան ու այնտեղ պահել մեկ ամիս:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest