Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները:
Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։ Մյուս հարցն առնչվում է որոշ սահմանափակումներ նախատեսող դրույթներում իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ հանգեցնում են Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի անհամաչափ սահմանափակմանը, ինչպես նաև չեն համապատասխանում միջազգային պրակտիկային և մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Խնդիրն այն է, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։
Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:
Դիմումում Պաշտպան անդրադարձել է նաև նրան, որ անորոշ կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:
Լրագրողների աշխատանքի խոչընդոտները, ընդհուպ մինչև լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով կամ քաշքշելով մասնագիտական աշխատանքի իրականացումն առանց հիմնավորումների արգելելու պրակտիկան դիմումում հիմնավորվել է կոնկրետ օրինակներով:
Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն):
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքի պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:
Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:
Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների հստակ սահմանների, դրանց բնույթի, նպատակի, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում իրենց համար առաջացող կամ առաջանալիք բացասական իրավական հետևանքների վերաբերյալ:
Դիմումում արձանագրված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քննարկումներ է իրականացրել ԱԺ աշխատակազմի հետ: Ներկայացված է նաև, որ ԱԺ նախագահի հետ խնդիրները քննարկել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, այն վիճակում է, որ պետք է լուծում ստանա ՍԴ որոշման տիրույթում:
Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,-գրել է նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: